‘Ապրիլին Քլինթոնը կհայտարարի 2016 թ. ընտրություններում իր առաջադրման մասին’

924

ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը ապրիլին կհայտարարի, որ մասնակցելու է հերթական նախագահական ընտրություններին, որոնք կայանալու են 2016 թ. նոյեմբերին: Այդ մասին կիրակի տեղեկացրել է The Wall Street Jornal-ի էլեկտրոնային տարբերակը:

«Հիլարի Քլինթոնը և նրա խորհրդականները Դեմոկրատական կուսակցության հովանավորներին տեղեկացրել են, որ նա նախագահական քարոզարշավի մեջ կմտնի շատ ավելի շուտ, քան սպասվում էր, հավանաբար՝ արդեն ապրիլին: Ուստի նա կարող է արդեն մոտ ժամանակներս ձեռնամուխ լինել իր նախընտրական հիմնադրամի հավաքագրմանը»,- գրել է լրատվամիջոցը:

Ինչպես նշում է թերթը, նախագահական քարոզարշավի համար Քլինթոնի շտաբը հույս ունի հավաքել ավելի քան 1 մլրդ դոլար: «Դեմոկրատական կուսակցության մի քանի հովանավորներ մտավախություն ունեն, որ եթե Քլինթոնը մինչև ամառ հետաձգի իր առաջադրումը, ապա նրա համար դժվար կլինի հավաքել անհրաժեշտ գումարը», նշել է The Wall Street Journal-ը:

Ի դեպ, 2012 թ. նախագահական քարոզարշավի ընթացքում Սպիտակ տան ներկայիս ղեկավար Բարաք Օբաման հավաքել էր 716 մլն դոլար:

67-ամյա Քլինթոնը, որ 2008 թ. Սպիտակ տան համար մրցում էր Օբամայի հետ, համարվում է Դեմոկրատական կուսակցության ամենահավանական թեկնածուն՝ հերթական նախագահական ընտրություններում: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Քերին ու Լավրովը քննարկելու են Նեմցովի սպանությունը և Ուկրաինայի իրավիճակը’
Հաջորդ հոդվածը‘Մամուլ. Օջալանին, հնարավոր է, ժամկետից շուտ ազատեն բանտից’