‘Ապաքաղաքական. iLur-ի մեկ օրը: Ու հերթական մեկ տարին’

12694

Բանալին մեկ անգամ պտտում եմ, ու օֆիսի դուռը բացվում է: Նշանակում է՝ էլի ինչ-որ մեկը երեկ աշխատանքը (ռեպորտաժ, հոդված, մոնտաժ)  ուշ է վերջացրել, չի հասցրել տուն գնալ ու գիշերել է էստեղ: Մերոնք էդպե՛ս են աշխատում:

-Տիկի՞ն Սեդա,- մյուս սենյակից լսում եմ Հակոբի քնատ ձայնը:

 Ձեն է տալիս, որ հանկարծ անակնկալի չգամ ու չվախենամ:

Ես չեմ վախենում, իսկ Հակոբը դեռ մի տասը րոպե էլ պայքարում է քնի դեմ ու նոր կարողանում է վեր կենալ տեղից ու դանդաղ ներգրավվել աշխատանքի մեջ:

-Սո՜՞ւրճ,- փոթորկի պես օֆիս ներխուժելով՝ համարյա դռնից հարցնում է Քրիստը:

Ի՛նձ որ արդեն համոզել է, որ իր՝ «աչքաչափով» դրած սուրճը լինում է ճիշտ այնքան գավաթ, որքան նախատեսել է: Էնպես որ՝ «հնազանդվում» եմ առավոտ գիշերով խոհանոցում սուրճ վայելելու կոչին (ի դեպ, խոհանոցը մեր ամենաջերմ վայրն է՝ բոլոր իմաստներով՝ թե՛ զրույցների, թե՛ վեճերի, թե՛ բամաբասելու, թե՛ հենց օդի ջերմաստիճանի):

Ի դեպ, Քրիստն ամառվա տապին մեր սենյակից տեղափոխվեց օֆիսի ծայրի պատշգամբ, ավելի շուտ՝ շուշաբանդ՝ իբր էնտեղ ավելի հով էր, քան մեր սենյակում: Բայց արի ու տես, որ ցրտերն ընկնելուց հետո էլ մտադիր չի վերադառնալ մեզ մոտ: Իրականում՝ Քրիստի ու նաև, ինչու չէ՝ մեր բոլորի նպատակը բոլորովին այլ է. մենք ուզում են վերջնականապես «դաբիտ» անել Հովոյին՝ ծխի շրջափակման մեջ պահելով նրա սենյակն ու հենց իրեն, ում պայքարը ծխելու ու ծխողների դեմ հիշեցնում է բարու պայքարը չարի դեմ: Այո, էս իրավիճակում Հովոն, իհարկե, միանշանակ՝ բարին է մարմնավորում, ու ասեմ, թե ինչու. նախ՝ ինքը, ինչպես առհասարակ՝ բարին, փոքրամասնություն է: Ավելի՛ն՝ ինքը միակն է, որ պայքարում է ծխելու դեմ: Բայց ինքը, այսպես ասած՝ «վճռակա՛ն մենակ» է, քանի որ իր պայքարն անխոնջ է, թեպետ հոգու խորքում նա նույնիսկ վստահ է, որ հաղթող չի դուրս գալու էդ պայքարից, ու որ բարին միայն հեքիաթներում է հաղթում:

-Սերգո՜,- իր հեռավոր «կաբինետից» լսվում է Քրիստի բղավոցը, և Հակոբն ու ես շտապում ենք ականջակալներ դրած  ու համարյա շշուկով խոսող մեր Սերգոյին տեղեկացնել, որ Քրիստն իրեն է կանչում: Բայց ամբողջ հարցն էն է, որ Քրիստի բղավոցին հաջորդում է մի ամբողջ երկար նախադասություն, որի ոչ մի բառը արդեն չի հասնում մեր ականջին: Դրա համար էլ Սերգոն ստիպված է մի երկու անգամ «հը՜, ի՜՞նչ, Քրիստ» կանչելուց հետո՝ ի վերջո վեր կենալ ու հասնել նրա առանձնասենյակ, որ իմանա, թե նա ինչ էր ասում: Մեկ-մեկ, իհարկե, Հովոյի մեջ կրկին գլուխ է բարձրացնում «բարին», ու նա «միջնորդի» դեր է ստանձնում՝ փոխանցելով Քրիստի ասածը:

Սերգոն մասնագիտությամբ ճարտարապետ է, բայց լրագրության մեջ էլ իրեն բավական լավ է դրսևորում, օրինակ՝ նա ստանձնել է շաբաթվա ամփոփումը ներկայացնելու գործը, որն անցյալում մեր Մարիամիկն էր անում. հիմա Մարիամիկը որոշել է աշխատանքից դադար առնել ու ամբողջովին տրվել ուսմանը: Դա, ի դեպ, նրան այնքան էլ չի հաջողվում. հա՛մ սիրտը մեզնից չի կտրվում, հա՛մ էլ այդպիսով իրավական ոլորտի մի էական մաս, այսպես ասած՝ «անտեր» է մնում: Էնպես որ՝ Մարիամիկը մեզ հյուր է գալիս հաճախ՝ ամեն օր:

Արա՜մը, էն էլ՝ Խաչատրյա՜ն…. Մարդ է՞լ նման անուն ազգանուն ունենա, ինքն էլ նկարիչ լինի, ու մարզական նորություններ գրի (սա իմ անձնական վերաբերմունքն է ոչ թե սպորտին՝ առհասարակ, այլ մարզական, հատկապես՝ ֆուտբոլային լուրերին… ու լա՛վ եմ անում, որ չարաշահում եմ իմ հեղինակային դիրքը…): Սուսիկ-փուսիկ, հուշիկ-մուշիկ՝ մտնում է խմբագրություն, մի երկու բառ փոխանակում բոլորի հետ ու նույն հուշիկությամբ հեռանում, որ հետո կայքը հեղեղի իր ֆուտբոլային լուրերով…

-«Այլո»… Էս մարդ չկա՞… Կարող է՞ լռության րոպե եք հայտարարել…

Սա էլ Լիզան է, որը ուղիղ տասը վայրկյան առաջ «չաթով» հարց է տվել կամ նյութ է ուղարկել ու «մի ժամ է»՝ սպասում է, բայց ոչ ոք չի արձագանքում… Մեռանք խնդրելով, որ պատասխանելու համար «ողջամիտ ժամանակ» տրամադրի մեզ… Չէ որ չէ:  Ու երբ դրանից հետո քաղաքային հեռախոսը զնգում է, արդեն բոլորս գիտենք, որ զանգողը Լիզան է: Ասենք՝ նույն օպերատիվությամբ էլ Լիզայի  «ծախու գրիչն» արձագանքում է ներքաղաքական ցանկացած իրադարձության:

«Աշտարակի պոպոքը, Համայակի սապոգը, Համայակ ջա՜ն» հայտնի երգի բառերն արդեն վաղուց են կորցրել իրենց «արդիականությունը» (իրենց տեղը զիջելով առնվազն «Աշտարակի բեսեդկա» բառակապակցությանը)՝ այն ժամանակվանից, ինչ Հրանտը բնակություն հաստատեց այդ քաղաքի մերձակայքում: Հիմա մեր բոլորիս ուշադրության կենտրոնում ոչ Աշտարակի պոպոքն է, ոչ էլ, առավել ևս՝ Համայակի սապոգը. մենք ուշի ուշով հետևում ենք, թե հո Աշտարակում լույսը չե՞ն անջատել ու զրկել Հրանտին՝ իր նյութը համացանցով մեզ ուղարկելու հնարավորությունից, իսկ ընթերցողին էլ՝ նրա ֆանտաստիկ վելուծությունը կարդալու հաճույքից:

-Մի հատ սուրճ չե՞ք տա, խմեմ գնամ գործիս,- իր հաղթանդամ հասակով ու ծանր քայլքով օֆիս է մտնում Առաքելը՝ մեր, կարելի է ասել՝ շտապօգնությունը՝ նյութերի առումով: Քանի որ, ի տարբերություն հաղթանդամ հասակի ու ծանր քայլքի՝ նրա գրիչը չափազանց արագաշարժ է, բայց էլի դժվար է հասնում նրա արծվաթռիչք մտքին:

Է՛ս ինչ փոթորիկ էր… Պարզ է, Գոհարն է՝ Անահիտիկի հետ միասին: Դեռ դռնից ներս չմտած՝ արդեն օրվա անցուդարձն է պատմում կամ էլ հնգամյա Անահիտի հերթական «բոցը» ներկայացնում. «Բոլոր մայրիկները պաշտպանում են իրենց բալիկներին, իսկ դու ինձ միայն ՊԱԽԱՐԱԿՈՒՄ ԵՍ. Անահիտ, էսպես մի՛ արա, Անահիտ, էնպես մի՛ արա… Մայրիկ ջան, դուք ինձ խանգարում եք ապրել, գիտե՞ս…»:

Աշոտին գրեթե բոլորը «պարոն Սարգսյան» են ասում (իհարկե՝ կան անհամեստ բացառություններ, որոնք նրան հենց անունով են կոչում, բայց դրանք բացառություններ են, որոնք ընդամենը «հաստատում են օրենքը»): Որովհետև ինքը նահապետն է: Ու իրեն պահում է իսկական նահապետի պես՝ սակավախոս, հավասարակշռված, հանգիստ, ներողամիտ, ժպտերես: Ու նրա գնալուց հետո էլ օֆիսում դեռ որոշ ժամանակ, Չեշիրյան կատվի պես՝ մնում է նրա բարի ժպիտը… Լրի՛վ՝ սիրեցեք զմիմեանս: Բացի ավազակապետությունից՝ իհարկե:

 

Մեր մյուս հեղինակները՝ Ռիմա Գրիգորյանը, Վլադիմիր Կարապետյանը, Արթուրը Գրիգորյան, Գալոյան Արմանն ու մյուսները, նույնպես ժամանակ առ ժամանակ այցելում են մեզ: Էլ չեմ խոսում հյուրերի մասին. դրանք բազմաթիվ են, ու մենք հիմնականում սիրում ենք նրանց:

Այ էսպես էլ ապրում ենք օր օրի: Շաբաթը՝ վեց օր: Ու` տարի գլորում:

Բայց 2014-ը ուզում եմ ամփոփել՝ըստ իս՝ մեր ամենակարևոր ձեռքբերումը նշելով. 2014-ին iLur-ում և «նրա շուրջ»  լույս աշխարհ են եկել ոչ միայն բազմաթիվ ուշագրավ հոդվածներ, այլև… չորս երեխա՝ Վահե, Տրդատ, Դավիթ, Միքայել: Դե իհարկե, հոդվածներն էլ են մեր զավակները (կամ, առնվազն՝ թոռները), բայց խոստովանենք, որ իսկական երեխան ուրի՜շ է, ուրի՜շ…

Մի խոսքով՝  iLur ջան և ի լուր համայն աշխարհի՝ շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Սեդա Մեսրոպյան

 Հ.Գ. Ի դեպ, ընկերներս պահանջեցին, որ իմ մասին էլ գրեմ: Չնայած, ըստ իս՝ էս ամեն ինչը հենց իմ մասին էր: Կամ՝ իմ ընկալման մասին: Բայց դե որ պահանջում են՝ ասեմ. ես օֆիսում ամենատարեցն եմ, ամենաշուտը աշխատանքի եկողը, ամենաքիչ վիճողը, ամենալավ թթու դնողը, ամենա… ու էդպես՝ ես ամենա-ամենա-ամենա-ն եմ:

Դե ստացե՛ք. էս էի՞ք ուզում….

Ս.Մ.

Նախորդ հոդվածը‘Տարվա ամփոփում. Կորուստներ եւ ձեռքբերումներ’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է Վահան Հովհաննիսյանը. Tert.am’