‘Աջակիցների սով’

4613

Մինչ դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատաքննությունը, դատարանի մոտ մի քանի տասնյակ անձինք ներկայանում են որպես նրա կողմնակիցներ կամ աջակիցներ եւ փորձում են իրենց «աջակցությունը» հայտնել Քոչարյանին:

Տեսականորեն, եթե վերանանք անձերից, ապա այստեղ որեւէ խնդրահարույց բան չկա: Բոլոր մեղադրյալներն էլ կարող են իրենց աջակիցներին բերել դատարանի մոտ, ակնկալել իրենց հարազատների կամ մտերիմների ներկայությունը դատարանում՝ անգամ եթե բոլորը վստահ լինեն, որ անձն իրոք մեղավոր է:

Հարցն այլ է: Աջակիցնե՞ր են, արդյոք, իրականում այդ անձինք: Որովհետեւ նրանց ագրեսիվ վարքը, անհոդաբաշխ արտահայտությունները տպավորություն են ստեղծում, որ նրանց առանձնապես չի էլ մտահոգում ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ նրա ազատության հարցը, ոչ էլ, առավելեւս՝ նրա համբավի հարցը: Իրական աջակիցը ինքնանպատակ չի գալիս ինչ-որ մի տեղ, ինքնանպատակ գործողություններ եւ հայտարարություններ չի անում, հատկապես՝ այնպիսիք, որոնք կարող են հակառակ արդյունքն ունենալ իրենց «աջակցյալի» վրա:

Իսկ այս անձինք ասես առանձնապես մտահոգված էլ չեն, գալիս են, գոռում են, շիշ են նետում ցուցարարի վրա, հրում են, ուժով որոշում են, թե ով մտնի դատարան, ով՝ ոչ, ու գնում են:

Անգամ հեռավոր Նորվեգիայի Իլա բանտում փակված Բրեյվիկը մի հարյուր աջակից կունենա: Եւ ամբողջ Հայաստանում էլ, եթե ցերեկը լույսով լավ որոնես, գուցե մի 100 հոգու հնարավոր լինի գտնել, որ կասեն, թե աջակցում են Քոչարյանին՝ հենց այնպես, առանց ակնկալիքի ու վարձքի:

Իրավիճակի ողբերգականությունն այն է, սակայն, որ Քոչարյանին դատում են, իսկ դատարանի մոտ գոնե մեկ տասնյակ ծանրակշիռ, զուսպ, հեղինակություն ունեցող աջակից չի երեւում: Եկածների մի մասն էլ պարբերաբար ցուցապաստառներով փակում է դեմքը:

Իհարկե, Քոչարյանի աջակիցների հարցը հասարակության հոգը չէ: Բայց զարմանալի է, որ հենց ինքը գլխավոր մեղադրյալն ու նրա մերձավորներն էլ կարծես առանձնապես ջանք չեն թափում այդ հարցում: Չեն ընկալում, որ անկախ մեղադրանքից եւ մեղադրյալի արած-չարածից, իրենք ներկայացնում են մի մարդու, որը, ամեն դեպքում, երկիր է ղեկավարել, եւ հետեւաբար՝ նրան սատարելու հարցում պիտի որ երկրի ղեկավարին հարիր լրջություն ցուցաբերեին եւ հազար անգամ ճամբարներ փոխած, 0,1 տոկոս աջակցություն եւ ճանաչելիություն ունեցող, այսպես կոչված՝ հանրային կամ քաղաքական գործիչներին առաջին պլան բերելու փոխարեն՝ խստիվ արգելեին այդ անձանց հրապարակ գալ ու աջակցել իրենց:

Բայց, չգիտես ինչու, նման բան չեն անում: Թերեւս՝ որովհետեւ միայն նրանք են, որ համաձայնում են գալ ու առաջին պլանում աջակից ներկայանալ, որովհետեւ նրանք, միեւնույն է՝ արդեն կորցնելու ոչինչ չունեն: Հանրային աջակցություն չունեն, որ մտածեն այդ աջակցությունից զրկվելու մասին:

Հ.Գ. Փաստորեն՝ երկրում իրոք իրավիճակ է փոխվել: Նախկինում ընդդիմադիրները հազարներով, տասնյակ հազարներով աջակիցներ ունեին, բայց չունեին ռեսուրս: Հիմա իրեն ընդդիմադիր հռչակած անձը ռեսուրս ունի, բայց աջակիցներ չեն երեւում:

Պարգեւ Ապրեսյան

 

Նախորդ հոդվածը‘Մեկնարկում է Կաննի 72-րդ կինոփառատոնը’
Հաջորդ հոդվածը‘Ֆինլանդիան առաջարկել է անցկացնել Պուտինի և Թրամփի հանդիպումը’