‘Աշոտ Սարգսյան. «Ստահակների վերջին ապաստանը հայրենասիրությունն է»’

4961

Հայ Ազգային Կոնգրեսի Վերլուծական կենտրոն

Աշոտ Սարգսյան

«Ստահակների վերջին ապաստանը հայրենասիրությունն է»

Ինչպես ցանկացած ասացվածք ու ասույթ, սա եւս երկար ժամանակում ու հազարավոր փաստերով, իրողություններով ապացուցված, բյուրեղացած, աքսիոմատիկ մակարդակի հասած ճշմարտություն է, ճիշտ նույն կերպ, ինչպես` «Գողն առաջինն է գոռում՝ բռնեցեք գողին»։ Երբ ստոր ու հանցավոր գործունեությամբ զբաղվողը հայտնվում է ինչ-որ փակուղում, վտանգի առջեւ, եւ կաշին փրկելու բոլոր միջոցները սպառված են լինում, ահա, որպես վերջին միջոց՝ նա սկսում է բոլորից բարձր հայրենասիրական կարգախոսներ հոխորտալ։ Սակայն ասույթը հակադիր վեկտորների միասնություն է. այն, որ դա հանրորեն ճանաչված ճշմարտություն է, դեռ չի նշանակում, որ գողն արդեն անօգուտ կհամարի գոռալ «բռնեցեք գողին», եւ ստահակն այլեւս անիմաստ կհամարի վտանգի առջեւ հայրենասեր ձեւանալ։ Եթե այդպես լիներ, սրանք սովորական մտքեր կլինեին, ոչ թե ասույթներ։ Հենց այն պատճառով, որ դրանք, մի կողմից՝ ճանաչված ճշմարտություններ են, մյուս կողմից՝ այդ կերպ վարվելը գործնականում դեռ օգնում է ստահակներին ու գողերին, այս ասույթները դեռ կենդանի են։ Խնդիրն այն է, թե յուրաքանչյուր դեպքում մարդկանց ո´ր մասին է հնարավոր լինում մոլորեցնել։

Վերջերս ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանդես եկավ «հույժ հայրենասիրական» մի ելույթով՝ շատ ավելի սուր, քան այդ թեմայով անգամ հայդատականության ծաղկման շրջանում պահանջատիրական բոցաշունչ ելույթներում իրենց թույլ էին տվել հայ ավանդական կուսակցությունների ամենամոլի ներկայացուցիչներն ամենաապահով լսարաններում։ Դա շատ ավելին է, քան կարող էր անցնել 60-70-ական թվականների որեւէ հայաստանցի այլախոհ-ազգայնականի մտքով։  Ընդ որում՝ եթե հարցում արվեր, թե ինչն է այն ամենաանհավանական բանը, որ կարելի է վերագրել Ա. Հովսեփյանին, ոչ մի հանճարեղ ուղեղ ի վիճակի չէր լինի նրա այսօրինակ ելույթը պատկերացնել։ Նրա կենսագրության մեջ որեւէ մեկը հիշո՞ւմ է գեթ մեկ դեպք, երբ այս թեմայով գրավոր կամ բանավոր մի բառ արտասանած լինի։ Նման բան չի եղել անգամ  1990-95թթ., երբ նա խորհրդարանի պատգամավոր էր, երբ շատերն էին նման թեմաներով ինքնահաստատվում, հերոսական ելույթներ ունենում։ Նրա կենսագրության մեջ հայրենասիրության պիկը 1989-ին «Ղարաբաղ» կոմիտեի գործով գլխավոր քննիչ աշխատելն է եղել։ Այնպես որ, հայդատական-հայրենասիրական այս բռնկումը Ա. Հովսեփյան անձի դեպքում ավելին է, քան կարելի է բնորոշել «կայծակ անամպ երկնքում» պատկերավոր խոսքով։ Էլ չենք ասում, որ դատելով ասածներից՝ նա, զարմանալիորեն, այս հարցերից ոչ միայն քաղաքական, այլ նաեւ իրավական իմաստով նույնքան բոբիկ է, որքան, ասենք, խառատը՝ մանկաբարձությունից։

Ակնհայտորեն այս ելույթը Ա. Հովսեփյանի անձնական նախաձեռնությունը չէ։ Նա վերեւից ստացած հանձնարարությունն է կատարել։ Սա վարչախմբի փորձարկումն է. ի՞նչ չափով հանրության վրա կաշխատեն այսօրինակ թեմաները, որքանո՞վ հուսալի ապաստան կարող է ծառայել հայդատական-հայրենասիրական շոուն իր համար։ Սա վերջին փրկօղակի փորձարկում է։ Մանավանդ որ երկու տարի հետո Հայոց ցեղասպանության 100-ամյակն է, եւ այդ թեմայով միջոցառումների ընթացքում հայդատական-պահանջատիրական «հայրենասիրությունը» կարող է ապաստան ծառայել վարչախմբի համար՝ սեփական ժողովրդի ուժգնացող զայրույթից։

Եւ այսպես՝ յուրաքանչյուր ասույթ ունի երկու կողմ։ Առաջին՝ աքսիոմատիկ ճշմարտություն է, եւ հասարակության այն մասին, որը ճանաչում է այդ ճշմարտությունը, անհնար է խաբել։ Երկրորդ՝ կիրառելի է գործած հանցանքը թաքցնելու, պատասխանատվությունից խուսափելու համար, եւ հասարակության մյուս մասին, որ դեռ անհրաժեշտ չափով հաղորդակից չէ այդ ճշմարտությանը, դրանով կարելի է խաբել։ Եթե Ա. Հովսեփյանի միջոցով հասարակության վրա այս փորձարկումը հաջող անցնի ու արժանի հակահարված չստանա, ապա վարչախումբը շուտով սա պաշտոնապես որդեգրելու է եւ հասարակության առջեւ դնի հետեւյալ հարցադրումը. «Հայաստանի ոչ մի իշխանություն Թուրքիայից  եւ Ադրբեջանից պաշտոնապես չի պահանջել հայկական հողերը, չի պահանջել Ցեղասպանության տարիներին հայության կորցրած նյութական արժեքների լիակատար փոխհատուցում։ Հիմա մենք դա անում ենք, ուրեմն նրանք, ովքեր ցանկացած մոտիվացիայով դուրս են եկել մեր դեմ, չեն ուզում, որ այս ամենն իրականանա, նրանք ծառայում են Թուրքիային եւ Ադրբեջանին»։

Եւ այստեղ, ահա, ընթերցողին պետք է ասենք երկու բան. մեկը՝ լավ, մեկը՝ վատ։ Նախ՝ վատը։

Վատ բան

Վատ բանն այն է, որ արդի հայ հասարակությունը մի անգամ արդեն՝ 1998-ին, այս «կուտը կերել է»։ Եւ դա կարող է հույս տալ ռեժիմին, որ նույն «կուտը»,  շատ ավելի մեծ մասշտաբով, կարող է հասարակությանը «կլլեցնել» երկրորդ անգամ։

Անկախացման օրից Հայաստանի առաջին իշխանությունները, Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, Հայոց Ցեղասպանության հարցում որդեգրել էր հետեւյալ սկզբունքը. Ցեղասպանության ճանաչման հարցը չի դրվում արտաքին քաղաքականության հիմքում, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը՝ առանց նախապայմանների։ Բնականաբար, պետական ինստիտուտները հնարավորինս աջակցում էին Ցեղասպանության ճանաչման Սփյուռքի ջանքերին։

Սփյուռքից «միլիարդներ բերելու», թե նրա աչքում հերոս երեւալու ու իր խախուտ օրինակարգությունը փոքր-ինչ ամրացնելու համար Ռ. Քոչարյանը որոշեց անել ճիշտ հակառակը՝ 1998թ. աշնանը «հերոսական-հայրենասիրական» ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից Ցեղասպանության ճանաչման մասին, դա Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնահարց հռչակելով։ Ճիշտ է՝ այդ ելույթը մնաց օդում կախված, քանզի Քոչարյանը, ինչպես ընդունված է, չարեց երկրորդ քայլը՝ Հայաստանի անունից այդպես էլ որեւէ փաստաթուղթ չմտցրեց ՄԱԿ-ի քննարկմանը։ Սակայն դա չխանգարեց, որ ինչպես Սփյուռքն ամբողջությամբ, այնպես էլ Հայաստանի հասարակության մեծ մասը, ծափահարեն նրան։ Մինչդեռ քիչ անց սկսեցին ի հայտ գալ դրա քաղաքական-առարկայական հետեւյալ արդյունքները.

Ա) Երկու տարի անց Քոչարյանը ստիպված եղավ հայտարարել, որ Հայաստանը հողային պահանջ չունի Թուրքիայից. մի բան, որ չէր արել որեւէ հայ պաշտոնյա անգամ խորհրդային տարիներին։ Ահա նրա խոսքը. «Հայաստանն այդ հողերի ժառանգորդը չէ։ Ինչպե՞ս կարող եմ պահանջել, թե այդ հողերը մերն են, եւ ասել՝ Թուրքիան այդ հողերը պետք է մեզ տա։ Ցեղասպանության ճանաչումը կապ չունի Սեւրի հետ։ Այսինքն՝ Ցեղասպանության ճանաչումը պատճառ չի դառնա Սեւրի հարության » («Ազգ», 02.02.2001)։ Սա նշանակում էր՝ ծախել Հայ դատը։

Բ) Քիչ անց էլ իտալական մի թերթի տված հարցազրույցում Քոչարյանը եւս մի ետքայլ արեց. խուսափեց «ցեղասպանություն» բառի օգտագործումից եւ դրա փոխարեն օգտագործեց «իսլամական ծայրահեղականության վայրենի դրսեւորումներ» արտահայտությունը։ Սա ուրացման սկիզբն էր։

Գ) Ցեղասպանության ճանաչման հարցն արտաքին քաղաքականության հիմքում դնելով՝ իրավական ու տրամաբանական հիմք տրվեց Թուրքիային՝ պաշտոնապես առաջարկելու ստեղծել պատմաբանների հանձնաժողով՝ խնդիրն ուսումնասիրելու համար։ Դա կնշանակեր՝ կասկածի տակ դրվեց Ցեղասպանության փաստը։

Դ) Ս. Սարգսյանը, շարունակելով իր նախորդի քաղաքական կուրսը, չէր կարող կանխել ծայր առած գործընթացը եւ ստիպված եղավ ստորագրել պատմաբանների հանձնաժողովի ստեղծման փաստաթուղթը («Հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրություններ)։ Դա արդեն այլ բան չէր, քան Ցեղասպանության ամբողջական ուրացում։

Ե) Թուրքիան կարեւոր դերակատարում ստացավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, ինչը երբեք չէր ունեցել։

Ինչպես տեսնում ենք, բոլոր հինգ դեպքերում շահեցին Թուրքիան եւ Ադրբեջանը։ Այս ամենն անհնար էր արտաքին քաղաքական այն բանաձեւի պայմաններում, որ Ցեղասպանության հարցում, ի հեճուկս «հայրենասիրության», որդեգրել էր Հայաստանի առաջին իշխանությունը։ Հայաստանի «շահը» եղավ այն, որ Քոչարյանը դրանով ստացավ 10 տարի ապօրինաբար իշխելու իր կարեւոր ռեսուրսներից մեկը։

Սա է այն հաճույքի գինը, որ ստացան Հայաստանը եւ համայն հայությունը Ռ. Քոչարյանի «հայրենասիրությունից»։ Հիմա հանցավոր վարչախումբը երկրորդ անգամ է ուզում նույն «կուտը տալ», ապավինել «հայրենասիրությանը»՝ այս անգամ արդեն ոչ թե պարզապես Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրով, այլ դրան իր ընդգրկմամբ հարյուրապատիկ գերազանցող հայդատականություն-պահանջատիրությամբ՝ Թուրքիայից եւ Ադրբեջանից պահանջելով մինչեւ պատմական վերջին թիզ հողը եւ Ցեղասպանության ժամանակ կրած վնասները մինչեւ վերջին ցենտը՝ տոկոսներով հանդերձ։ Եւ դա այն դեպքում, երբ հենց ինքը՝ սեփական իշխանության պահպանման ու ամրապնդման համար մի անգամ արդեն թե՛ ծախել է Հայ դատը, թե՛ հրաժարվել է հողային պահանջներից, թե՛ ուրացել է Ցեղասպանությունը։ Ինչպե՞ս կարելի է նույն ապրանքը մի անգամ ծախել մեկին (Արեւմուտքին), մի անգամ՝ մյուսին (սեփական ժողովրդին)։ Կասկածից դուրս է մի բան. եթե դա դառնա պետական քաղաքականություն, առաջինի համեմատ հարյուրապատիկ մեծ ու կատաստրոֆիկ են լինելու դրա քաղաքական-առարկայական հետեւանքները Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։

Խնդիրն այսօրինակ պահանջների արդարացի-անարդարացի լինելուն չի վերաբերում ամենեւին։  Խնդիրն այն է, որ եթե որեւէ քաղաքական հարց մտցնում ես միջազգային օրակարգ, պիտի ունենաս դրա լուծման 100%-ից ավելի ռեսուրսները։ Այո, 100%-ից բարձր, քանզի ընթացքում կարող են ի հայտ գալ նաեւ չնախատեսված խոչընդոտներ։ Հայաստանի ռեսուրսներն այսօր դրա համար ոչ թե 100%, այլ առնվազն 100 անգամ պակաս են նման հարց բարձրացնելու եւ լուծելու համար անհրաժեշտ նվազագույնից։ Իսկ եթե հարցը բարձրացնում եւ չես լուծում, դա ուրիշներն են լուծում հօգուտ իրենց եւ քո հաշվին։ Հենց այդպես 1878-ին բարձրացված «Հայկական հարցի» լուծումը եղավ Ցեղասպանությունը, «Ծովից ծով Հայաստանի» եւ «Սեւրի» լուծումը եղավ իրական ու փաստացի 60.000 կմ/քառ. տարածքով Հայաստանի կեսի կորուստը Նախջեւանով հանդերձ եւ անկախ պետականության տապալումը, 1998-ին Ցեղասպանության խնդիրը արտաքին քաղաքականության օրակարգ մտցնելու հետեւանքը եղավ այն, ինչ վերեւում թվարկեցինք։

Լավ բան

Իսկ հիմա՝ լավ բանը։ Ռեժիմը, որ իշխանության է եկել պետական հեղաշրջմամբ, կեղծված ընտրություններով, Հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ, Ապրիլի 12-ի ջարդով, Մարտիմեկյան սպանդով, որ իր իշխանության պահպանման ձեւը տեսնում է երկրի ու ժողովրդի կողոպուտով, աղքատության ծավալմամբ ու խորացմամբ, սեփական քաղաքացիներին ծրագրված արտագաղթի (բռնի տեղահանման) ենթարկելով, այլեւս սպառել է, ուրեմն, իր հետագա գոյատեւման ռեսուրսները։

Ուրեմն, վարչախումբը պարզել է ինքն իր համար, որ կարող են լինել ներքաղաքական գործընթացներ, որոնց չպիտի կարողանա դիմակայել հին մեթոդներով։ Հին մեթոդներ ասելով նկատի ունենք առաջին հերթին բռնության գործադրումը։ Միայն ընտրական գործընթացների դիտարկմամբ դժվար չէ նկատել, որ վարչախումբն այդ մեթոդից, ըստ էության, ստիպված եղավ հրաժարվել։

Վարչախումբը պետք է իր համար պարզած լինի նաեւ, որ այլեւս կարող է չունենալ այն օժանդակությունը, որ միշտ, ընդդեմ իր ժողովրդի, ստացել է դրսից՝ Հայաստանի ազգային շահերի վաճառքի դիմաց։ Բայց վաճառքի բան կարծես թե էլ չկա։ Այս վերջին՝ նրա առջեւ դրած «կա՛մ, կա՛մ»-ի հարցի լուծումից հետո նա այլեւս պետք չի լինի։

 Միայն այս գիտակցության գալու եւ այս անհրաժեշտության բերումով է, որ ռեժիմին պիտի այլ բան չմնար, քան, որպես վերջին ապաստան, հիշել «հայրենասիրության» մասին։

***

Ուստիեւ խնդիրը հետեւյալն է. Հայաստանի  ժողովրդի (նաեւ Սփյուռքի) ո՞ր մասն է, որ հայդատական-«հայրենասիրական» նախապատրաստվող դավադիր շոուն կմեկնաբանի «ստահակների վերջին ապաստանը հայրենասիրությունն է» աքսիոմատիկ ճշմարտության շրջանակներում, եւ ո՞ր մասն է, որ եւս մեկ անգամ կարող է «ուտել» իրեն նետված գայթակղիչ «կուտը» ու հերթական անգամ նպաստել ռեժիմի վերակենդանացմանը։

ՀԱԿ վերլուծական կենտրոնի մյուս նյութերն՝ աստեղ:


Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Էսպես էլ ապրում ենք’
Հաջորդ հոդվածը‘Վարչապետն ազատամարտիկներին ասել է «փող չկա». Նրանք կրկին հրապարակում են’