Աշոտ Սարգսյան. Ղարաբաղյան շարժման 35-ամյակ. խոհեր, արձանագրումներ, փաստեր

3540

Լրանում է Ղարաբաղյան համազգային շարժման 35-ամյակը։

Մեծանուն Հովհաննես Թումանյանի՝ ավելի քան 100 տարի առաջ ասած իմաստուն քաղաքական մի խոսքն այսօր էլ խիստ այժմեական է (գուցեեւ` ընդհանրապես անժամանցելի) պատմական այս ժամանակաշրջանը իմաստավորելու, գնահատելու համար։ Ստորեւ, փոքր-ինչ ընդարձակ կոնտեքստով, առանձնացնում ենք դրա այն մասը, որում նա որպես եզր բանաձեւում, յուրովի իմաստավորում է «իրար հակառակ» ժողովուրդ եւ ամբոխ հասկացությունները։

«Դեռ ալեկոծության մեջ ենք, եւ մենք, հայերս դեռ լավ չենք տեսնում ու զգում էն ահռելի աղետը, որին ենթարկվեցինք մեծ պատերազմի սկզբից մինչեւ էսօր եւ որը, տարաբախտաբար, դեռ չի վերջացել։

Ես էսպես ընդհանրացնում եմ, խորապես համոզված, առանց սակայն վերացնելու էն ծանր պատասխանատվությունը, որ ընկնում է Հայաստանի նախկին կառավարության եւ ղեկավար կուսակցության վրա, որոնց մեջ էդ արատներր, ինչպես բացվում է հետզհետե, անցած են եղել ամեն չափից ու սահմանից։ Էսպեսով ես բնավ համաձայն չեմ էն մարդկանց հետ, որոնք մեր դժբախտությունների պատճառները մեզանից դուրս են որոնում առհասարակ, մեր  պակասությունները թողնելով միմիայն մեր տկարությանը…

Իմ կարծիքով սուտ է, որ ասում են՝ ամեն մի կառավարություն արժանի է իր ժողովրդին։
Ընդհակառակը՝
առհասարակ կառավարությունները արժանի չեն իրենց ժողովուրդներին, եւ շատ քիչ կառավարություն կարող է լինել, որ [շատից քչից] արժանի լինի իր ժողովրդին եւ լինի իր ժողովրդի հետ ու նրա ներկայացուցիչը։ Օրինակ էնպես, ինչպես բանաստեղծը…

Ասում եմ՝ ժողովրդի, ո՛չ թե ամբոխի։ Որովհետեւ շատերը ժողովուրդն ու ամբոխը շփոթում են իրար հետ։ Սրանք իրար հակառակ բաներ են։ Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ հիմար։ Ժողովուրդը ծանր է, ամբոխը՝ թեթեւ։ Ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր չար։ Ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան։

Ու սովորաբար կառավարություններից շատերին ամբոխն է պետք, բանաստեղծին՝ ժողովուրդը։

Ժողովուրդը խաղաղասեր է, ամբոխը՝ կռվարար։ Եվ ամբոխամիտ ու ամբոխավար մարդիկ երբեմն ամբոխի գլուխն անցնելով, որ մի շատ հեշտ բան է, տիրում են ժողովրդին ու նրան գցում էն տեսակ զանազան կրակների ու կռիվների մեջ, որ նա չի էլ երազել» (Հ. Թումանյան, «Մոտիկ բարեկամը լավ է, քան հեռու բարեկամը», ԵԼԺ, հ. 7, էջ 409)։

***

Ոչ մի ազգ, բնականաբար, չի ստեղծվել որպես ժողովուրդ, եւ ոչ մի ազգ ի սկզբանե չի ստեղծվել որպես ամբոխ՝ թումանյանական բնորոշումների որակներով։ «Իրար հակառակ» այդ որակները այս կամ այն պայմաններում կարող է ունենալ նույն ազգ-հանրույթը։ Իսկ վերջինս այդպիսին դառնում է ոչ ինքնաբերաբար, այլ երրորդ մի գործոնի ջանքերով, որին Թումանյանը կոչում է «կառավարություն» (այս դեպքում նույնն է, ինչ՝ «իշխանություն»)։ Ընդ որում՝ հասարակական մտածելակերպն ու պատկերացումները ձեւավորող այդ գործոնը կարող է լինել պաշտոնական իշխանությունը, երբ առկա է ազգային պետականությունը, կամ՝ տարբեր ազգային կառույցներ, կազմակերպություններ, ազգային մտավորականությունը՝ երբ չկա այդ պետականությունը։

Այսինքն՝ այստեղ Թումանյանը «ամբոխն» ու «ժողովուրդը», ըստ էության, ոչ թե որպես առարկա (գոյական), այլ որպես առարկայի՝ ազգի հատկանիշ (ածական) է դիտում։

Ըստ այսմ, հիմք ընդունելով թումանյանական քաղաքական իմաստավորումը, հետագա շարադրանքի ընկալման դյուրության համար կազմենք պայմանական մի փոքրիկ բառարան.

Ազգ – հանրույթ, որն ունի մտածողության, պատկերացումների երկու բեւեռ՝ բանական եւ զգացական։

Ժողովուրդ – ազգ-հանրույթ, որում մտածողության, պատկերացումների ծանրության կենտրոնը տեղափոխված է դեպի բանականության բեւեռ։

Ամբոխ – ազգ-հանրույթ, որում մտածողության, պատկերացումների ծանրության կենտրոնը տեղափոխված է դեպի զգացումների, հույզերի բեւեռ։

Թյուրընկալումների տեղիք չտալու համար շեշտենք հատուկ, որ հետագա շարադրանքում «ամբոխ» բառը վիրավորական իմաստ չունի, այլ որպես իռացիոնալ մտածողության ու պատկերացումների հատկանիշ է գործածվելու։

***

«Աղետը», որի մասին խոսում է Թումանյանը 1920 թ. վերջերին արած այս արձանագրմամբ, համարում է հետեւանքն այն բանի, որ ժամանակի իշխանությունը եւ իշխող քաղաքական ուժը հայ ազգ-հանրույթի մտածողության ու պատկերացումների ծանրության կենտրոնը առավելագույնս մղած է եղել  զգացումների եւ  հույզերի բեւեռ՝ նրան օժտելով ամբոխի որակով։

Ինչպե՞ս է տեղի ունենում, որ  նույն ազգ-հանրույթի վարքագծի հիմքում մի դեպքում դրվում է բանականությունը, ռացիոնալ մտածողությունը, մի այլ դեպքում՝ հույզն ու զգացումը, իռացիոնալը։

Ակնհայտ է, որ ցանկացած ազգի վրա իրոք «մի շատ հեշտ բան է» իշխանության հասնել  ներգործելով զգացումների ու բնազդների դաշտում՝ նրան ամբոխի վերածելով, քան բանականության, տրամաբանության, իրատեսական քաղաքական հաշվարկի՝  նրան ժողովուրդ դարձնելով։

Առաջին դեպքում պետք է ընդամենը մեկ-երկու գրավիչ ու ամբոխահաճ կարգախոս, որ առավելագույնս կշոյի ու կգրգռի  ազգ-հանրույթի սոցիալական (լավ ապրելու ձգտում) կամ ազգային (մարդու ինքնության առաջնային հիմքը) զգացումները՝ «ամբոխամիտ ու ամբոխավար» մարդկանց համար դարձնելով հեշտ կառավարելի։ Բոլշեւիկյան հեղաշրջումը Ռուսատանում տեղի ունեցավ «գործարանը բանվորին, հողը՝ գյուղացուն» կարգախոսով եւ համաշխարհային հեղափոխության հասնելու փքուն նշանաբանով։ Գերմանիայում նացիոնալ-սոցիալիզմը  հաստատվեց գերմանական ազգի «ընտրյալ», «արիական» լինելու ու մյուսների վրա տիրապետելու իրավունքի կարգախոսներով։

Որքան ծայրահեղ են, բանականությունից, տրամաբանությունից ու իրատեսական հաշվարկից հեռու նման կարգախոսների վրա կառուցված գաղափարախոսությունները, այնքան ավելի բռնապետական ու դաժան են դրանց վրա հենված ռեժիմները։ Տոտալ քարոզչությունը ու դրան ուղեկցող պետական բռնությունը տվյալ գաղափարախոսությունը ազգի համար վերածում է կրոնական հավատի, իսկ այդ հավատի «սպասավորների» համար դառնում է մշտական իշխանության «օրինակարգության» հիմք։

Այսինքն, ամբոխի առաջնային հատկանիշը խառնաշփոթն ու անկառավարելիությունը չէ, ինչպես ընդունված է պատկերացնել։Ամբոխը կարո՛ղ է լինել անկառավարելի, բայց նաեւ խիստ կազմակերպված, երբ նրա վրա վերջնական իշխանության են հասնում «ամբոխամիտ եւ ամբոխավար մարդիկ» ու բռնապետական ռեժիմ ստեղծում։ Նման ռեժիմները հենվում են երկու  հիմքի վրա.

Առաջին՝ պարզունակ, ինքնությունը շոյող գրգռիչ կարգախոսներով ազգ-հանրույթին տրված մտածողությունն ու պատկերացումները, որ «միակ ազգային» կամ «վերազգային» լինելու գաղափարախոսության է վերածվում՝ երկրի ներսում անողոք պատերազմ հայտարարելով ամեն տեսակ այլախոհության ու բանականի։

Երկրորդ՝ մահացու վտանգ ներկայացնող «մշական թշնամու», «անողոք ոսոխի» կերպարը, որ ստեղծվում է նույն այդ գաղափարախոսության շրջանակներում եւ որի դեմ կենաց ու մահու պայքար («հարատեւ կռիվ») պետք է մղել մինչեւ վերջնական հաղթանակ։

Այդպիսի գերկազմակերպված ամբոխի էր վերածված գերմանական ազգ-հանրույթը նացիզմի տարիներին, այդպիսի ամբոխի էր վերածված խորհրդային հասարակությունը կոմունիստական տասնամյակներում։

Հայ իրականության մեջ Թումանյանի նշած ժամանակի համար այդ կարգախոսը «Ծովից-ծով Հայաստանն» էր, նվազագույնը՝ «Սեւրի պայմանագիրը» կամ «Վիլսոնյան Հայաստանը»։ Արդյունքը՝ այն «ահռելի աղետը», որի վերջը նա դեռ չէր տեսնում 1920-ի վերջերին։

Ոչ մի ազգ-հանրույթ ապահովագրված չէ աղետների վտանգից, քանի դեռ իշխանության գալու համար հարյուրապատիկ հեշտ է սոցիալական եւ ազգային դեմագոգիայով ազգն ամբոխի վերածելու, քան բանական ու տրամաբանական խոսքով, իրական քաղաքական մտածողությամբ օժտելով ժողովուրդ դարձնելու ճանապարհը։ Առաջին ճանապարհը դյուրին վայրէջք է՝ հոսանքին տրվելու, այն մեծացնելու, իրեն ծառայեցնելու գայթակղությամբ, բայց նաեւ ազգն արհավիրքի հասցնելու անխուսափելի վերջնարդյունքով։ Երկրորդը դժվարին վերելք է՝ հաճախ հոսանքին դեմ գնալու անհրաժեշտությամբ, խոչընդոտներով լի մի ճանապարհ, բայց միայն այդ կերպ կարելի է դնել ազգի ներկան ու ապագան ապահովող ու երաշխավորող կենսական, առարկայական հիմքերը։

***

1988-ի փետրվարից սկսվեց Ղարաբաղյան շարժումը։

Առաջին հանրահավաքների նախաձեռնողներից եւ մասնակիցներից մինչեւ Խորհրդային Միության առաջին դեմքը եւ աշխարհում որեւէ մեկը չէին կարող պատկերացնել, թե ինչ ծավալ, ընդգրկում կստանա այդ շարժումը, առավել եւս՝ ինչպիսի ներգործություն կունենա ոչ միայն ԽՍՀՄ-ի, այլեւ՝ ընդհուպ աշխարհաքաղաքական զարգացումների, համաշխարհային պատմության ընթացքի վրա։

Առաջին երեք ամիսների համար դժվար է այն միանշանակ բնորոշել որպես ազգային, ազգայնական, ժողովրդավարական, սոցիալական, ազգային-ազատագրական թե մի այլ հատկանիշով։ Ամեն ինչ կար՝ բանական ու տրամաբանական խոսքից մինչեւ սոցիալական եւ ազգայնական ուղղվածության ելույթներ, իրատեսական հաշվարկից ու զգուշավորության կոչերից մինչեւ ալեկոծվող հույզեր եւ սրված զգացումներ, «պատմական արդարությունից», «Ծովից – ծով Հայաստանից» մինչեւ «Վերակառուցում» եւ «Լենին – Պարտիա – Գորբաչով»։ Ու բոլոր դեպքերում՝ պարզ, անկեղծ ու բնական։ Դա ազգ-հանրույթի համար ընդհանուր խմորման, այսպես ասենք, ելակետային մի շրջան էր՝ «իրար հակառակ» ժողովուրդ եւ ամբոխ բեւեռների մեջ զրոյական մի կետ։

Քիչ անց պարզ դարձավ, որ այդ կերպ շարունակելու դեպքում օրակարգի պաշտոնական միակ՝ Լեռնային Ղարաբաղի հարցը մտնում է փակուղի եւ հանգեցնում անխուսափելի ճամփաբաժանի. կա՛մ տրվել ազգայնական, դյուրամարս ու գրգռիչ կարգախոսների, ինչը Շարժման ծանրության կենտրոնը կտեղափոխեր դեպի հուզական-զգացական բեւեռ, կա՛մ դրանց հստակ մերժում ու համբերատար, հետեւողական, դժվարին աշխատանքով հանրային մտածողության ծանրության կենտրոնը տեղափոխել դեպի բանականության, տրամաբանության, իրատեսական հաշվարկի բեւեռ։

Մայիսի 20-ին, Շարժման ղեկավար մարմնի՝ «Կազմկոմիտեի»  փաստական ղեկավար Իգոր Մուրադյանը, անելանելիության զգացումների եւ հույզերի տրված,  իր անունից հրավիրած հանրահավաքում կոչ արեց հաջորդ օրը հավաքվել՝ զինված բենզինի շշերով ու մետաղաձողերով եւ հարձակվել Նախիջեւանի վրա։

Սա այն ճանապարհն էր, որով խմորում ապրող ազգ-հանրույթը ամբոխի էր վերածվելու։

Ու անկախ այն բանից, որ Շարժումն արդեն բավականաչափ միջազգային հնչեղություն, աջակցություն եւ դրական համարում ուներ, այս դեպքում ոչ մեկն աշխարհում խորհրդային իշխանությանը չէր մեղադրելու, եթե նա ամենադաժան հակազդմամբ ճզմեր, արմատախիլ աներ Շարժումը ու դրանով «լուծեր» նաեւ Ղարաբաղի հարցը։

Ինչպիսին որ էր Շարժումը՝ բանականից մինչեւ ծայրահեղ հուզական բեւեռներով, նույնպիսին էր նաեւ նրա ղեկավար մարմին «կազմկոմիտեն», որը մոտ 25 անդամ ուներ։ Հաջորդ օրը դրա կազմից յոթ հոգի (Համբարձում Գալստյան, Վազգեն Մանուկյան, Սամսոն Ղազարյան, Վանո Սիրադեղյան, Աշոտ Մանուչարյան, Սամվել Գեւորգյան եւ Ալեքսան Հակոբյան) Ի. Մուրադյանի այդ կոչի դեմ հանդես եկան կոշտ հայտարարությամբ՝ այն որակելով «արկածախնդրական»։  Մյուսները, կարծես, ձեռնպահ մնացին որեւէ կողմ թեքվել։

Ղեկավար մարմնում սկսված ճգնաժամը հանգուցալուծվեց  բանական մոտեցման հաղթանակով. մայիսի 31-ին ձեւավորվեց Շարժման նոր ղեկավար մարմին՝ «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե» պաշտոնական անվամբ (նրա համար զուգահեռ շարունակեցին օգտագործել տարածված «Ղարաբաղ» կոմիտե կարճ անվանումը)։ Այս Կոմիտեն 11 հոգուց էր բաղկացած. վերոհիշյալ 7 հոգուց բացի Շարժման ղեկավար մարմնում ընդգրկվեցին նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը, Դավիթ Վարդանյանը, Ռաֆայել Ղազարյանը։ Հանրահավաքը հաստատեց այդ կազմը, որը եւ անփոփոխ գործեց մինչեւ վերջ։

Նոր Կոմիտեն հստակություն մտցրեց գործելակերպի եւ առանցքային քաղաքական հարցերում։ Հայտարարվեց, որ Արցախի խնդիրը պետք է հետապնդվի ոչ թե հողային պահանջատիրության հարթությունում, այլ բացառապես որպես ազգի ինքնորոշման հարց եւ խարսխվի ընդհանուր ժողովրդավարական խնդիրների լայն հիմքի վրա։ Որպես գործելակերպի սկզբունք հռչակվեց պայքարը միայն գործող Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում տանելը։ Նկատի ունենալով տեւական պայքարի հեռանկարը՝ Կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծվեց նաեւ Շարժման քաղաքական կառույցը՝ Հայոց համազգային շարժումը (ՀՀՇ)՝ կազմակերպվածության մակարդակի բարձրացման համար։ Շարժման Ծրագիրը մանրամասն մշակված ընդարձակ քաղաքական փաստաթղթի տեսքով հրապարակվեց քիչ անց՝ օգոստոսի 19-ին։

Հայոց համազգային շարժման Ծրագիրն առաջինն է հայ իրականության մեջ, որ կազմվել է հայաստանյան հողի վրա, եւ միակն է, որ ամբողջությամբ իրականություն դարձվեց իր բոլոր կետերով։ Այն իր գաղափարական հիմնադրույթներով հակադրվում էր մինչ այդ (վերջին 2-3 դարերում) եղած բոլոր ազգային-քաղաքական ծրագրերի հիմնադրույթներին եւ հասարակական պատկերացումներում գերիշխող ու ավանդաբար սրբագործված պատկերացումներին։

Սա երկրորդ ճանապարհն էր, որով նույն ազգ-հանրույթի մտածողության ու պատկերացումների ծանրության կենտրոնը մղվելու էր դեպի բանականության, իրատեսության ժողովրդաստեղծ բեւեռ։

Արդեն միջազգային ճանաչման արժանացած Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդական շարժումը սրանով բազմապատկեց իր նկատմամբ ուշադրությունը եւ դրական վերաբերմունքն աշխարհում։ Կազմակերպվածության, օրինականության եւ ընդհանուր ժողովրդավարական խնդիրների հիմքի վրա դրվելով՝ այն նաեւ «վերակառուցվող» Մոսկվայի համար դժվարացրեց Շարժումը շատ կոշտ մեթոդներով ճնշելու կամ զսպելու հնարավորությունը։

Սակայն քաղաքական այդ հստակեցումներով Շարժումը ձեռք բերեց նոր հակառակորդներ, վտանգավոր հակառակորդներ՝ հենց ազգ-հանրույթի ներսում։

Հայկական եւ ԽՍՀՄ այլ հանրապետություններում, ապա Արեւելյան Եւրոպայում ծայր առած ժողովրդավարական շարժումների համար (դրանք սկսվեցին Ղարաբաղյան շարժման անմիջական ազդեցությամբ, նրանից մոտ կես տարի անց) հիմնական հակառակորդ էր Մոսկվայի կենտրոնական իշխանությունը, ու դա բնական էր։

Ղարաբաղյան շարժման համար այժմ, բացի Կենտրոնից, մոլի հակառակորդներ դարձան.

  • Հայաստանի կոմունիստական իշխանությունը,
  • Հայ մտավորականությունը՝ ի դեմս իր պաշտոնեության (նոմենկլատուրային մտավորականությունը),
  • Սփյուռքի կուսակցությունները,
  • Քիչ անց (եւ հատկապես 1989 թ. ամռանից) Հայաստանում սնկի նման աճած 4-5 տասնյակ այլազան «ազգային կազմակերպությունները»։

Սրանք հենվում էին նույն՝ հայդատական/պահանջատիրական գաղափարախոսության վրա՝ «ազգային» եւ «հայրենասիրական» կարգախոսներով ու պահանջներով։ Անգամ Կոմկուսը սկսեց իր խոսույթում ու քարոզչության մեջ հայդատականի նման տարրեր մտցնել։ Հաճախ շատ պարզ երեւում էր նաեւ նրանց ներքին կապը, համաձայնեցված պայքարը Ղարաբաղյան շարժման դեմ։

ԽՍՀՄ մյուս հանրապետություններում նման բան, ըստ էության, գոյություն չուներ։ Այսինքն, ի տարբերություն վերջինների, Հայկական ժողովրդավարական շարժման պայքարը պետք է ընթանար ոչ միայն Կենտրոնի դեմ, այլ միաժամանակ նաեւ «ներքին» այս չորս ճակատներում։ Եւ, ծանրագույն այս բեռն ուսերին, հայկական Շարժումը կարողացավ ԽՍՀՄ-ում եւ Արեւելյան Եվրոպայում ծավալված ժողովրդավարական շարժումների մեջ պահել առաջինը, ավագը լինելու իր դերը՝ բոլոր չափորոշիչներով։

Հաջողության հասնելու միակ գրավականը հասարակության՝ ազգ-հանրույթի մտածողության ու պատկերացումների ծանրության կենտրոնը առավելագույնս բանականության, տրամաբանության բեւեռ տեղափոխելն էր, նրանից ժողովուրդ կերտելը։ Սա այն ամենամեծ, ամենակարեւոր, հիմնաքարային, բայց նաեւ ամենաչերեւացող ու չգնահատված գործն էր, որ, հընթացս ամենօրյա ու առօրյա բազմաթիվ այլ խնդիրների լուծման, ամենաբարձր արվեստով կարողացավ անել «Ղարաբաղ» կոմիտեն։

Շարժման տարիներին Ազատության հրապարակի համար այլ որակումների կողքին «քաղաքական բաց համալսարան» լինելն ամենաբնորոշիչն է։ Ի տարբերություն ամենօրյա խնդիրներին վերաբերող ելույթների, Կոմիտեի անդամների՝ քաղաքական համալսարանի ելույթ —  «դասախոսությունները», որպես կանոն, բուռն օվացիաներով չէին ուղեկցվում։ Հրապարակում ավանդական պատկերացումների իներցիան դժվարությամբ էր տեղի տալիս։ Չունենար Կոմիտեն իր գործունեությամբ վաստակած մեծ հեղինակությունն ու անվերապահ վստահությունը, նման ելույթներին կարող էին նաեւ սուլել։

Քաղաքական կրթություն տալն ամենօրյա գործ էր, քանի որ ամենօրյա էր նաեւ սադրանքների վտանգը։ Իշխանությունը շատ լավ հասկանում էր, որ իր «ձեռքերին ազատություն տալու» համար որեւէ կերպ մարդկանց հունից հանելն ու հակաօրինական գործողությունների մղելն է։ Ղարաբաղի հարցով աննպաստ մի որոշում, կենտրոնական կամ տեղական իշխանության պաշտոնյայի սադրիչ մի խոսք, մամուլում այդպիսի մի հոդված, Ղարաբաղում Ադրբեջանի մի ապօրինություն (էլ չխոսած ՊԱԿ-ի (ԿԳԲ) ջանքերով կազմակերպված սադրանքների մասին) հաճախ դառնում էին այն կայծը, որից պրկված նյարդերով  հարյուր հազարանոց հանրահավաքն ընդհուպ մոտենում էր անկառավարելիության, ամբոխի վերածվելու եզրին։

«Կոմիտեն» երբեք չգնաց հասարակական տրամադրությունների կամ պատկերացումների ընթացքով, այլ ինքն էր ուղղորդում Շարժումը, հաճախ՝ կտրուկ շրջադարձերով, երբեմն նաեւ հոսանքի դեմ գնալով ու հաղթահարելով նույն այդ պատկերացումների ծանր իներցիան։

Շարժման տարիներին ոչ մի անգամ, որեւէ սադրանքով հնարավոր չեղավ ամբոխի վերածել Ազատության հրապարակը։ Այստեղ երկու-երկուսուկես տարվա ընթացքում ազգ-հանրույթից ԺՈՂՈՎՈՒՐԴ կերտվեց՝ այս բառի թումանյանական իմաստավորմամբ։

Եւ դա ամենաբարդ պայմաններում ապահովեց Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդական շարժման շարունակականությունը, զանգվածայնությունը եւ փայլուն հաղթանակը՝ առարկայացած ոչ միայն Արցախի փրկության եւ անվտանգության երաշխիքների ստեղծման, այլ նաեւ Հայաստանի անկախության ու պետականության կառուցման տեսքով։

1990 թ. ամռանը կոմունիստական վարչակարգի դեմ հաղթանակ տարած Շարժման իշխանությունը հետեւողականորեն շարունակեց ազգի մտածողության եւ պատկերացումների ծանրության կենտրոնը բանականության բեւեռ մղելու իր ամենակարեւոր ուղեգիծը եւ ամենօրյա ջանքերը։ Ամբոխածին կարգախոսներով ազգայնականությունը մղվեց քաղաքական կյանքի լուսանցք եւ որեւէ ազդեցություն չունեցավ գործնական քաղաքական կյանքի վրա։ Առանց ազգայնականության չեզոքացման անհնար պիտի լինեին պատերազմական հաղթանակները, պետականության կառուցումը, դժվարագույն խնդիրների եւ մարտահրավերների հաղթահարումը։ Այդ հիմքի վրա է, որ ձեռք բերվեցին այն քաղաքական արդյունքները, որ նախապես աներեւակայելի էին հանրապետության ունեցած նվազագույն ռեսուրսների, ահռելի խնդիրների, ծանր մարտահրավերների ու խուլ շրջափակման պայմաններում։ Հենց պետական քաղաքականության մեջ ազգայնականության մերժմամբ լուծվեցին նույն այդ ազգայնականության հռչակած ու տապալած խնդիրները։ Եւ սա ոչ թե պարադոքս է, այլ փաստ, ու ավելի քան բնական։ 1988-1998 թթ. քաղաքական այդ արդյունքները բացառիկ են մեր առնվազն վերջին հազարամյակի պատմության ոչ միայն որեւէ տասնամյակի, այլ նաեւ ժամանակագրորեն շատ ավելի ընդգրկուն որեւէ դարաշրջանի համեմատությամբ։

1998-ի իշխանափոխությունը դավադրական պետական հեղաշրջում էր՝ ազգայնական- հայդատական, զգացական-«հերոսական» իռացիոնալ կարգախոսներով։ Հարցը վերաբերում էր Ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային խաղաղ կարգավորմանը։

Դա անակնկալ էր…

Անակնկալ էր, քանի որ այդ կարգախոսներով Հանրապետության նախագահին ընդդիմացողները ոչ թե նման կարգախոսների մշտական կրող նրա «ավանդական» ընդդիմությունն էր, այլ իր երկարամյա քաղաքական գաղափարակից թիմակիցներն էին, իր իսկ իշխանության առանցքային պաշտոնյաները եւ Ղարաբաղի ղեկավարությունը՝ մարդիկ, ովքեր մինչ այդ մշտապես պաշտպանել էին նրա ինչպես ընդհանուր քաղաքական, այնպես էլ՝ փոխզիջումների հիման վրա ղարաբաղյան կարգավորման ուղեգիծը։ Այնպես որ, նրանց այդ քայլը, տվյալ պահին, ընդդիմացողներից յուրաքանչյուրի համար նախ՝ դավաճանություն էր սեփական քաղաքական կենսագրությանը եւ սկզբունքներին, իսկ իր ունենալիք ու ունեցած ծանրագույն հետեւանքներով՝ իրական դավաճանություն էր նաեւ երկրին, պետությանը։

Այդ նույն անակնկալի առջեւ ժողովուրդը շփոթվեց։

Ապավինելով միայն հռչակած ազգայնական, արտաքուստ «հերոսական» կարգախոսների, դավադիրները, ի հեճուկս Նախագահի հորդորների, չհամարձակվեցին ոչ միայն հրապարակային առարկայական բանավեճի մեջ մտնել, այլեւ վստահություն չունեցան անգամ մեկ հանրահավաք հրավիրել՝ հանրային աջակցություն ստանալու կամ գեթ դրա երեւույթն ստեղծելու համար, եւ դա փաստ է։ Չարեցին, բնականաբար, նման աջակցության հնարավորությունը չտեսնելով. շփոթված ժողովրդի պարագայում դա ռիսկային էր։ Առավելագույնը, որ համարձակվեցին անել՝ «Կինոյի տան» մի քանի հարյուր «մտավորականության» ողորմելի ու հիստերիկ խառնաժողովը կազմակերպելն էր։ Փաստ է նաեւ այն, որ հանրահավաքներով ընդդիմանալու փորձ չարեց նաեւ ընդդիմությունը։

Այնպես չէ, որ հասարակությունը միարժեք կողմ էր առաջարկվող փոխզիջումային լուծմանը, եւ դա հասկանալի է. ամեն մեկը չէ, որ կարող էր կամ պարտավոր էր իմանալ խնդրի նրբությունները։ Սակայն իշխանության ներսում նման երկփեղկվածության հանդիման առաջին պլանում շփոթվածություն էր։

Դավադիրները չդիմեցին ժողովրդին, որովհետեւ նրանց խնդիրը Արցախը չէր։ Նրանց խնդիրը իշխանության հասնելն էր, ինչի համար էլ նախընտրել էին ոչ թե հասարակական աջակցությամբ քաղաքական պայքարի, այլ ռազմական հեղաշրջման ճանապարհը։ Այդ մասին հստակ ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարականի իր  հայտարարության մեջ։ Այդ մասին ավելի ուշ, միմյանցից անկախ, պարզորոշ վկայեցին նաեւ իրենք՝ այդ հեղաշրջման կազմակերպիչներ Վազգեն Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը։

Սահմանադրական իր լիազորություններից օգտվելու դեպքում քաղաքացիական պատերազմի ու, որպես դրա անխուսափելի հետեւանք՝ Արցախի կորստյան իրական վտանգի առջեւ Հանրապետության նախագահը հրաժարական տվեց։

Դրանով տրամագծորեն փոխվում էր այն ուղեգիծը, որ որդեգրվել էր 1988-ից եւ անշեղ շարունակվել՝ հիմքում ունենալով Շարժման քաղաքական արժեքային համակարգը եւ սկզբունքները։ Այդ կերպ իշխանության եկածները, բնականաբար, պետք է գնային նույն այդ հակառակ ուղեգծով կամ ճանապարհով, ինչը եւ իր դրսեւորումը պիտի ունենար ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ։

Արտաքին քաղաքականության մեջ դա Ղարաբաղյան հակամարտության հարցում «ստատուս քվոն» ամեն գնով  պահպանելու ռազմավարությունն էր՝ արտաքուստ պահելով հանդերձ կարգավորման բանակցությունների քողը։

Ներքին քաղաքականության մեջ առանցքային խնդիր դարձվեց «հայրենասիրական», հայդատական կարգախոսներով («ոչ մի թիզ հող», «Քուռ-Արաքսյան հանրապետություն», «Արցախի հարցը լուծված է» եւ այլն) տրամագծորեն փոխել ազգ-հանրույթի մտածողության ու պատկերացումների ուղղությունը՝ այն տանել դեպի զգացական, հուզական՝ ամբոխածին բեւեռ։ Դրան լծվեց քիչ անց իշխանության լիակատար վերահսկողության տակ հայտնված էլեկտրոնային եւ տպագիր զանգվածային լրատվական միջոցների դաշտի մեծագույն մասը։ Դիմադրողները («Ա-1+», «Նոյան տապան») փակվեցին։ Առաջնային խնդիրը նախորդ տասնամյակը նսեմացնելը, սեւացնելն էր։ Առաջին անգամ հայտնվեցին Շարժման հերոսական տասնամյակը մրոտելուն ուղղված «ցրտի ու մթի տարիներ» ու նմանատիպ այլ որակումները, «հոսանքը հողին տալու», «մազութը լափելու» բնույթի ցնդաբանությունները, «Լեւոնին հակառակ տարած հաղթանակների» մասին անհեթեթությունները, որ կրկնվում էին ամեն օր, ամեն առիթով։ Ակադեմիական հիմնարկները, բուհերը այդ շրջանի պատմությունը կեղծելու, ուրանալու, նսեմացնելու իշխանական պատվեր ստացան։ Հենց այդպես էլ կազմվեցին դպրոցական ու բուհական դասագրքերը՝ արդեն պատանեկան տարիքից խեղելով նաեւ նոր սերնդի մտածողությունն ու պատկերացումները։

Այս ամենը մարդկային նախանձի, չուզողության, վրեժխնդրության կամ այլ զգացումների արդյունք չէին սոսկ։ Դա կենսականորեն անհրաժեշտ էր՝ առավելագույնս նսեմացնելու համար 90-ականների պատմական իրականության եւ իրաղությունների այն եզրը, որի հետ համեմատության մեջ իրենք մեծ հաշվով տանուլ պիտի տային բոլոր առումներով, ու դա շատ լավ գիտակցում էին ի սկզբանե։

Թե ինչ կործանարար հետեւանքների էր բերելու Արցախի հարցում ժամանակ ձգելու այդ ուղին՝ մինչ այդ մի քանի անգամ մանրակրկիտ հիմնավորել ու հստակ զգուշացրել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, վերջին անգամ՝ հրաժարականի իր հայտարարության մեջ, մասնավորապես՝ որ ժամանակն աշխատելու է հակառակորդի օգտին։

ԱՄՆ Պետդեպի վերջերս գաղտնազերծված կարեւոր փաստաթղթերը վկայում են, որ նույն տեղեկատվությունը ամբողջությամբ ստացել եւ ունեցել են նաեւ դավադիրները ու արհամարհել են ոչ թե դրանց համոզիչ չլինելու պատճառով, այլ որովհետեւ այլ են եղել իրենց մտահոգությունների ելակետն ու գործողությունների շարժառիթը։ Համենայն դեպս, ՌԴ արտգործնախարար Ե. Պրիմակովը դեռ 1998 թ. հունվարի սկզբին ԱՄՆ փոխպետքարտուղարին վստահաբար տեղեկացնում է (ոչ թե կարծիք է հայտնում, այլ տեղեկացնում է), որ Ռ. Քոչարյանը խնդիր է դրել Հայաստանի նախագահ դառնալ։ Այլ խոսքով, եթե այդ փաստաթղթերն ունենային քաղաքական մի ամփոփում, ապա այն պիտի լիներ նույնը, ինչ ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարականի իր հայտարարության մեջ. «Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ»։

Ժամանակն, իրոք, աշխատեց Ադրբեջանի օգտին՝ բազմակի մեծացնելով Հայաստանի նկատմամբ նրա տնտեսական ու ռազմական հզորությունը։ Նույնը նաեւ դիվանագիտական ճակատում. հանուն իր խոցելի օրինակարգությամբ իշխանության պահպանման՝ Ռ. Քոչարյանը զոհաբերեց Արցախի հակամարտության կողմի միջազգայնորեն ճանաչված մանդատը՝ դրանով իսկ ոչնչացնելով նրա՝ ինքնորոշման իրավունքի իրացման հեռանկարի դժվարությամբ ձեռք բերված կարեւորագույն առարկայական հիմքը։ Իսկ Հայաստան պետությունը դրվեց ազգայնականությամբ ներկված, գլխիվայր շրջված արժեքային համակարգի, տրամագծորեն հակառակ ուղղությամբ տանող ռելսերի վրա, ինչը պիտի տաներ դեպի իշխանության այլասերում ու կործանարար պատերազմ։

***

2008 թ. փետրվարի նախագահական հերթական ընտրությանը Առաջին նախագահի մասնակցությունը մի հնարավորություն էր՝ հայաստանյան ազգ-հանրույթի մտածողության ու պատկերացումների ծանրության կենտրոնը կրկին դեպի բանականության բեւեռ տեղափոխելու, նրա ժողովուրդ  որակը վերականգնելու եւ Հայաստանի ու Արցախի աղետալի ընթացքը կանխելու համար։ Դրա համար այս անգամ  նրանից պահանջվեց ընդամենը 1-2 ամիս, 3-4 հրապարակային ելույթ. Արցախյան շարժման եւ 90-ականների քաղաքական համալսարանի դասընթացների արդյունքը դեռ լրիվ չէին կարողացել ոչնչացել։ Սակայն հաջողության՝ իշխանափոխության ճանապարհին որպես ուղեփակոց արդեն մի կողմից՝ ավազակապետական ռեժիմի ընտրակեղծիքների լավ կառուցված դժոխային մեքենան էր, մյուս կողմից՝ «դրսից», մասնավորապես Արեւմուտքից, ռեժիմի ստացած՝ ցանկացած գնով իշխանությունը պահելու խրախուսանքն ու թույլտվությունը (ինչը բացահայտվեց, մասնավորապես, «Վիկիլիքսի» հրապարակումներով)։ Հենց այդ հովանոցի պաշտպանության տակ էր, որ իրականացվեց եւ մարսվեց անգամ Մարտի 1-ի ոճրագործությունը։ Արթնացած ժողովրդի շարժումը, ճիշտ է, բուռն կերպով շարունակվեց եւս 5-6 տարի՝ բազմիցս ցնցելով ռեժիմի հիմքերը, սակայն նույն պատճառներով չկարողացավ հասնել վերջնական հաղթանակի։

***

2018-ին 20-ամյա ավազակապետական իշխանությունը տապալվեց։

Տապալվեց փորձված նույն մեթոդով, նույն գործիքով, ինչով ինքն էր իշխանության եկել դրանից 20 տարի առաջ։ «Արյունով գրաված հողը» «ոչ մի թիզը», «Ղարաբաղի հարցը լուծված է» կարգախոսներն իրենց սեւ գործն արել էին՝ երկու տասնամյակ իշխանություն պարգեւելով «ամբոխամիտ եւ ամբոխավար» մարդկանց, իսկ Հայաստանը եւ Արցախը դարձրել հակառակորդից տասն անգամ ավելի թույլ ու խոցելի։ Այսպես կոչված` «թավշյա հեղափոխությունը» տեղի ունեցավ ոչ թե հանցավոր այդ իրողության բացահայտման եւ խաբված ազգ-հանրույթի մտածողության ու պատկերացումների ծանրության կենտրոնը բանականության, տրամաբանության, իրատեսության բեւեռ տեղափոխելու՝ նրա ժողովուրդ որակը վերականգնելու միջոցով, այլ՝ ընդհակառակը։ Հռչակվեցին «ավելի ազգային», «ավելի հերոսական», «ավելի հայրենասիրական» կարգախոսներ ու, մանավանդ, դրան էլ գումարեցին սոցիալական անսեթեւեթ դեմագոգիան, կեղծ խոստումներն ու անամոթ խաբեությունը։ («Թավշյաների» հաջողության մեջ էլ դեր են խաղացել նաեւ իրենց շահերը հետապնդող ներքին եւ արտաքին զանազան ուժեր, որ, սակայն, այլ թեմա է)։

ՆՈՒՅՆ կերպ իշխանության եկածները այն պահելու համար պիտի շարունակեին եւ շարունակեցին նախորդ երկու տասնամյակների  ՆՈՒՅՆ հանցավոր «քաղաքական» ուղեգիծը՝ այն դարձնելով շատ ավելի թավ ու ընդգծված։

Ավազակապետական եւ «թավշյա» ռեժիմների արտաքին եւ ներքին քաղաքականության առանցքային հարցերում ունեցած՝ մի քանի քայլ առաջ — տարբերությունն այս վերջին արձանագրման հստակ ապացույցն են.

Նախորդ երկու ռեժիմները իշխանությունը պահելու համար Արցախի հարցում կառչած մնալով հանդերձ «ստատուս քվոյի» պահպանմանը, երկրի ներսում, որպես կանոն, ուրիշների ձեռքով էին «ոչմիթիզականություն» քարոզում, իսկ դրսում, թեկուզ ձեւական, փորձում էին կառուցողական երեւալ եւ շարունակել բանակցությունները։  Սրանք՝ «թավշյաները», արդեն պաշտոնապես, առաջին դեմքի մակարդակով աշխարհի դեմքին շպրտեցին, որ հրաժարվում են նախորդ տասնամյակների բանակցությունների արդյունքները ճանաչելուց եւ հայտարարեցին ամեն ինչ «զրոյական կետից», «իրենց կետից» սկսելու մասին։ Ապա նույն առաջին դեմքը՝ Ն. Փաշինյանը, հռչակեց «Արցախը Հայաստան է եւ վերջ» ցնծություն առաջացրած կարգախոսը՝ դրանով իսկ հրաժարվելով որեւէ բանակցությունից անգամ «զրոյական կետից»։ Չբավարարվելով Ադրբեջանին եւ աշխարհին այսպես քամահրանքով «տեղը դնելուց», սկսեցին ամենաբարձր մակարդակով «գերհայրենասիրաբար» խոսել Սեւրի պայմանագրից, «Վիլսոնյան Հայաստանից»՝ գործնական հարթության վրա ակտիվ հակառակորդ դառնալու առիթ տալով նաեւ Թուրքիային։

Ընդ որում, այս ամենն արվեց՝ շատ լավ իմանալով ուժերի աղետալի տարբերությունը թե՛ առաջին դեպքում, թե՛, մանավանդ, երկրորդ։

Նման ընթացքի արկածախնդրական ու կործանարար լինելու մասին բոլոր նախազգուշացումներն ապարդյուն անցան։

Դրանով՝

  • շեշտակի մեծացավ ազգ-հանրույթի մտածողության ու պատկերացումների ծանրության կենտրոնը դեպի զգացումի եւ հույզի բեւեռ՝ դեպի ամբոխացում մղելու արագությունը։
  • Ադրբեջանի ձեռքերն ազատվեցին՝ իր երազած ռազմական ճանապարհով Արցախի հարցը «լուծելու» գործում։
  • Թուրքիան առիթ ստացավ ըստ պահանջի բացահայտ ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին։
  • Միջազգային հանրությունը, ըստ էության, «ձեռքերը լվացավ» Արցախի խնդիրը ոչ թե ռազմական, այլ միայն քաղաքական ճանապարհով լուծելու իր շուրջ 30-ամյա հանձնառությունից։

Եւ տեղի ունեցավ այն հայտնի աղետը, որի վերջը դեռ այսօր էլ չի երեւում, ինչպես 1920-ի վերջին Հովհանես Թումանյանին չէր երեւում նույնպիսի արկածախնդրական ու հանցավոր քաղաքականության հետեւանքով վրա հասած նույնպիսի մի աղետի վերջը…

Ներկա «թավշյաների» կողմից «նախկինների» ուղեգիծը շարունակելու ու խորացնելու երկրորդ փաստ-ապացույցը Շարժման տասնամյա պատմության նկատմամբ նույնպիսի վերաբերմունքն է՝ ավելի ընդգծված ու ինքնամոռաց։ «Նախկինները» այդ պատմությունը վայրենաբար կեղծում էին, եղծում, ուրանում, աղավաղում, հաղթանակները սեփականում։ Սրանք նույն բանն անելով ավելի մոլեռանդ՝ թշնամաբար մերժում, ոչնչացնում են այն։ Տարբեր մակարդակներով հարձակումներ են սկսել 90-ականների հաղթանակների եւ հաղթական բանակի, 1994 թ. մեզ համար անվիճելիորեն հաղթական զինադադարի վրա։ Ընդհուպ հատելով սրբապղծության սահմանը՝ ոտնձգություններ են արվում նույնիսկ երբեւէ եւ որեւէ կերպ չվիճարկված՝ 1988-1990 թթ. բուն Ղարաբաղյան համազգային շարժման, Անկախության հռչակագրի վրա՝ դրանք սխալ ու իրենց այսօրվա հանցավոր ձախողումների հիմք ու պատճառ համարելով։

(Չնայած այս դեպքում նման բաների մասին լուրջ խոսելն արդեն դժվար է դառնում, երբ սրանց ինքնարդարացման փաստարկների թվում նշվում եւ քննադատության առարկա է դարձվում անգամ մեր ազգային ԴՆԹ-ն…)

***

Արցախյան կամ Հայկական ժողովրդավարական Շարժման ու նրա իշխանության նշանակալից նվաճումների տարեդարձների առիթով (հատկապես 44-օրյա պատերազմի հետեւանքներից հետո) ավելի ու ավելի շատերն են հրապարակավ անդրադառնում դրանց՝ նորովի իմաստավորմամբ ու գնահատմամբ։ Սա հույս է ներշնչում, մանավանդ, որ այդ գործին լծվել են նաեւ նոր սերնդի ներկայացուցիչներ։ Ստեղծված դժվարին, երբեմն անելանելի թվացող իրավիճակում քաղաքական ուժերը պետք է խոհեմություն ցուցաբերեն եւ չտրվեն «էլ ավելի ազգայնական», «էլ ավելի հայրենասիրական» կարգախոսներով գործելու գայթակղությանը։ Դա արդեն երիցս աղետներ բերած եւ նոր աղետներ բերելու ճանապարհն է։

Ոտքի կանգնելու, գոյատեւելու եւ զարգանալու համար մենք պետք է վերադառնանք Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման տասնամյա դարաշրջանի սկզբունքներին, արժեքային համակարգին, պետականության հիմնադրույթներին, որոնք արդեն մեկ անգամ ապացուցել են իրենց արդյունավետությունը եւ քաղաքական արգասաբերությունը։ Իսկ դրա համար պետք է լուծել հայ ազգ-հանրույթին թումանյանական ընկալմամբ ժողովուրդ լինելու կորսված որակը վերականգնելու ոչ դյուրին, բայց կենսական խնդիրը։

Նախորդ հոդվածըՊակիստանը հերքել է Ուկրաինային զենք մատակարարելու մասին լուրը
Հաջորդ հոդվածըԹրյուդո․ Կանադան ստույգ չգիտի՝ ինչ երեք օբյեկտներ են խոցվել Հյուսիսային Ամերիկայում