Աշոտ Սարգսյան. Պատերազմը եւ դրա պատասխանատուները՝ փաստերով- մաս 3

6893

Մաս 1 Մաս 2

Թե ինչպես եւ ինչ գնով ծախվեց Արցախը (1998-2020 թթ.)

Փաստ 9.

1998 թ. փետրվարյան պետական հեղաշրջումը կատարվեց «հայդատականություն» կոչվող գաղափարախոսական հիմքի վրա։

«Հայ դատը» մեր իրականության մեջ «ազգայինի» համարում ունեցող, կրոնական հավատալիքի աստիճանի բարձրացված մի գաղափարախոսություն է (իրականում՝ մարդկանց ազնվագույն՝ ազգային եւ հայրենասիրական զգացումների վրա արվող հանցավոր ու անբարո մի բիզնես)։  Այն առաջնային նպատակ է համարում հարեւաններից պատմական հայկական հողերի պահանջատիրությունը, մերժում է դրանից չբխող որեւէ խնդիր, արհամարհում իրատեսական քաղաքական որեւէ հաշվարկ։ Հայդատական գաղափարախոսությունը շուրջ 40 տարի (19-րդ դարի վերջ եւ 20-րդ դարի սկիզբ) դրվել է գործնական քաղաքականության հիմքում, հետեւանքը եղել է ամբողջ Արեւմտահայաստանի եւ Արեւելյան Հայաստանի կեսի կորուստը։ Արտաքուստ «հույժ հայրենասիրական» ու «ազգասիրական» լինելով, այն օբյեկտիվորեն մեծագույն աղետներ է բերել Հայաստանին եւ մեծագույն օգուտ՝ մեր հակառակորդներին։

Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժումը եւ նրա ձեւավորած իշխանությունը 1988-ից ի վեր մերժում էր հայդատականությունը։ Նրա օրակարգային խնդիրների եւ գործելակերպի հիմքում շուրջ 10 տարի դրված էր «երրորդ ուժի» բացառման, սեփական ուժերին ապավինելու եւ այդ հիմքի վրա՝ իրատեսական քաղաքականության սկզբունքը։ Գործնական քաղաքական կյանքում հայդատականությունը մղված էր լուսանցք։ Եւ փաստ է, որ հենց այդ պայմաններում ու դրա շնորհիվ է, որ տեղի ունեցան անհաղթահարելի թվացող խոչընդոտների հաղթահարումը, անլուծելի թվացող խնդիրների լուծումը, աներեւակայելի թվացող հաղթանակների գրանցումը։

Սակայն 90-ական թվականներին «հայդատականությունը» լուսանցք էր մղված միայն գործնական քաղաքականության ոլորտում։ Այն դեռեւս ավանդույթի ուժով տարածված էր հասարակական պատկերացումներում՝ որպես «ազգասիրության», «հայրենասիրության» դրսեւորում։

ՀՀՇ-ին ընդդիմադիր բոլոր կուսակցությունների ծրագրերը կա՛մ ամբողջությամբ էին հենված հայդատականության վրա, կա՛մ դրանից մի «կարկատան» ունեին։ Շուրջ 10 տարի լուսանցք մղված հայդատականությունը ոչ միայն ընդդիմադիր կուսակցություների, այլեւ այլազան կազմակերպությունների եւ նախկին (խորհրդային) մտավորական նոմենկլատուրայի տեսքով,  «ռեւանշի» հասնելու լավագույն առիթն ստացավ՝ թիրախ դարձնելով փոխզիջումների հիման վրա խաղաղության ծրագրի իրականացման գործնական քայլերը։

Վազգեն Սարգսյանը եւ մյուսները եւս, 1998 թ. պետական հեղաշրջման համար որդեգրեցին նույն «հայդատականությունը»։ Առարկայական փաստարկների բացակայության պայմաններում սա էր միակ միջոցը՝ կեղծ հայրենասիրական շղարշով քողարկելու ընդդիմացման իրենց իրական հիմքերն ու շարժառիթները։ Այս հիմքի վրա էին կազմված նրանց բոլոր «հաշվարկները»՝ համահայկական օժանդակության մասին, եւ կարգախոսները՝ «արյունով գրաված հողերը թղթով չեն վերադարձնում», «մեր պատերազմը մի անգամ պետք է մղենք մինչեւ վերջ», «մենք ազատագրել ենք մեր պատմական հողերը» եւ այլն։

Ցանկացած ժողովրդի եւ հասարակության մեծագույն մասը խոցելի է ազգային եւ հայրենասիրական զգացումները շոյող պարզ ու մատչելի կարգախոսների ձգողական ուժի նկատմամբ։ Մտավոր ջանք չպահանջելով՝ մրցակցության մեջ դրանք հեշտությամբ կարող են հաղթել իրատեսական մոտեցումներին, սթափ հաշվարկներին, քանի որ վերջիններս ոչ թե անմիջական ընկալում, այլ առաջին հերթին բազային որոշակի իմացություններ եւ մտքի որոշակի աշխատանք են պահանջոում։ Գործնական քաղաքականության մեջ եթե հաղթում է զգացականը, ապա երկիրը գնում է արկածախնդրության ու աղետների։ Երկրորդը՝ իրատեսականը, հաղթում է այն դեպքում, եթե բանավեճին խառնվում եւ հօգուտ սթափության ու բանական մոտեցումների իր խոսքն է ասում ազգի մտավորականությունը։

Փաստ 10.

Հայ մտավորականությունը չգտնվեց իր բարձրության վրա, դավաճանեց իր կոչմանը, չահազանգեց ակնհայտ վտանգի մասին։

Հատկապես այն դեպքերում, երբ երկիրը, ազգը գտնվում են ճակատագրական ճամփաբաժանի առջեւ, հասարակության լայն շերտերի համար ավելի ընկալելի, համոզիչ, կողմնորոշիչ է լինում քաղաքական հավակնություններ ու դրա վրա հենված անմիջական շահեր չունեցող մտավորականության խոսքը՝ որպես արբիտրի։ Եւ հատկապես նրանց խոսքը, ովքեր այդ հասարակությանը լայնորեն հայտնի են, ունեն բարձրագույն տիտղոսներ, ընկալվում են որպես հանրային բարոյական հեղինակություններ։ Սա ոչ թե նրանց պարտականությունը, այլ առաջնային կոչումն է։

Ավելի քան չորս ամիս ներքաղաքական կյանքի հիմնական թեման ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրն էր, Նախագահի՝ 1997 թ. սեպտեմբերի 26-ի մամուլի ասուլիսը, նրա «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածը (որը հրապարակվել էր հանրապետության բոլոր թերթերում)։ Չբավարարվելով դրանով, Լեւոն Տեր-Պետրոսյանը այդ թեմայով  նաեւ փակ դահլիճներում հանդիպումներ էր ունեցել բուհական եւ ակադեմիական մտավորականության հետ՝ ավելի մանրամասնելով ու հանգամանորեն ներկայացնելով հարցը։

Հայտնի մտավորականների հրապարակային ելույթները գերլարված իրավիճակում լայն լսարանի համար կողմնորոշիչ կարող էին լինել, զսպաշապիկ դառնալ արկածախնդրության գնացողների համար։ Դրանք կարող էին հասարակական մթնոլորտ փոխել, եւ փոխել այնպես, որ բոլորովին այլ լինեին հետագա զարգացումները։

Որեւէ նման ելույթ չեղավ…

Ամեն ինչ չափազանց պարզ էր, առարկայորեն դյուրամարս, եւ մեծագույն վիրավորանք կլիներ մտածել, թե մտավորականությունը չհասկացավ խնդիրը, դրա էությունը։ Հնարավոր միակ բացատրությունը թանձրացող հայդատական մթնոլորտում ոչ հայրենասեր, ոչ ազգասեր, «դավաճան» համարվելու երկյուղն ու մտավախությունն էին, մտավորականի առաջնային հատկանիշի՝ նվազագույն համարձակության, քաջության բացակայությունը։ Ավելին, նույն այդ մտավորականության առանձին ներկայացուցիչներ հենց իրենք ակտիվորեն նպաստեցին հայդատական մթնոլորտի թանձրացմանը. նրանցից շատերը մասնակցում էին հակամարտության խաղաղ կարգավորման քննարկման դրված ծրագրի դեմ «Կինոյի տան» խայտառակ հավաքին։

Փաստ 11.

Հայդատականությունը ոչ միայն օգտագործվեց պետական հեղաշրջման իրականացման համար, այն նաեւ դրվեց պետական քաղաքականության հիմքում։

Հրաժարականի իր հայտարարության մեջ Լեւոն Տեր-Պետրոսյանի արձանագրում-զգուշացումը նաեւ այդ մասին է. «Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ»։

Հայդատականությունը պետական քաղաքականության հիմքում դնելու հանգամանքով էր պայմանավորված Ռ. Քոչարյանի ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից 1998 թ. սեպտեմբերի 29-ին՝ Հայոց ցեղասպանության մասին, ինչը հիմք տվեց այդ հարցով «պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու թուրքական օրակարգի առաջացմանը։ Դրա դրսեւորումն էր (թեկուզ հիմնականում հասարակական կազմակերպությունների ձեռքով) Նախիջեւանի խնդրի հարուցումը եւ սրումը, ինչի հետեւանքը եղավ այստեղ հայկական մշակութային հուշարձանների ավերումը։ Ավելի ուշ՝ դրա հստակ ապացույցն էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ՀՀ անունից տարածված վտանգավոր հռչակագիրը եւ այլն։

Միայն արտաքուստ է, որ հակամարտության խաղաղ հանգուցալուծման բանակցությունները շարունակվում էին։ Իրականում, ամբողջ 23 տարի նույն այդ՝ հայդատական հիմքի վրա է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում որպես ստրատեգիական ուղեգիծ մնաց «ստատուս քվոյի» պահպանումը։ Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի ղեկավարման երկու տասնամյակում, իշխանությունը, լիակատար վերահսկողություն ունենալով զանգվածային լրատվամիջոցների վրա, ոչ միայն ժողովրդին խաղաղ կարգավորման չէր պատրաստում, այլեւ ընդհակառակը՝ խրախուսում էր հայդատական կարգախոս «ոչմիթիզականությունը»։ Ավելին, այդ գաղափարը մտցվեց դպրոցական եւ բուհական դասագրքեր։

Ռազմավարական նույն ուղեգիծը շարունակվեց նաեւ Ն. Փաշինյանի կողմից՝ արդեն ոչ միայն ներքին լսարանի համար քարոզչության, այլ նաեւ հակառակ կողմին եւ միջազգային հանրությանն ուղղված հոխորտանքների եւ վիրավորական վերջնագրերի տեսքով։

Փաստ 12.

1998 թվականից սկսվեցին Արցախի հարցում դիվանագիտական ձեռքբերումների մսխումը եւ բանակցություններում ունեցած հաղթաթղթերի մարումը։ Սկսվեց «Արցախը ծախելու» այն գործընթացը, ինչի մասին եւս, հակադարձելով իրեն ուղղված նույն մեղադրանքին, հրաժարականի իր հայտարարության մեջ զգուշացրել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Այն, որ հայդատական հիմքով որեւէ իշխանություն պիտի կորցներ բոլոր ձեռքբերումները եւ «ծախեր» Ղարաբաղը, ինչպես ասվեց, ապացուցված էր 20-րդ դարասկզբի դառը պատմությամբ։ Խնդիրն այն էր, թե այս դեպքում որքանով ուղիղ կամ փոխաբերական իմաստավորում էր ստանալու «ծախել»-ը, ո՞վ էր դրա դիմաց վճարելու, եւ ո՞վ էր շահելու։

1998 թվականից ի վեր բանակցված բոլոր փաստաթղթերը հայկական կողմի համար շատ ավելի պակաս բարենպաստ են եղել, քան այն, ինչը մերժվեց պետական հեղաշրջում իրականացրած անձանց կողմից։ Այդ բանը բազմիցս, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, ցույց են տվել նաեւ անկախ վերլուծաբանները։

1998 թ. «Ընդհանուր պետություն» անունով հայտնի կարգավորման փաստաթղթով, որին իր համաձայնությունն էր տվել Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը մնում էր Ադրբեջանի կազմում։

1999 թ. նոյեմբերի 19-ին Ռ. Քոչարյանը ստորագրեց ԵԱՀԿ Ստամբուլի վեհաժողովի «Եւրոպական անվտանգության խարտիա» կոչվող բանաձեւը, որի համապատասխան դրույթի տրամաբանությամբ Ղարաբաղյան հակամարտությունը դառնում էր Ադրբեջանի ներքին գործ, ճանաչվում էր նրա տարածքային ամբողջականությունը։

1999 թվականից ինտենսիվ բանակցվել է նաեւ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք Մեղրիի շրջանի փոխանակմամբ խնդրի կարգավորման տարբերակը, ինչը փորձ է արվել ամրագրել Քիվեստյան համաժողովում։

2007 թ. նույն Քոչարյանի ստորագրած «Մադրիդյան սկզբունքները» միաժամանակ օգտագործելով «ինքնորոշում» եւ «տարածքային ամբողջականություն» եզրույթները, այլ բան չէր, քան՝ Արցախի կարգավիճակի կանխորոշում Ադրբեջանի կազմում։

Այս ամենն արդեն էական կորուստներ էին բանակցային սեղանին։

Նախորդ՝ ՀՀՇ-ի իշխանությունը նմանօրինակ որեւէ փաստաթղթի տակ չէր դրել Հայաստանի ստորագրությունը, 1996 թ. դեկտեմբերի 3-ին  Լեւոն Տեր-Պետրոսյանը ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում «վետո» էր կիրառել Արցախը Ադրբեջանի կազմում մնալը կանխորոշող փաստաթղթի վրա։ Երբեւէ Հայաստանի Հանրապետության որեւէ տարածք չէր դրել բանակցությունների սեղանին։

Փաստ 13.

Ամենամեծ կորուստը Ռ. Քոչարյանի կողմից կարգավորման բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղին հակամարտության կողմի միջազգայնորեն ճանաչված մանդատից զրկելն էր։

Այդ մանդատը 90-ական թվականների հայկական դիվանագիտության այն ձեռքբերումն էր, որն իր նշանակությամբ ու կշռով կարգավորման գործընթացում Արցախի ապագայի համար հավասարազոր էր ռազմական հաղթանակներին։ Դա, ըստ էության, միջազգային հանրության կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման հիմքն էր, որն, այսպես թե այնպես, ապահովելու էր նրա փաստական, ապագայում՝ նաեւ իրավական անկախությունը։ Պատահական չէ, որ Ադրբեջանը պատերազմից հետո ուներ երկու առաջնային, հավասարազոր խնդիր, այն է՝ կորցրած տարածքների ետբերումը եւ Լեռնային Ղարաբաղի` որպես հակամարտության կողմի, մանդատի ոչնչացումը։

Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմի մանդատից զրկելու քայլի հիմնական բացատրությունը եղել է Ռ. Քոչարյանի «գավառամտությունը»։ Չմերժելով նման բնորոշումն ընդհանրապես, այս դեպքում, սակայն, դա նրա համար կդառնար կատարած հանցանքը պարտակելու միջոց, ցանկալի արդարացում։ Քոչարյանը՝ նույն 90-ականներին` որպես Ղարաբաղի ղեկավար, շատ լավ գիտեր այդ մանդատի ձեռքբերման դժվարությունը, գիտեր դրա արժեքն ու կարեւորությունը թե՛ բանակցային պրոցեսում հայկական կողմի համար ճկունության ապահովման, թե՛ Արցախի ինքնորոշման իրավունքի կենսագործման համար որպես վճռորոշ հիմքի։ Այդ մասին նա մի քանի անգամ փառավորապես գրում է իր վերոհիշյալ «Կյանք եւ ազատություն» վերնագրով հուշերում (տե՛ս էջ 183, 199-200, 206, 212, — էջերն ըստ ռուսերեն հրատարակության, Մոսկվա, 2019. — համապատասխան տեքստային քաղվածքները տե՛ս Աշոտ Սարգսյան, Թե ինչպես է Քոչարյանը ոչնչացնում ինքն իրեն, iLur.am, 29.03.2019)։

Այս դեպքում, բացառելով «գավառամտությունը», հանցավոր նման քայլի բացատրությունը պետք է փնտրել Ռ. Քոչարյանի համար նույնքան արտահայտված մեկ այլհատկանիշի՝ անձնական շահի հարթությունում. նա այդքան թանկ կարող էր վճարել իր համար կենսականորեն կարեւոր մի բանի՝ ունեցած իշխանությանն սպառնացող իրական վտանգի չեզոքացման համար։ Իսկ նման վտանգ կար։ ԱՄՆ Պետդեպը մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցում հանկարծ որոշել էր հետին թվով անդրադառնալ Հայաստանի՝ երեք տարի առաջ տեղի ունեցած նախագահական ընտրություններին եւ արձանագրել, որ դրանում Քոչարյանի օգտին կեղծվել է «100.000-ից շատ ավելի ձայն»։ Դա քիվեստյան հանդիպումից առաջ էր։ Այսպիսի ձեւակերպմամբ արձանագրումը շատ նման էր զգուշացման. 100.000-ին կցված «շատ ավելին»-ը կարող էր «բացվել» այնպիսի մի թվի տեսքով, որ գումարվելով 100.000-ին՝ դառնար նրա օրինակարգության չճանաչման հիմք։

Հայտնի է, որ 1996 թ. Լեռնային Ղարաբաղի հարցով անընդունելի ձեւակերպումը ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի բանաձեւի նախագիծ մտել էր հենց ԱՄՆ-ի կողմից՝ Ադրբեջանական լոբբիի աշխատանքի շնորհիվ (տե՛ս Լեւոն Տեր-Պետրոսյան հարցազրույցը հանրային հեռուստատեսությամբ, 27.05.2021)։ Բանաձեւի ընդունումը (որում միաժամանակ հիշատակվում էին ինչպես ինքնորոշման, այնպես էլ տարածքային ամբողջականության սկզբունքները) կնշանակեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի կանխորոշում Ադրբեջանի կազմում. այսինքն՝ կչեզոքացվեր Ղարաբաղի՝ 1994-ից ձեռք բերված, նրա ինքնորոշման իրավունքի համար դուռ բացող՝ հակամարտության կողմի մանդատը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի վճռականության շնորհիվ այդ ժամանակ նրանք հաջողության չհասան։ Խնդիրը մնաց, եւ Ադրբեջանը պիտի շարունակեր այն հետապնդել։

ԱՄՆ-ի ակտիվ նախաձեռնությամբ տեղի ունեցած Քիվեստյան գործընթացը՝ Ռ. Քոչարյանի կենտրոնական դերակատարմամբ, ըստ էության, Ադրբեջանի համար լուծեց հենց այդ՝ 1996-ին չլուծված խնդիրը, եւ դա փաստ է։

Ասում ենք՝ Քոչարյանի կենտրոնական դերակատարմամբ, քանի որ՝

  1. Մինչ այդ կարգավորման բոլոր փաստաթղթերը («Փաթեթային» (1997), «Փուլային» (1997), «Ընդհանուր պետություն» (1998), Մինսկի խումբը ներկայացրել էր երեք կողմի՝ Հայաստանին, Ադրբեջանին եւ Լեռնային Ղարաբաղին։ Երեքն էլ ունեին դրանց վրա «վետո» կիրառելու իրավունք։ Սա առաջին դեպքն էր, երբ կարգավորման հերթական փաստաթուղթը Լեռնային Ղարաբաղ չուղարկվեց (դրանից հետո հաջորդ տարիներին նրան չտրամադրվեցին նաեւ կարգավորման մյուս փաստաթղթերը)։
  2. Լեռնային Ղարաբաղը իր իրավունքները կոպտորեն ոտնահարող այս քայլին զարմանալիորեն որեւէ կերպ չարձագանքեց. պարզապես, մինչ այդ Ռ. Քոչարյանը կարողացել էր ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանից շանտաժով կորզել նրա համաձայնությունը։

 Դրանով՝

  • Ադրբեջանը լուծեց իր հիմնական՝ գրավված հողերի ետբերման եւ Արցախի ինքնորոշման իրավունքի չեզոքացման երկու խնդիրներից մեկը՝ երկրորդը։
  • Լեռնային Ղարաբաղը հակամարտության սուբյեկտից վերածվեց հակամարտության օբյեկտի, դարձավ երկու հակամարտող կողմերի միջեւ վիճելի տարածքի հարց։
  • Խնդիրը ինքնորոշման իրավունքի հարթությունից տեղափոխվեց Հայաստանի կողմից  որպես հողային պահանջատիրություն մեկնաբանվելու՝ միջազգային իրավունքի տեսակետից խիստ խոցելի հարթություն։
  • Միջազգային հանրությունը ստացավ իր համար շատ ավելի պարզ ու դյուրին՝ տարածքային ամբողջականության սկզբունքի հիմքով հակամարտության կարգավորման հնարավորություն։
  • ԱՄՆ-ը այլեւս չհիշեց Ռ. Քոչարյանի՝ 1998 թ. ընտրություններում ստացած «100.000 եւ «շատ ավելի» կեղծված ձայների մասին, իսկ ժողովրդավարության ջատագով Արեւմուտքն, ընդհանրապես, հետագա տարիներին մատների արանքով նայեց Հայաստանում նրա ստեղծած ավազակապետական ռեժիմի շահատակումներին։

Այս ամենը ցույց են տալիս, որ «քիվեստյան գործընթացի» հիմնական խնդիրն իրականում եղել է հենց Լեռնային Ղարաբաղի՝ հակամարտության կողմի մանդատի չեզոքացում-ոչնչացումը։ Մնացածը թատերական ներկայացում էր՝ այդ բանը քողարկելու համար։

Այս կոնտեքստում հետաքրքիր ու արձանագրման արժանի է դառնում երկու փաստ.

  1. Հրապարակված եւ հասանելի են արցախյան կարգավորման բոլոր փաստաթղթերը, բացի Քիվեստյանից։
  2. ԱՄՆ-ը առանձնապես «չնեղացավ» կողմերից՝ բարձր մակարդակով ու տքնաջան աշխատանքով կազմակերպած իր նախաձեռնության «տապալման» համար։

Արդյունքը լիուլի բավարարել էր երեք կողմերին։ 

Փաստ 14.

Քայլ առ քայլ եւ անշեղորեն իրականություն դարձավ ժամանակի ընթացքում տնտեսական եւ ռազմական ուժերի հարաբերակցության՝ հօգուտ Ադրբեջանի փոփոխության մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի կանխատեսումը։

Այս փաստը կարող է իր համար ստուգել եւ պարզել յուրաքանչյուր ոք՝ Հայաստանի եւ Ադրբեջանի տարեկան ՀՆԱ-ի, պետական բյուջեի, ռազմական հատկացումների թվերը քաղելով ինտերնետային բաց աղբյուրներից։

Հայաստանում հետեւողականորեն վատթարացավ ժողովրդագրական իրավիճակը՝ 23 տարվա ընթացքում տեղի ունեցած արտագաղթը քամեց երկրի մարդկային ռեսուրսները։

Հակամարտության կարգավորված չլինելու պայմաններում Հայաստանը շրջանցեցին տարածաշրջանային կարեւորագույն կոմունիկացիաները՝ երկաթուղային գծերը, գազատարները, նավթամուղերը։

Այս ամենն ավելի քան ակնհայտ էին եւ պետք է հիմք ծառայեին «ստատուս քվոյի» պահպանման ռազմավարությանը վերջ տալու, անկեղծ ու կառուցողական քայլերով կարգավորման գնալու համար։ Դա չարեցին ո՛չ Քոչարյանը, ո՛չ Ս. Սարգսյանը, ո՛չ Ն. Փաշինյանը։

Ազգային ժողում 2021 թ. ապրիլին ներկայացրած տարեկան մի հաշվետվության մեջ Ն. Փաշինյանը թափահարում էր 2017 թ. Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ կազմված փորձագիտական մի փաստաթուղթ, ըստ որի` Հայաստանի եւ Ադրբեջանի ուժերի հարաբերակցությունը արդեն եղել է 1:10-ի։ Ապա ավելացրեց, որ այդ փաստաթղթում ինչ-որ հանգամանքներ հաշվի չեն առնված, եւ իրական հարաբերակցությունը 1:20-ի է։

Արդեն լուծած լինելով Արցախի՝ որպես հակամարտության կողմի միջազգային մանդատի ոչնչացման հարցը, ուժերի նման հարաբերակցությամբ, Ադրբեջանն այլեւս պատրաստ էր լուծելու նաեւ «գրավյալ տարածքները» ետ բերելու իր երկրորդ խնդիրը՝ ոչնչացնելու հայկական կողմի երկրորդ հաղթաթուղթը։

 2016 թ. ապրիլյան պատերազմից դեռ կես տարի առաջ այդ մասին հերթական անգամ ահազանգեց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 2015 թվականի նոյեմբերի 26-ին հրապարակված «Սահմանադրական հանրաքվեն՝ անկանխատեսելի հետեւանքներով հղի արկածախնդրություն» հոդվածով (տե՛ս iLur am. 26.11.2015) ։ Չբավարարվելով դրանով, նա այդ վտանգի մասին խորհրդապահական նամակ հղեց Սերժ Սարգսյանին (տե՛ս Կարեւորագույն փաստաթղթեր Լեւոն Տեր-Պետրոսյանի արխիվից, iLur am.03.11.2021)։

Փաստ 15.

Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին տրամադրեց այն հիմքերը, որոնք նրան անհրաժեշտ էին ռազմական ճանապարհով արցախյան խնդիրը լուծելիս միջազգային հանրության համաձայնության ապահովման համար։

Ունենալով ուժերի տասնապատիկ գերազանցություն, 2016 թվականի ապրիլին Ադրբեջանը փորձեց ռազմական ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Միջազգային հանրությունը, ի դեմս Մինսկի խմբի անդամ երկրների, մասնավորապես Ռուսաստանի՝ դա թույլ չտվեց, ռազմական գործողությունները 4 օր հետո դադարեցվեցին. գործում էր ռազմական ճանապարհով Արցախյան հակամարտության լուծման անթույլատրելիության մասին նույն միջազգային հանրության սահմանած դրույթը։

2018 թվականից Սերժ Սարգսյանին փոխարինած Ն. Փաշինյանը, շարունակելով իր նախորդների՝ «ստատուս քվոն» պահպանելու ռազմավարական գիծը, մի քանի քայլ էլ առաջ անցավ նրանցից։

Փաշինյանի այդ «քայլերի» մասին խոսվել է բազմիցս.

  • Նա հայտարարեց, որ չի ճանաչում մինչ այդ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում կատարված տասնամյակների աշխատանքը եւ ամեն ինչ պետք է սկսի «զրոյական կետից», «իր կետից»։
  • Հայտարարեց՝ «Արցախի հարցը լուծված է», «Արցախը Հայաստան է եւ վերջ»՝ դրանով, ըստ էության, հրաժարվելով կարգավորման բանակցային գործընթացից։
  • Նոյեմբերյանում, կուլ տալով Ադրբեջանի խայծը, գնաց զինված սադրանքի՝ փոքր մի դիրքի գրավումը տարփողելով որպես «Սարդարապատին» հավասար հաղթանակ հակառակորդի դեմ։
  • Թուրքիայի դեմ ճոճեց «Սեւրի պայմանագիրը»։

Սա արհամարհական վերաբերմունք էր միջազգային հանրության, միջազգային իրավունքի, Մինսկի խմբի նկատմամբ, բաց մարտահրավեր՝ ոչ միայն Ադրբեջանին, այլ նաեւ Թուրքիային։

Այս ամենը, սակայն, փաստորեն, նաեւ այն պակասող հիմքն էր, որն ազատեց Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու անթույլատրելիության՝ միջազգային հանրության պարտադրանքից, իսկ Թուրքիային առիթ եւ հնարավորություն ընձեռեց հօգուտ Ադրբեջանի ակտիվորեն ներգրավվել ռազմական գործողություններում։

Եթե անգամ այս քայլերն արվում էին ներքին լսարանի առջեւ «հերոսանալու» սին մղումով, դժվար է գտնել ավելի արդունավետ գործողություններ, որոնք գիտակցված ձեւով կարվեին առավելագույնս մոտեցնելու եւ նույն միջազգային հանրության աչքում «իրավականորեն արդարացված» դարձնելու համար ադրբեջանական ագրեսիան։ Այդ ամենի անմիջական հետեւանքն էր 44-օրյա պատերազմը եւ դրա նկատմամբ միջազգային հանրության քար անտարբերությունը. ոչ մեկը չդատապարտեց Ադրբեջանին, չհիշեց ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու անթույլատրելիության՝ ավելի քան երկուսուկես տասնամյակ գործած, իրենց իսկ սահմանած արգելքի մասին։

Փաստ 16.

Զինադադարի հնարավոր երկու ելքերից մեկը՝ պատերազմը, նախորդ 23 տարում կարելի էր կանխել ցանկացած պահի՝ քաղաքական-պետական մտածողություն դրսեւորելու եւ Արցախի, Հայաստանի, հայ ժողովրդի շահը անձնականից վեր դասելու դեպքում։

Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունները, թե վարչապետ մնալու դեպքում ինքը պատրաստվում էր ստորագրել սեղանին դրված կարգավորման վերջին փաստաթուղթը՝ «Լավրովյան պլանը», նշանակում է, թե նույն բանը նա կարող էր անել նաեւ նախագահության վերջին տարիներին։  Պատերազմը այդ դեպքում պարզապես կբացառվեր, Ադրբեջանի համաձայն լինել-չլինելը, ստորագրել-չստորագրելը ոչ մի նշանակություն չէր կարող ունենալ։ Տվյալ փաստաթղթի տակ Հայաստանի ստորագրության առկայության պայմաններում պարզապես կբացառվեին Ադրբեջանի կողմից ռազմական լայնածավալ գործողությունները կամ դրանք կհանդիպեին միջազգային հանրության կոշտ դիմակայությանը։

Ըստ Ն. Փաշինյանի՝ պատերազմը կարելի էր կանխել դեռ դրա սկսվելուց ամիսներ առաջ, նույնիսկ սկսվելուց անմիջապես հետո, առաջին օրերին՝ սեղանին դրված կարգավորման նույն փաստաթուղթն ստորագրելով։ Նման հնարավորության մասին, ինչպես ասվեց, նա խոսել է մի քանի անգամ՝ միաժամանակ խոստովանելով, որ այդ դեպքում կունենայինք «շատ ավելի լավ վիճակ»։ Նա ներկայացրել է նաեւ այդ քայլին չգնալու իր շարժառիթը, այն է՝ որպեսզի իրեն չհամարեին «թղթով հող տվող» եւ «դավաճան»։ Սա այլ բան չէ, քան ինքնախոստովանական ցուցմունք՝ երկրի ղեկավարի համար հնարավոր ամենածանր հանցագործության մասին։ Այս հանցագործությունը սողացող ընթացք է ունեցել եւ նույն չափով վերաբերում է նաեւ իր նախորդներին՝ Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։

***

44-օրյա պատերազմն ընդամենը վերջին (առայժմ վերջին) դրվագն է այն ահռելի կորուստների եւ արհավիրքների (սա առանձին թեմա է), որոնք ունեցել են Հայաստանը, Արցախը եւ հայ ժողովուրդն ընդհանրապես՝ 1998 թվականից ի վեր։

Դա տեղի է ունեցել երկրի քաղաքական ընթացքը իրատեսական քաղաքականության սկզբունքներից տրամագծորեն շեղելու, այն «հայդատականության» տիրույթ տեղափոխելու հետեւանքով։

Դա տեղի է ունեցել պետական-քաղաքական մտածողության լիակատար բացակայության, անձնական շահը ազգայինից վեր դասելու հետեւանքով։

Այո, թանկ արժեր Արցախը՝ այն ձեռքբերումներով, որոնք առարկայացել էին 1988-1998 թվականներին։ Հետագա 23 տարում, իրոք, «ծախվեց» Արցախը՝ վերածվելով անձերի իշխանության, դիրքի, անձնական հարստության։ Եւ դրա դիմաց վճարեց ոչ թե Ադրբեջանը, այլ նույն Արցախի, Հայաստանի ժողովուրդը՝ իր տված հազարավոր զոհերով, ահռելի զոհողություններով, խեղված ճակատագրերով, վտանգված ներկայով եւ անկանխատեսելի ապագայով։

Եւ սա կայացած պատմական փաստ է։

Կորուստների նման ահռելիության հանդիման, որպես քաղաքական գնահատական սովորաբար տրվող ամենակոշտ՝ «դավաճանություն» բառը մեղմասացություն է թվում այլեւս։

Նախորդ հոդվածը«Բետիսն»՝ Իսպանիայի գավաթակիր
Հաջորդ հոդվածըՊՍԺ-ն 10-րդ անգամ հռչակվեց Ֆրանսիայի չեմպիոն (տեսանյութ)