‘ԱՊՊԱհովագրությունն է՞լ է ծանոթով. Մամուլ’

1086

«Ժողովուրդը» գրում է, որ անհատ տաքսիների վարորդները չեն կարողանում ԱՊՊԱ պայմանագիր կնքել, քանի որ ապահովագրական ընկերությունները տաքսու վարորդներին մերժում են՝ պատճառաբանելով, թե ռիսկը բարձր է, իրենք մեծ վնասներ են կրում։ Իսկ եթե ապահովագրում են, ապա առաջարկում են ոչ թե 1 տարով պայմանագիր կնքել, ինչն ավելի մատչելի է, այլ 3 ամսով և անպայման «անսահմանափակ վարորդներ» դրույթով։ Այս դեպքում, «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ-ի նախագահ Գևորգ Դոստուրյանի խոսքով, ԱՊՊԱ պայմանագրի գինը շեշտակի ավելանում է. «Մինչև 80 ձիաուժ մեքենան մեկ տարվա համար ապահովագրելու արժեքը կազմում է 38,000 հազար դրամ, իսկ երբ երեք ամսով և «անսահմանափակ վարորդներ» դրույթով է լինում, ապա 3 ամսվա համար վարորդը վճարում է 20,500 դրամ, այսինքն՝ մեկ տարվա համար այն կազմում է 82 հազար դրամ»։

Երեկ նմանատիպ խնդրով «Ժողովուրդ»-ին է դիմել 51-ամյա Վաչիկ Ավետիսյանը. «Մոտեցել եմ «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերություն, որտեղ ասացին, որ սովորական տաքսիներ չեն ապահովագրում, նախ դիմում պետք է գրեմ, յոթ օր սպասեմ, կա՜մ կպատասխանեն այո, կա՜մ էլ ոչ։ Տոներն արդեն մոտենում են, եթե չհասցնեմ ապահովագրել, կա՜մ չպետք է մեքենան վարեմ, կա՜մ էլ տուգանվելու եմ»։ Իսկ «Ռոսգոսստրախ»-ի մամլո քարտուղար Էմմա Մոժարովան «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ յոթ օրվա ընթացքում կուսումնասիրեն քաղաքացու դիմումը, որից հետո պայմանագիր կկնքեն։ «Փաստորեն, ԱՊՊԱհովագրությունն է՞լ է ծանոթով»,–եզրափակում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Կնոպկա սեղմողների և պատգամավորների համար՝ ևս մեկ արտահերթ նիստ. Մամուլ’