‘«Աշ-Շաբաբը» սպառնում է ահաբեկչություններ իրականացնել ԱՄՆ-ում և Բրիտանիայում’

859

ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ջեհ Ջոնսոնը ամերիկացիներին կոչ է արել զգոնություն հանդես բերել՝ այն բանից հետո, երբ սոմալիական «Աշ-Շաբաբ» խմբավորումը սպառնացել է ահաբեկչական գործողություններ իրականացնել արևմտյան երկրների առևտրի կենտրոններում:

Ջոնսոնի խոսքով՝ ինքը չափազանց լուրջ է ընդունել ահաբեկիչների սպառնալիքները: «Երբ ահաբեկչական կազմակերպությունը կոչ է անում հարձակվել կոնկրետ մի վայրում, մենք պարտավոր ենք դա լուրջ ընդունել»,- ընդգծել է նախարարը:

Համացանցում հրապարակված տեսաուղերձում «Աշ-Շաբաբի» անդամներն իրենց կողմնակիցներին կոչ են անում ԱՄՆ-ում, Կանադայում և Մեծ Բրիտանիայում հարձակումներ գործել առևտրի կենտրոնների վրա:

2013 թ. «Աշ-Շաբաբի» գրոհայինները Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում հարձակում էին գործել Westgate առևտրի կենտրոնի վրա, որի արդյունքում զոհվել էր 67 մարդ:

Ըստ BBC-ի վաշինգտոնյան թղթակցի՝ չի բացառվում, որ տեսաուղերձի հրապարակումը կապ ունի մրցակցության հետ «Աշ-Շաբաբի» և «Իսլամական պետության» միջև, քանի որ վերջին շրջանում ԻՊ-ի անունը շատ ավելի հաճախ է հիշատակվում զանգվածային լրատվամիջոցներում: 

Նախորդ հոդվածը‘«Խարկովցի պարտիզանները» Ավակովին են մեղադրում պայթյունի կազմակերպման մեջ’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Էբոլայի հնարավորությունները՝ որպես կենսաբանական ահաբեկչության զենք’