Աշոտ Սարգսյան. Պատերազմը եւ դրա պատասխանատուները՝ փաստերով- Մաս 2

6501

Մաս 1

Խաղաղ կարգավորման ուղեգծին դավաճանությունը, պետական հեղաշրջումը (1997-1998 թթ.)

Փաստ 6.

Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա գլխավորած քաղաքական ուժը, համոզված, որ լավագույն պահն է՝ խաղաղ կարգավորմամբ Լեռնային Ղարաբաղի համար հնարավոր առավելագույնը ստանալու, հաստատակամ գնում էին լուծման՝ քաջ գիտակցելով նաեւ, որ դրա դիմաց կարող են վճարել իշխանությունը կորցնելով։

Մեր իրականության մեջ սա շատերին կարող է անհավատալի թվալ եւ հենց անհավատալի է եղել ու այդպիսին է մնում մինչ այսօր։ Մինչդեռ սա ո՛չ չտեսնված հերոսություն, ո՛չ բացառիկ խիզախություն, ո՛չ էլ ինքնազոհաբերումի աներեւակայելի մի օրինակ է։ Քաղաքական հարթության վրա սա ընդամենը երկրի ղեկավարի, պետական գործչի, կայացած քաղաքական ուժի համար առաջնային մի ստանդարտ է՝ ազգային-պետական մտածողության դրսեւորում (նման բազմաթիվ փաստեր կարող ենք գտնել տարբեր երկրներում եւ տարբեր ժամանակներում)։ Սրանից դուրս՝ գործ ունենք ոչ թե քաղաքական գործունեության, այլ՝ հանուն անձնական շահի քաղաքականության վրա արվող հանցավոր բիզնեսի անբարո երեւույթի հետ (նման բազմաթիվ փաստեր եւս կարող ենք գտնել տարբեր երկրներում եւ տարբեր ժամանակներում)։ Իսկ եթե մեզանում դա անհավատալի է մնացել, ընդամենը մի պատճառով՝ մենք ո՛չ մինչեւ այդ ենք գործնական քաղաքական կյանքում ունեցել պետական մտածողության ակնառու մի նախադեպ (նկատի ունենալով հատկապես նախորդած հարյուրամյակը), ո՛չ էլ դրանից հետո ունենք նման մի այլ օրինակ։

Իսկ հետեւյալ իրողությունները «անհավատալի մնացած» այդ փաստի անհերքելի ապացույցներն են.

  1. Երբ պետական հեղաշրջման հետեւանքով հրաժարական ներկայացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, նրա հետ միասին` քաղաքական նույն հիմնավորմամբ, հրաժարական տվեցին նրա՝ կարեւորագույն պետական պաշտոններ զբաղեցնող քսանից ավելի թիմակիցներ։
  2. Ազգային ժողովում Նախագահի քաղաքական հենարանը հանդիսացող «Հանրապետություն» խմբակցությունից (մոտ 115 հոգի), միայն ՀՀՇ անդամ պատգամավորները՝ 45 հոգի, նույն սկզբունքային մոտեցմամբ չլքեցին խմբակցությունը։

Այսինքն, միայն իշխանության վերին օղակներում՝ շուրջ 70 հոգի ինքնակամ հրաժարվեց իր դիրքից եւ կարիերայից։ Ընդ որում, նրանց մեծագույն մասն ուներ դա չանելու, պաշտոնավարումը, կարիերան շարունակելու հնարավորություն (հեղաշրջման կազմակերպիչները, ձեռնհաս կադրեր չունենալով, բոլորին խնդրում էին հրաժարական չտալ եւ մնալ իրենց պաշտոններում)։ Եւ եթե սա էլ մեծ ու անհավատալի թիվ է երեւում, ապա միայն այն պատճառով, որ դրան հաջորդած երկուսուկես տասնամյակում էլ հազիվ թե գտնվի քաղաքական սկզբունքային նման վարքագիծ դրսեւորած 1-2 գործչի օրինակ։

Կարգավորումից հետո իշխանությունը կորցնելու հեռանկարը նույնպես անհավանական չէր, այդ մասին 1996-97 թթ. ազատ խոսում էին իշխանական վերնախավում։ Ավելին՝ ըստ էության այդ մասին հրապարակավ ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հայտնի «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածում.

«Փոխզիջումն ինչ‑որ չափով բավարարելու է հակամարտության բոլոր կողմերին, բայց միաժամանակ ամբողջովին չի գոհացնելու ոչ մեկին։ Նախագահ Ալիեւը դա ներկայացնելու է որպես Ադրբեջանի հաղթանակը, ես փորձելու եմ ներկայացնել որպես Հայաստանի հաղթանակը։ Ադրբեջանական ընդդիմությունը համարելու է, որ Ալիեւը դավաճանեց ու ծախեց Ղարաբաղը։ Հայաստանի ընդդիմությունը համարելու է, որ ես դավաճանեցի ու ծախեցի Ղարաբաղը»։

Հենց այդպես էլ կար, ընդ որում՝ ի սկզբանե. հիշենք Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջին խոսքը (տե՛ս Փաստ 1) փոխզիջումներով կարգավորման հասնելու մասին դեռ 1990 թ. սեպտեմբերի 3-ին. «Փոխզիջումների մասին խոսելով՝ ես չեմ վախենում իմ վարկը կորցնելուց։ Իսկ դուք կարող եք ժողովրդի մեջ տարածել, որ ես դավաճանել եմ Արցախի գործին»։ Ուստիեւ, դեռ 1997 թ. սեպտեմբերի 26-ի ասուլիսում ընդամենը կարգավորման այդ ծրագրի շուրջ հանրային քննարկման եւ բանական բանավեճի հրավեր արած Նախագահը միանգամից արժանացավ «պարտվողականի», «դավաճանի», «Ղարաբաղը ծախողի», «արյունով նվաճված հողերը թղթով ետ տվողի» եւ նմանօրինակ այլ պիտակների։ Պիտակավորման այդ հեղեղն ավելի մեծացավ քիչ անց՝ նոյեմբերի 1-ին հրապարակած «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածից հետո։

Փաստ 7.

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը տեղի չունեցավ զինված խռովության, քաղաքացիական պատերազմի, ներքաղաքական իրավիճակի շեշտակի ապակայունացման առարկայացած վտանգի պատճառով։

Որքան էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հայտարարության տեքստից դժվար չէր դա կռահել, սակայն առաջին անգամ նա «իրերն իրենց անունով» կոչեց վերջերս (2021 թ. մայիսի 16-ին եւ հունիսի 10-ին)՝ բառացի օգտագործելով «քաղաքացիական պատերազմ» բառակապակցությունը՝ հավելելով, որ «Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը պատրաստ էին նման պատերազմի»։

Կան այս բանը հաստատող եւս երեք ապացույց. Ռ. Քոչարյանի եւ Վ. Սարգսյանի ուղղակի վկայությունները եւ 1998-ի հունվարի վերջին նրանց իրականացրած հայտնի մի գործողությունը.

Առաջին. Ռ. Քոչարյանը իր հուշերում, անզգուշաբար, մի քանի ուղղակի  վկայություններ է թողնում։ Հանրապետության նախագահին իրենց ընդդիմացումը նա ներկայացնում է որպես անհաշտելի հակադրություն՝ ասելով, որ իրենք խնդիրը «կա՛մ, կա՛մ»-ի հարթության վրա էին դրել։ Ապա ներկայացնում է այն ռեսուրսը, որը կարող էին գործի դնել, եթե Նախագահը չընդուներ հրաժարականի պահանջը, այլ իրենց պաշտոնանկ աներ։ Հիմնական այդ ռեսուրսը նա համարում է զինված կառույց «Երկրապահը»՝ այն համարելով «բավականին ծանրակշիռ ուժ» եւ արձանագրելով, որ՝ «Վազգեն Սարգսյանը Երկրապահի անվիճելի առաջնորդն էր»։ Ապա հիշում է իր եւ Վազգեն Սարգսյանի զրույցից մի դրվագ. ինքն ասում է.  «Կա՛մ ինձ կազատի աշխատանքից, կա՛մ ինքը կհեռանա» (նկատի ունի Նախագահին), Վ. Սարգսյանը արձագանքում է. «Թող ինձ էլ ազատի աշխատանքից, եւ այդ ժամանակ մեր ձեռքերը լրիվ ազատ կլինեն, կպայքարենք` արդեն ոչ մեր պաշտոններում»։ Տարված ամբողջ ընթացքում սեփական անձը գերկարեւորելու մարմաջով՝ 1998-ին կատարած պետական հեղաշրջումը հերոսություն ներկայացնող Քոչարյանը նաեւ փորձում է իրեն Վ. Սարգսյանի հետ նույն հարթության վրա դնել՝ ասելով, թե ինքն էլ «ամբողջովին վերահսկում էր գործադիր իշխանությունը» (տե՛ս Ռ. Քոչարյան, Կյանք եւ Ազատություն, Երեւան, 2019, էջ 284-286)։ Անվիճելի է, սակայն, որ եթե չլիներ Վ. Սարգսյանի գործոնը, մյուս դավադիրներից որեւէ մեկը, ոչ էլ բոլորը միասին` չէին համարձակվի գնալ նմանօրինակ քայլի. նրանք նման ռեսուրս պարզապես չունեին։

Ավելի հստակ ու թափանցիկ դժվար է ասել, որ ծրագրվում էր զինված խռովություն, քաղաքացիական պատերազմ, եթե Նախագահը, իրացնելով իր սահմանադրական լիազորությունները, նրանց ազատեր պաշտոններից։ Հակառակ դեպքում կխոսվեր ոչ թե զինված կառույց «Երկրապահի» (որ իրոք զգալի ուժ էր), այլ ժողովրդին դիմելու, հանրահավաքների միջոցով հրապարակային, քաղաքական պայքարի մասին։

Երկրորդ. Ահա նաեւ Վազգեն Սարգսյանի խոսքը Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից անմիջապես հետո. «Ուզում եմ ձեզ հավաստիացնել նորից՝ եթե ինքը չուզենար, հրաժարական չէր տա։ Էսքանը պիտի գնահատել՝ ԻՆՔԸ ՉԳՆԱՑ ԿՈՆՖՐՈՆՏԱՑԻԱՅԻ, ինքը հասկացավ, որ դա ճիշտ ճանապարհը չէ»։ Այսինքն, հրաժարական չտալը եւ քաղաքական իր ուղեգիծը շարունակելը կնշանակեր «կոնֆրոնտացիա»՝ հակամարտություն, առճակատում այդ ծրագիրը չընդունողների հետ, որ այլ բան չէ, քան քաղաքացիական պատերազմ։

Երրորդ. Ազգային ժողովում ճնշումներով քայքայվեց Տեր-Պետրոսյանի քաղաքական հենարան հանդիսացող «Հանրապետություն» խմբակցությունը։ Դա տեղի ունեցավ հունվարի վերջերին՝ ոչ միայն խոստումների, այլեւ շանտաժի, կոշտ պարտադրանքի ճանապարհով (տողերիս հեղինակն այդ ժամանակ «Հանրապետություն» խմբակցության քարտուղարն էր եւ սա վկայում է որպես ականատես-սկզբնաղբյուր)։ Դա անում էին Վազգեն Սարգսյանի անունից, նրա ուղարկած մարդիկ։ Մի քանի օրում խմբակցությունը 115 հոգուց դարձավ 45, մյուսները դուրս եկան եւ մտան «Երկրապահ» խմբակցություն։ Դրանով Նախագահը խորհրդարանում կորցրեց քաղաքական մեծամասնությանը՝ կարեւորագույն մի հանգամանք խաղաղության գործն ի կատար ածելու համար։ Իսկ խռովարարները օրենսդիր մարմնում մեծամասնություն ստացան (խոստումների գայթակղությանը, շանտաժին ու պարտադրանքին չտրվեցին միայն ՀՀՇ անդամ պատգամավորները եւ մի հոգի Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունից)։

Սրանք այլ բան չէին, քան ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման ուղղությամբ կոնկրետ քայլեր եւ խոստովանություններ։

Լեւոն Տեր-Պետրոսյանը 1998 թ. փետրվարի 3-ի հրաժարականի իր հայտարարութան սկզբում հենց այդ մասին է ասում. «Իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ։ Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում Նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը եւ հայտարարում իմ հրաժարականը»։ «Ապակայունացման լուրջ վտանգը» հենց քաղաքացիական պատերազմն է։

Այլ դեպքում, երկրի որեւէ ղեկավար, թերեւս, կարող էր նաեւ ընդունել մարտահրավերը՝ թեկուզ դա հանգեցներ քաղաքացիական պատերազմի։ Տվյալ՝ արցախյան չավարտված պատերազմի պայմաններում, նման ապակայունացումն անխուսափելիորեն կբերեր Լեռնային Ղարաբաղի կորստյան (հենց նման իրավիճակներում էր Ադրբեջանը կորցրել յոթ շրջանները), եւ դա չէր կարող իրեն թույլ տալ իրական պետական գործիչը։  

Այսինքն, եթե խաղաղության ծրագրին ընդդիմացումը նույն պաշտոնյաների կողմից լիներ զուտ քաղաքական հիմքի վրա, անգամ ամենօրյա հանրահավաքների ձեւով, ապա դա Նախագահի համար խոչընդոտ չէր կարող լինել խաղաղության իր ծրագրի իրականացման համար։ Ճիշտ այնպես, ինչպես պատերազմի ողջ ընթացքում նման հանրահավաքները խոչընդոտ չեղան դժվարագույն խնդիրների լուծման, հաղթանակների ապահովման, շահեկան պայմաններում զինադարի հասնելու համար։ Շատ լավ ճանաչելով Հանրապետության նախագահին՝ խռովարարները չէին կարող չիմանալ, որ նա կընկրկի միայն Արցախին սպառնացող իրական վտանգի՝ քաղաքացիական պատերազմի դեպքում։ Եւ հենց դա է եղել նրանց հաշվարկների հիմքում։

Փաստ 8.

Ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ փոխզիջումների հիման վրա հակամարտության կարգավորման, այնպես էլ Վազգեն Սարգսյանի, Ռ. Քոչարյանի եւ մյուսների՝ «ստատուս քվոն» պահպանելու ծրագրերը իրականում հենված էին սառը հաշվարկների վրա, բայց տրամագծորեն տարբեր էին ելակետերն ու շարժառիթները։

Լեւոն Տեր-Պետրոսյանի հաշվարկ-հիմնավորումները հօգուտ կարգավորման` հայտնի են երեք ծավալուն փաստաթղթերով.

  • 1997 թ. սեպտեմբերի 26-ի հարցազրույցի Արցախին վերաբերող մասը,
  • «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը,
  • 1998 թ. հունվարի 8-ի Անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթը։

Ելակետը հետեւյալն էր.

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման լավագույն պահն է՝ ստանալու համար հնարավոր առավելագույնը։ Առաջիկայում ուժերի հարաբերակցությունը աստիճանաբար փոխվելու է հօգուտ Ադրբեջանի՝ կախված նրա շրջափակված չլինելու եւ նավթային գործոնի հետ։ Այդ պարագայում վերջինս ավելի քիչ բան է պատրաստ լինելու զիջել, եւ՝ «Այն, ինչ մերժում ենք այսօր, ապագայում խնդրելու, բայց չենք ստանալու»։ Իսկ կարգավորումն ընդհանրապես մերժելու եւ «ստատուս քվոն» պահպանելու քաղաքականությունը արկածախնդրություն է, որի վրա համառելու դեպքում այն մի օր ավարտվելու է պատերազմով՝ արդեն մեզանից բազմակի հզորացած հակառակորդի հետ։ Այս բոլոր վերլուծությունների եւ կանխատեսումների հիմքում առարկայական իրողություններ են՝ թվեր, հաշվարկներ, փաստեր, միջազգային օրենքների վկայակոչումներ, ակնհայտ հանգամանքներ։

Վազգեն Սարգսյանի եւ մյուսների հրապարակային արձագանքները կարգախոսներ էին եւ պիտակներ։ Դրանք հայաստանյան հանրության համար էին՝ ուղղված մարդկանց ազգային եւ հայրենասիրական զգացումների չարաշահմանը։ Գիտակցելով իրենց հիմնավորումների տկարությունը՝ նրանք հետեւողականորեն խուսափեցին փաստերի ու փաստարկների լեզվով հրապարակային բանավեճի մեջ մտնել։

Խռովարարների հակընդդեմ կոնկրետ հիմնավորումները եւ փաստարկները ոչ հրապարակային էին. դրանց մասին, ինչպես ասացինք, գիտենք 1998 թ. հունվարի 7-8-ին Անվտանգության խորհրդի փակ նիստում նրանց ելույթներից։ Դրանք բոլորը ակնհայտ անիրականանալիից (Սփյուռքից տարեկան 400-500 միլիոն դոլար ստանալը), մինչեւ տրագիզավեշտալի («Ղարաբաղի հարցում հիմա կարիք չունենք փոխզիջման, կզիջենք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք») շրջանակներում էին։ Դրանցից որեւէ մեկը ոչ միայն իրականություն չդարձավ, այլեւ ամենահեռավոր կապ իսկ չունեցավ իրականության հետ։

Անդրադառնալով այդ փաստարկներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկ առ մեկ ցույց տվեց դրանց արժեքը, զգուշացրեց, թե իրականում ինչ կլինի յուրաքանչյուր դեպքում, ինչպես նաեւ՝ որ ստատուս քվոյի պահպանման նրանց ընտրած ճանապարհը կործանար կլինի Արցախի եւ Հայաստանի համար։ Նրա բոլոր կանխատեսումներն իրականացան։

Վ. Սարգսյանի եւ մյուսների վարքագծին եւ գործողություններին մինչ այժմ տրվել են հետեւյալ մեկնաբանություն-բացատրությունները.

  1. Դա պայմանավորված է եղել անկեղծ զգացմունքներով՝ «հայրենասիրական մղումներով», «ցանկալիին հասնելու ձգտումով», «առավելապաշտությամբ»։ Նման բացատրությունները բացառվում են՝ վերեւում արդեն մի քանի անգամ արձանագրված հետեւյալ անշրջանցելի փաստով. իրենց ողջ քաղաքական գործունեության ընթացքում նրանք` բարձր պաշտոններում, եղել են մի իշխանության մաս, որը մշտապես ունեցել է փոխզիջումների հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղեգիծը։ Այլ կերպ մտածելու դեպքում նրանք պետք է մաս չկազմեին այդ իշխանության կամ ութ տարվա ընթացքում գեթ մեկ անգամ հայտնեին իրենց անհամաձայնությունը։
  2. Սխալվել են իրենց լավատեսական հաշվարկներում։ Մի օրինակի վրա ցույց տանք, որ սա եւս բանական բացատրություն չի կարող համարվել. եթե Սփյուռքից ակնկալում ես 400-500 միլիոն դոլարի տարեկան օգնություն եւ ստանում ես թեկուզ դրա կեսը, դեռ կարելի է խոսել սխալվելու մասին։ Երբ ստանում ես ակնկալածիցդ հարյուր անգամ պակաս (ինչը մինչ այդ էլ կար), սա արդեն սխալվել չէ, այլ հատուկ հորինված խաբեություն, գիտակցված հանցավոր դեմագոգիա։ Նույն բնույթի էին նրանց նաեւ մյուս (Ռուսաստանը կօգնի, Իրանը կօգնի, Իրանից զենք կգնենք, արտագաղթը չի շարունակվի, ներգաղթ կսկսվի, բյուջեն կարելի է 2-3 անգամ մեծացնել եւ այլն) հիմնավորումները։

Լեւոն Տեր-Պետրոսյանի փաստարկները եւ կանխատեսումները մարգարեություններ չէին, այլ կոնկրետ թվերի, փաստերի, միջազգային օրենքների եւ հայտնի աքսիոմատիկ ճշմարտությունների հիման վրա արված առարկայական, պարզ, հասկանալի ու համոզիչ քաղաքական հաշվարկներ։ Անհնար է պատկերացնել, որ չնախապաշարված, այլ նպատակներ չունեցող եւ տարրական բանականությամբ օժտված մարդը չէր կարող այդ ամենը չընկալել ու չհասկանալ։ Առավել անհնար է պատկերացնել, որ այդ ամենը չէին կարող չընկալել պետական բարձր պաշտոններում տեւական քաղաքական աշխատանքի փորձ ունեցող մարդիկ։

Այսինքն, նման ծայրահեղ՝ զինված խռովության քայլի դիմելու համար դավադիրները ունեցել են իրենց նույնքան առարկայական, պարզ, հասկանալի ու սառը ԾԱԾՈՒԿ հաշվարկները, որոնք ենթակա չեն եղել հրապարակային ներկայացման։ Իսկ այդպես կարող էր լինել մի դեպքում, երբ այդ հաշվարկների հիմքում ոչ թե քաղաքական, այլ նեղ անձնական շահեր են։

Բացառված համարելով վերոնշյալ երկու բացատրությունները՝ նրանց իրական հաշվարկը պետք է հանգեր հետեւյալին.

Խաղաղ կարգավորման ծրագրի իրականացումից հետո, ինչպես ասվեց, իշխող քաղաքական ուժը (ՀՀՇ-ն) ամենամեծ հավանականությամբ կորցնելու էր իշխանությունը (ամենաուշը, ասենք՝ 1999 թ. խորհրդարանական ընտրություններում), եւ դա համոզմունք էր։ Իրենք էլ, որպես այդ իշխանության բարձր պաշտոնյաներ, ոչ միայն կորցնելու էին իրենց պաշտոնները, դիրքը, համարումը եւ այլն, այլեւ ստանալու էին նույն՝ «դավաճանի», «հող տվողի», «պարտվողականի» պիտակները։

Հիմա պատկերացնենք՝ «սպարապետ» հռչակված, հերոսի, հաղթողի համարումով, հսկայական ազդեցությամբ եւ իշխանությամբ Վազգեն Սարգսյանին՝ այդ ամենից զրկված եւ նման պիտակներով։ Նույնը՝ Ռ. Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի եւ մյուսների դեպքում։ Զրկվելու էին դիրքից, պաշտոնից, կարիերայից, հերոսի համարումից, դառնալու էին գործազուրկ այս բառի, գուցեեւ, բուն նշանակությամբ։ «Մարդկայնորեն»՝ հեշտ չէ համակերպվել նման հեռանկարի հետ, եւ նրանք չհամակերպվեցին։ Բայց խնդիրը ոչ թե «մարդկային», այլ քաղաքական էր, որն անձնականի զոհաբերման պատրաստակամություն է պահանջում։ Նման հեռանկարի հետ համակերպվել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ իրենց սկզբունքներին հավատարիմ մնացած նրա քաղաքական թիմի յոթ տասնյակից ավելի պաշտոնյաներ, միջին ու ստորին օղակներում հարյուրավոր մարդիկ, որոնք կա՛մ գործազուրկ դարձան, կա՛մ ամենաշատը  անտրտունջ վերադարձան իրենց նախկին համեստ աշխատանքին։

Արդեն հետին թվով անվիճելի դարձած եւս մի փաստ. Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի կողմից կատարված ահռելի թալանը, անձնական հարստացումը։

Որ սա է իրական բացատրությունը՝ կողմնակիորեն հաստատվում է ճիշտ նմանօրինակ թարմ,  արդեն կայացած մի փաստով։ Նկատի ունենք 44-օրյա պատերազմի համար Ն. Փաշինյանի խոստովանական հայտնի խոսքերն այն մասին, որ ինքը կարող էր կանխել պատերազմը, սկսվելուց հետո էլ կարող էր այն ավելի վաղ կանգնեցնել, եթե գնար ու ստորագրեր սեղանին դրված կարգավորման փաստաթուղթը՝ հավելելով, որ այդ դեպքում «կունենայինք շատ ավելի լավ վիճակ»։ Բայց դա չի արել, որովհետեւ այդ դեպքում իրեն կհամարեին «դավաճան», «հող տվող»։ Եւ հաջորդ պահին «ժողովրդի սիրեցյալը», «փրկիչը» կհայտնվեր տրամագծորեն հակառակ կարգավիճակում։ Իսկ այսպես՝ ինքը չի դավաճանել, ինքը «թղթով» հող չի տվել, բոլոր զիջումներն էլ արել է հարկադրված,  ուստի՝ անձամբ անպարտ է։

Եթե նախապես ակնհայտորեն հայտնի աղետալի ելքով պատերազմի անմիջապես նախադռանը եւ հենց պատերազմի սկսվելուց հետո՝ ամենօրյա հարյուրավոր զոհերի եւ տարածքային կորուստների հանդիման, այս մեկը կարող էր հանուն սեփական իշխանության նման մտածելակերպով առաջնորդվել, ինչո՞ւ Վ. Սարգսյանը, Ռ. Քոչարյանը եւ մյուսները նույն կերպ չէին կարող մտածել ու վարվել 1998-ին, երբ, մանավանդ, այդ պատերազմը դեռ շատ հեռու էր։

Այնպես չէ, որ Ն. Փաշինյանը պահի տակ «սխալվել է»՝ հրապարակավ բացահայտելով իր գործելակերպի զուտ անձնական մոտիվը։ Ըստ էության՝ նույն բանը, ուղղակի ապագայի համար, ժամանակին ասել է նաեւ Վազգեն Սարգսյանը. «Ղարաբաղի հարցում հիմա կարիք չունենք փոխզիջման գնալու։ Կզիջենք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք»։

Երկու դեպքում էլ հիմքում միմիայն ԱՆՁՆԱԿԱՆԸ ունեցող նույն մտածելակերպն է, նույն բանաձեւը, որ ոչ մի կապ չունի քաղաքականության եւ պետական մտածողության հետ։ Եւ 1997-98 թվականներին էլ հենց դա է եղել նաեւ Վ. Սարգսյանի, Ռ. Քոչարյանի եւ մյուսների վարքագծի իրական հիմքը, միակ շարժառիթը։

Ցավալին ու ողբերգականն այն է, որ այս մարդկանց՝ դիրք, համարում, իշխանություն պահելու հիմքով հաշվարկներն արդարացան թե՛ 1997-98-ին, թե՛ 2020-ին՝ որպես հետեւանք ունենալով այն համազգային կուրուստն ու աղետը, որի ահռելիությունը դեռ չի գիտակցվում. այդ կորստի ընդամենը մի մասը, մի դրվագն է 44-օրյա պատերազմն իր հետեւանքներով։

Իսկ թե ինչն է հնարավոր դարձնում, որքան անհեթեթ, նույնքան ողբերգական ու ազգակործան նման ընթացքը, եւ ինչ եղավ դրա դիմաց համազգային մեր վճարը՝ հաջորդ մասում, կրկին փաստերի լեզվով։

(Մի խնդրի մասին՝ միջանկյալ, որպես ծանոթություն)

Հայտնի է, որ Վազգեն Սարգսյանը առանձնանում էր զգացմունքային, հուզական, բռնկուն խառնվածքով։ Նրա հետ ամենօրյա մտերիմ անձնական շփումներ ունեցողների վկայությամբ՝ պետական հեղաշրջմանը նախորդած շրջանում նա մշտապես տվայտանքների մեջ է եղել՝ հաճախ կասկածել իր ընտրած ճանապարհի ճիշտ թե սխալ լինելու մեջ։ Ասում են՝ նաեւ, որ խորապես զղջացել է կատարած հեղաշրջումից քիչ անց։

Հայտնի է, որ Ռ. Քոչարյանի նախագահ դառնալուց հետո, շատ կարճ ժամանակում սրվել են վերջինիս հետ Վ. Սարգսյանի հարաբերություններն այնքան, որ 1999 թ. խորհրդարանական ընտրություններում նա դաշինք կազմելու առաջարկ է արել Ժողոդրդական կուսակցության առաջնորդ Կարեն Դեմիրճյանին, որը մեկ տարի առաջ նախագահական ընտրություններում Քոչարյանի վտանգավոր (իրականում՝ նրան հաղթած) հակառակորդն էր։ Նրանց կազմած «Միասնություն» դաշինքը հաղթեց. Վ. Սարգսյանն ստանձնեց հանրապետության վարչապետի, Կ. Դեմիրճյանը՝ ԱԺ նախագահի պաշտոնը։ Ռ. Քոչարյանը հայտարարեց, որ ինքը «դիտորդ» է դարձել, այսինքն՝ փաստական իշխանությունը անցել էր հաղթած դաշինքին։

Հնարավոր է, որ Վ. Սարգսյանը ինչ-որ պահի, իրոք, հասկացել է իր կատարած ճակատագրական սխալը եւ մտածել է այն շտկել (այդ մասին մասնավոր զրույցներում արտահայտվել են նրա հետ անձնական սերտ շփումներ ունեցած մարդիկ, որոնք գուցեեւ իրենց հուշերում դա հաստատեն)։ Բայց դա ոչինչ չի փոխում. ո՛չ նրա որեւէ ելույթում 1998-99-ին, ո՛չ «Միասնություն» դաշինքի նախընտրական ծրագրում ակնարկ անգամ չկա այն մասին, որ 1998-ին սխալ է տեղի ունեցել, որ պետք է հրաժարվել «ստատուս քվոն» պահելու ռազմավարությունից եւ վերադառնալ նախորդ՝ փոխզիջումների հիման վրա արցախյան խնդիրը կարգավորելու ուղեգծին։ Իսկ քաղաքական անհատի գործունեությունը գնահատվում է ոչ թե նրա հույզերով, զգացումներով ու թաքուն տվայտանքներով, այլ՝ հրապարակային խոսքով, դրանից բխող գործով, դրանցով գրանցված քաղաքական արդյունքով։

Պատմական դաժան փաստը մնում է հետեւյալը. 1998թ. պետական հեղաշրջումը առանց Վազգեն Սարգսյանի տեղի չէր ունենա, Ղարաբաղյան խնդիրը կկարգավորվեր ՀՆԱՐԱՎՈՐ լավագույն տարբերակով, երկրի ընթացքը չէր շեղվի դեպի աղետաբեր ճանապարհ։

Այսինքն, ըստ քաղաքական արդյունքի հաշվեկշռի՝ որքան որ էր Վազգեն Սարգսյանի (նաեւ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ մյուսների) պատմական նպաստը մինչեւ 1997 թ. հանուն Արցախի, Հայաստանի, հայ ժողովրդի, ապա՝ հարյուրապատիկ մեծ է դրանից հետո նրանց տված անչափելի վնասը։ Եւ սա այլեւս օբյեկտիվ պատմական փաստ է։

Շարունակելի

Մաս 3

Նախորդ հոդվածըԶատել Տեր-Պետրոսյանին իր իսկ տեքստերը վերարտադրողներից․ Ալիք Մեդիա
Հաջորդ հոդվածըԱստղերը հուշում են. Վարդան Օսկանյան․ ՉԻ