‘Աշոտ Սարգսյան. Սա հաստատ Ավարայր չէ, այլ ավելի շուտ՝ Սարդարապատ’

4115

Մեր պատմության հերոսական դրվագներից ամենից շատ ճանաչվածն ու հանրահայտն են Ավարայրի եւ Սարդարապատի ճակատամարտերը։ Երկուսն էլ համազգային համախմբմամբ հակառակորդի դեմ տրված վճռական ճակատամարտեր են՝ ազգային գոյությանն սպառնացող վտանգի դեմ։

Անշուշտ, նկատի ունեմ, որ Ավարայրն ընդունում ենք որպես հենց այնպիսի իրողություն, ինչպիսին այն մեզ հասել է պատմագրական ավանդույթով եւ դրա հիման վրա նաեւ պատմագիտական գրականության մեջ քաղաքացիություն ստացած տեսքով։ Սարդարապատի մասին, ժամանակով շատ մոտ լինելով, գիտենք ավելի հավաստի։

Հաճախ, որպես համազգային համախմբմամբ հակառակորդի դեմ տրված վճռական ճակատամարտեր, դրանք նաեւ դրվում են կողք-կողքի, նույնացվում են։

Դա ճիշտ չէ։ Դրանք նույնական չեն։ Անգամ տրամագծորեն հակառակ ու հակադիր են, երբ դրանց նայում ենք քաղաքական դիտանկյունից։

Ինչո՞ւ ենք ասում՝ հակադիր են։

Ավարայրը տեղի ունեցավ, երբ սկսեց ուրվագծվել վտանգի առարկայացումը։ Տեղի ունեցավ վտանգի սկզբում, երբ նոր միայն հակառակորդն առաջին քայլերն էր անում իրագործելու իր նկրտումները։ Այսինքն՝ դա ազգի նկատմամբ նոր միայն ուրվագծվող վտանգի կանխարգելման ճակատամարտ էր։ Եթե անգամ այդ ճակատամարտը «ոչ ոքի» (կամ ինչպես սիրում ենք ասել՝ «բարոյական հաղթանակով) չավարտվեր, այլ հայկական բանակի լիակատար պարտությամբ, դա դեռ չէր նշանակի Հայաստանի ու հայության վերջ կամ վախճան։ Հայկական ներուժը դեռ կարող էր մի քանի նման ճակատամարտեր տալ, որ հետագայում ե՛ւ տվեց, ե՛ւ հաղթեց։

Սարդարապատը տեղի ունեցավ, երբ ազգային գոյությանն սպառնացած վտանգն արդեն մի քանի տասնամյակ հսկայական ավերածություններ էր գործել՝ ի դեմս հայության մեծ մասի ֆիզիկական ոչնչացման եւ Հայաստանի մեծ մասի փաստական կորստի։ Սարդարապատը տեղի ունեցավ վտանգի առարկայացման վերջին փուլում, երբ արդեն «դանակը ոսկորին էր հասել»։ Տեղի ունեցավ որպես կենաց ու մահու ճակատամարտ։ Այստեղ պարտվելը կարող էր ճակատագրական լինել Հայաստանի ու հայության համար։

Ահա, այս կտրվածքով, որպես քաղաքական երեւույթներ Ավարայրն ու Սարդարապատը հակադրություններ են։

Ժողովրդի ազգային գոյությանն սպառնացող վտանգը, որպես կանոն, լինում է արտաքին։ Գուցե հազվադեպ, բայց ազգի գոյությանն սպառնացող այդպիսի վտանգը կարող է լինել նաեւ ներքին։ Իսկ ներքին նման վտանգ կարող է պարունակել միայն բռնազավթած, ոչ օրինակարգ իշխանությունը։ Եւ սա նորագույն շրջանի քաղաքական մտքի նվաճում չէ։ Իշխանության օրինակարգության խնդիրը հնագույն ժամանակներից եւ բոլոր ժողովուրդների մոտ համարվել է ամենակարեւորը ու ամենամանրակրկիտ իրավական կարգավորումն է ունեցել։ Շատ հնուց ի վեր համարվել է, որ սեփական ոչ օրինակարգ իշխանությունը ազգային գոյության համար իր մեջ նույնքան վտանգ է պարունակում, որքան օտար նվաճողի իշխանությունը։ Նման փաստեր կան արձանագրված նաեւ մեր պատմիչների մոտ (ինչին առիթ ունեցել ենք առանձին անդրադառնալու)։ Եւ դա հասկանալի է. օտարի իշխանությունն, այնուամենայնիվ, իրավունքով է՝ նվաճման իրավունքով։ Շատ երկար ժամանակ այդպիսին է եղել ընկալումը։ Ոչ օրինակարգ, գողացված իշխանության համար երբեւէ որեւէ իրավունք չի ճանաչվել՝ ո՛չ հնում, ո՛չ հիմա։

Հայաստանում 1998-ից ի վեր ոչ օրինակարգ իշխանություն է։ Եւ ինչպես հազար, երկու հազար, երեք հազար տարի առաջ, այնպես էլ հիմա՝ ոչ օրինակարգ իշխանությունը նույնքան կորստաբեր, նույնքան վտանգավոր է տվյալ ժողովրդի, ազգի գոյության համար։

Հնարավոր այդ կորուստների մեծ մասն արդեն առարկայացել է՝ մասամբ անվերադարձ, մասամբ՝դեռ, գուցե, վերականգնելի։ Չթվարկենք, մեր ընթերցողը (եւ ինչու չէ՝ բոլորը) դրա ամբողջական ցանկը շատ լավ գիտի՝ նաեւ սեփական մաշկի վրա զգալով։

Դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեն նույն այդ ոչ օրինակարգ իշխանության լինել-չլինելու, ավելի ստույգ՝ չլինելու կամ հավերժանալու հարց է լուծելու։ Դա, մեծ հաշվով, նաեւ Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագրի հարցն է լուծելու։ Ակնհայտ ու տրամաբանական է, որ այդ ճակատագրի ապահովությունը ենթադրում է ազատում ոչ օրինակարգ իշխանությունից։ Այս տրամաբանությունն աշխատել է հազար, երկու հազար, երեք հազար տարի։ Եւ դրա համար համազգային համախմբում է անհրաժեշտ, ինչպես դա անհրաժեշտ էր Ավարայրի ու Սարդարապատի դեպքում։

Դեկտեմբերի 6-ը հաստատապես «Ավարայր» չի, որում պարտությունն անգամ դեռ ոչինչ չէր նշանակի։ Դեկտեմբերի 6-ը ավելի շուտ Սարդարապատ է, երբ պարտվելը կարող է ճակատագրական լինել։

Զգաստանանք ու հիշենք. մեզ վրա բռնացողը ու գործը «Սարդարապատի» հասցնողը Հռոմեական, Բյուզանդական հզոր կայսրություններ չեն, Պարսից տերությունը չէ, Արաբական խալիֆաթը, Մոնղոլական աշխարհակալությունը չեն, ոչ էլ՝ Օսմանյան Թուրքիան։ Մեզ վրա բռնացողը մի բուռ անարժան մարդիկ են՝ սոսկ ազգանվամբ հայանուն։ Իշխանագողությամբ Հայաստանն ու հայ ժողովրդին այս վիճակին հասցնելուց հետո, նրանք հիմա էլ խաբեությամբ, մեր իսկ ձեռքով ուզում են հավերժացնել իրենց անարգ բռնատիրությունը։

Հաղթանակի համար առկա է գիտակցական մակարդակում համաժողովրդական համախմբումը «ՈՉ»-ի գաղափարի շուրջ։ Եւ հաղթանակը կառարկայանա, եթե քվեարկության օրը՝ դեկտեմբերի 6-ին, նույն համաժողովրդական համախմբումը գիտակցական մակարդակից տեղափոխվի գործնական մակարդակ եւ արտահայտվի քվեարկությամբ։

Անհրաժեշտ է պարզապես, որ հասարակության մի մասին համակած հուսահատության ու հուսալքության զգացումին փոխարինի զայրույթի եւ արժանապատվության զգացումը։ Դա էր որ վերջին պահին հաղթանակ պարգեւեց Սարդարապատում։ Քանզի նման դեպքերում ժողովրդի հուսահատությունն ու հուսալքությունը հակառակորդի (տվյալ դեպքում՝ ռեժիմի) լավագույն դաշնակիցն են, զայրույթն ու ըմբոստացումը՝ հաղթանակի միակ գրավականը։

Ո՛Չ ասենք, ուրեմն, հուսալքությանն ու հուսահատությունը։

Ո՛Չ ասենք Սերժ Սարգսյանին ու իր ավազակապետությանը։

Ո՛Չ ասենք նրա խաբեական, խարդավական ու ազգակործան ծրագրին։

«Գեղ կանգնի՝ գերան կկոտրի». հավատանք մեր նախնիների հազարամյա փորձով բյուրեղացած աքսիոմատիկ ճշմարտությանը։ Հիմա մեր հերթն է՝ գործով վերահաստատենք այդ ճշմարտությունը եւ փոխանցենք մեր սերունդներին։

 

Նախորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Ֆրանկլին Փիրսը՝ ԱՄՆ-ի ամենաչսիրված, մոռացված նախագահը’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ նիստ. ուղիղ’