‘Ապստամբները գրավել են Հալեպի գլխավոր մզկիթը’

858

Սիրիացի ապստամբներն այսօր առավոտյան իրենց լիակատար վերահսկողության տակ են վերցրել  Հալեպի Մեծ մզկիթը՝ քաղաքի հնագույն և ամենախոշոր մզկիթը, հաղորդում է France-Presse գործակալությունը: Մզկիթի շինությունների համլիրի համար մարտերն ընթանում էին արդեն մի քանի օր: Ավտոմատ զենքերով և նռնականետներով ընթացող կատաղի փոխհրաձգությունների հետևանքով XII դարի շինությունը լուրջ վնասվածքներ է կրել: Մասնավորապես՝ մարտերի ընթացքում հրկիզվել է մզկիթի թանգարանը: Բոցն այնքան ուժեղ է եղել, որ թանգարանի պահոցների առաստաղը փլվել է:

Ի դեպ, Հալեպի ամբողջ պատմական կենտրոնը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում: Ընդ որում՝ Հալեպի Մեծ մզկիթը համարվում է Սիրիայի երկրորդ քաղաքի պատմական հուշարձանների «մարգարիտը»:

Ապստամբները, սակայն, հայտարարում են, որ մզկիթն իրենց հետաքրքրում է ոչ միայն կրոնական, այլև օպերատիվ-մարտավարական տեսանկյունից. պատմական հուշարձանի գրավումը ընդդիմության ջոկատներին հնարավորություն է տվել կտրել  կառավարական ուժերի խոշորագույն կայազորի մատակարարման ճանապարհը, հաղորդում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլին հրաժարվում է զրահապատ մեքենաներից’
Հաջորդ հոդվածը‘Ինչ է անելու Ր. Հովհաննիսյանը մարտի 1-2-ին ‘