‘Աշոտ Սարգսյան. Շառլ Ազնավուրը եւ Հայաստանը՝ անկախության առաջին տասնամյակում. վավերագրեր ՀՀ Առաջին նախագահի արխիվից’

7461

I.

Ազնավուրը՝ որպես Աղետի գոտու համաեվրոպական օգնության կազմակերպիչ

 

[1988թ.] դեկտեմբերի 8‑ին կենտրոնական իշխանության կողմից որոշում ընդունվեց Մոսկվայի Արտաքին առեւտրային բանկում աղետի գոտու համար հաշիվ բացելու մասին։ Ընդամենը կես ժամ անց «Ղարաբաղ» կոմիտեն հրապարակեց եւ լրատվական գործակալությունների միջոցով աշխարհով մեկ տարածեց իր հետեւյալ պաշտոնական հայտարարությունը.

«Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն, դիմելով ողջ աշխարհի երկրների կառավարություններին, հասարակական կազմակերպություններին եւ բարի կամքի տեր բոլոր մարդկանց, ովքեր պատրաստակամություն են հայտնել նյութական օժանդակություն ցույց տալ Հայաստանի աղետյալներին, խնդրում է հրաժարվել ՍՍՀՄ Արտաքին առեւտրի բանկին վալյուտա փոխանցելու մտքից եւ առաջարկում է Եվրոպայում եւ Ամերիկայում ստեղծել օգնությունը կազմակերպող երկու կենտրոն, որոնց նպատակը պետք է լինի Հայաստանին օգնել միմիայն շինարարական տեխնիկայով, պատրաստի արտադրական ձեռնարկություններով, դեղորայքով, հագուստով, սնունդով եւ համապատասխան մասնագետներով: Որպես եվրոպական կենտրոնի պատասխանատու անձ՝ Կոմիտեն առաջարկում է Շառլ Ազնավուրի, իսկ Ամերիկյան մայրցամաքի համար՝ Կալիֆոռնիայի նահանգապետ Ջորջ Դոքմեջյանի թեկնածությունը»1: Նույն օրը Կոմիտեի անունից համապատասխան առաջարկությամբ հեռագրեր ուղարկվեցին Շառլ Ազնավուրին եւ Ջորջ Դոքմեջյանին։

Էական հետեւանքներ ունեցավ «Ղարաբաղ» կոմիտեի՝ Մոսկվայի Արտաքին առեւտրային բանկին չվստահելու եւ այնտեղ ֆինանսական միջոցներ չփոխանցելու՝ ճիշտ ժամանակին արած կոչը։ Եվրոպայում եւ ԱՄՆ‑ում իրոք ստեղծվեցին օգնության այդ կենտրոնները՝ Շառլ Ազնավուրի եւ Ջորջ Դոքմեջյանի հանձնարարությամբ՝ Քըրք Քըրքորյանի ղեկավարությամբ, ինչի շնորհիվ օգնության համար տրամադրված ֆինանսական միջոցների մեծ մասը ծառայեց իր նպատակին: Դրանից, իհարկե, խիստ դժգոհ մնաց խորհրդային իշխանությունը: Այդ է վկայում երկու ամիս անց խորհրդային հետախուզական տվյալների հիման վրա կազմված զեկուցագիրը. «Նկատվում է կայուն եւ Արեւմուտքի կողմից հրահրվող կարծիք՝ ԽՍՀՄ Արտաքին տնտեսական բանկ փող փոխանցելու աննպատակահարմարության մասին»2 (Ա. Սարգսյանի «Ղարաբաղյան շարժման պատմություն. 1988–89, Երեւան, Անտարես, 2018թ.» գրքից, էջ 226–227)։

__________________________

1 «ՀՀ Առաջին Նախագահի Արխիվ», թղթ. 15/08.12.88 (տեքստի հեղինակ՝ Լ. Տեր-Պետրոսյան)։ Կոմիտեի՝ արտասահմանյան ֆինանսական օգնությունների հետ կապված անհանգստությունը լիովին արդարացված էր. ԽՍՀՄ Արտաքին առեւտրային բանկում աղետի գոտու համար հավաքված շուրջ 7 միլիոն դոլարը հետագայում այդպես էլ հնարավոր չեղավ ստանալ։

2 «Հայաստանի Ազգային Արխիվ», ֆ.1, ց.87, գ.34, թ.14։

 

II.

Ազնավուրը Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին

 

Հստակ պիտի ընդգծեմ միջազգային հանրության բարձր կարծիքը Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին, պատահական չէ, որ նա առաջատար երկրների ղեկավարների հարգանքն ու բարեկամությունն է վայելում։ Այնպիսի երկրների, որոնք սովորաբար այնքան էլ հակված չեն, մեղմ ասած, լուրջ ուշադրություն դարձնելու փոքր երկրների խնդիրներին։ Դրանցից է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, որը խոստացել է այցելել Հայաստան։

Ասածիս վառ ապացույցն է վերջերս մեր կողմից կազմակերպված՝ Ֆրանսիայի սենատի նախագահ Ռընե Սոնորիի այցը Հայաստան, որը, ինպես հայտնի է, երկրի երկրորդ դեմքն է։

Ինչպես արդեն ասացի, Լեւոն Տեր-Պետրոսյանի վարկը շատ բարձր է աշխարհում։ Մասնավորապես՝ հսկայական է արտասահմանյան օգնության ստացման գործում նրա հեղինակության դերը։

__________________________

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 21.09.1996թ.։

 

III.

Ազնավուրի նամակը Լեւոն Տեր-Պետրոսյանին

 

Թանկագին բարեկամ, Հայաստանում տեղի ունեցավ անակնկալ փոփոխություն, որի բոլոր ելեւէջներին մենք երկյուղով հետեւում էինք հեռվից, սակայն թեթեւացած նկատելով, որ դեպքերը զարգանում են առանց վնասների։ Ես համոզված եմ, որ իրադարձությունների ընթացքում Ձեր բռնած դիրքը մեծ դեր խաղաց բնակչության զսպվածությունն ապահովելու հարցում։

Սակայն Նախագահ՝ թե ոչ, ես խոստանում եմ, որ մեր բարեկամական հարաբերությունները կմնան ջերմ ու կենսալի, ինչպիսին եղել են մեր առաջին հանդիպումից ի վեր եւ, որ շատ շուտով մենք կրկին կվայելենք Ձեզ տեսնելու հաճույքը։

Սիրելի բարեկամ, Ձեզ պարտավորեցնելով հարգանքիս տուրքը փոխանցելու Ձեր տիկնոջը, ես խնդրում եմ, որեւէ պրոտոկոլից դուրս, հավատալ իմ բարեկամական զգացմունքներին։ Անկեղծորեն՝ Ձեր Շառլ Ազնավուր։

__________________________

Ֆրանսերեն բնօրինակը՝ «ՀՀ Առաջին Նախագահի Արխիվ», թղթ. 03/5.04.1998։ Ազնավուրի եւ Տեր-Պետրոսյանի բարեկամությունը սկսվել է 1989թ.-ից, երբ վերջինս բուժման նպատակով գտնվում էր Փարիզում։ 1993թ․ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից Ազնավուրին շնորհվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պատվավոր տիտղոս, իսկ 1995թ. նշանակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական դեսպան։

 

Նախորդ հոդվածը‘Մենք կորցրել ենք լեգենդար արտիստի. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն’
Հաջորդ հոդվածը‘Սուլավեսի. ավելի քան 1200 զոհ’