‘Աուրելիա Գրիգորիուի հրահրած միջադեպը Մոլդովայում կդառնա քննության առարկա’

1130

Մոլդովայի սահմանադրական դատարանի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր Վիկտոր Պոպանը ցավում է  Երևանում անցկացված համաեվրոպական խորհրդաժողովում իր երկրի  խորհրդարանական փաստաբան, Մարդու իրավունքների պաշտպան  Աուրելիա Գրիգորիուի նախօրեի ելույթի համար: Pastinfo.am-ի փոխանցմամբ` այս մասին նա հայտնել է Երևանում լրագրողների հետ սեփական նախաձեռնությամբ հանդիպման ժամանակ՝ հավելելով. «Ճշմարտացի նշվեց, որ նման հայտարարությունների համար ոչ այն տեղն էր, ոչ այն լսարանը և ոչ էլ՝ այն լիազորությունները»:

ՍԴ անդամն ընդգծեց, որ չգիտի, թե ով և ինչպես էր ՄԻՊ-ին լիազորել.«Ամենայն հավանականությամբ, դա անձնական տեսակետ էր, որովհետև ՝դա չէր կարող լինել խորհրդարանի կամ մեկ այլ կազմակերպության դիրքորոշում»:   Վ.Պոպանը հայտնեց, որ ինքը, որպես խորհրդարանի նախկին անդամ և իրավաբանական հանձնաժողովի նախագահ, երեկ խոսել է Մոլդովայի խորհրդարանի ղեկավարության հետ և լիազորված է հայտարարելու, որ «մենք ցավում ենք տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ»: «Մեր ղեկավարությունը խոստանում է, որ դա անպայման կդառնա քննության առարկա և կարվի պաշտոնական հայտարարություն»,-ասաց Վ.Պոպանը՝ կարծիք հայտնելով, որ, ենթադրաբար, միջադեպի հետ կապված քննության համար կստեղծվի հատուկ հանձնաժողով:   ՍԴ անդամն ընդգծեց, որ ՄԻՊ-երին նշանակում է Մոլդովայի խորհրդարանը՝ 5 տարի լիազորությունների ժամկետով: Ազգային օմբուդսմենների  լիազորությունը երկրի բնակչության հետ աշխատանքն է, նրանց նամակներին, առաջարկություններին արձագանքելը, և «ոչ մի դեպքում դուրս չգալ օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակներից»:

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ մամուլի խոսնակ. Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ միջադեպեր չեն գրանցվել’
Հաջորդ հոդվածը‘«Ոսկե ծիրան». Էկրանավորման 35-ամյակի առթիվ «Միմինոն» կցուցադրվի Գյումրիում’