‘Աշտարակում տրանսպորտը թանկացել է, Դիլիջանում դեռ որոշում են. Մամուլ’

1272

Մամուլը անդրադարձ է կատարել մարզերում տրանսպորտի թանկացման խնդրին:

Երեկ «ՀԺ» ընթերցողներից մեկն ահազանգել է, որ Ճամբարակ-Երևան միկրոավտոբուսներից մեկի մեջ փակցված է հայտարարություն, որ օգոստոսի 1-ից ուղեվարձը դառնալու է 1500 դրամ՝ նախկին 1200 դրամի փոխարեն։ Տրանսպորտի և կապի նախարարությունից հերքել են այդ լուրը։ Նախարարությունը նաև հարցում էր արել երթուղին սպասարկող ընկերությանը, որտեղից ասել էին, թե միկրոավտոբուսներում նման հայտարարություն չի փակցվել։

 * * *

Երեկ «Հրապարակը» նամակ է ստացել Աշտարակից. «3 ամիս առաջ, երբ նոր էին սկսվել խոսակցությունները գազի թանկացման մասին, Աշտարակում, որտեղ կյանքը 10 տարի կանգնած է, արագ թանկացումներ սկսվեցին։ Տաքսիները վճարը դարձրին 500 դրամ՝ բարձրացնելով 200 դրամով։ Երբ Երևանում սկսեցին խոսել ներքաղաքային տրանսպորտի բարձրացման մասին, երթուղայինների վարձն անմիջապես բարձրացրին 50 դրամով։ Դիմում ենք կառավարությանը՝ մեկ-մեկ էլ ուշադրություն դարձրեք այս մարզկենտրոն ասվածին…» ։

* * *

«Հայկական ժամանակը» իր հերթին գրում է, որ Դիլիջանի քաղաքապետարանի աշխատակիցները երեկ առավոտից սկսել են ներքաղաքային տրանսպորտի սպասարկման խրոնոմետրա­ժը:

 Ինչպես թերթին հայտնել է ուղևորափոխադրոդ ընկերության՝ «էմին Մարգարյան» ԱՊԸ-ի սեփականատերերից էդգար Մարգարյանը, խրոնոմետրաժը կշարունակվի մեկ շաբաթ, որպեսզի մեկ ամսվա կտր­վածքով հաշվարկ կատարվի ավտոբուսների ծախսի և շահույթի վերա­բերյալ: Այդ ընթացքում, ըստ նրա, ընկերությունը կշարունակի ուղևորափոխադրման իրականացումը:Արդյունքներից հետո «էմին Մարգարյան» ՍՊԸ-ն կկայացնի որոշում՝ սպասարկել ուղևորներին, թե ոչ:

Նախորդ հոդվածը‘Վերահսկիչ պալատի բացահայտումներից դեռ ոչ մի քրեական գործ չի հարուցվել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ոչ մի հետքայլ՝ մինչեւ սահմանադրական կարգի հաստատումը’