‘Աջեմօղլուն բացահայտում է աղքատ երկրների գաղտնիքը. Այն քաղաքական է ‘

1182

Այս օրերին տեղի է ունեցել երկու կարեւոր տնտեսական իրադարձություն, որը հերթական անգամ ցույց է տալիս հայաստանյան «կենտրոնացված» եւ կոռուպցիոն տնտեսության դեմքը: Նախ՝ Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) վերլուծական կենտրոնը  հրապարակեց «Երկրի իրավիճակը» շարքից հերթական զեկույցը՝ «Կոռուպցիան Հայաստանում» վերտառությամբ: Զեկույցի հիմնական եզրակացությունն, ինչպես փոխանցում է 168.am-ը, այն է, որ Հայաստանի տնտեսության վրա կոռուպցիայի բացասական ազդեցությունը ահռելի է։  Օրինակ, կոռուպցիայի հետ առնչված ընկերություններին նվիրված զեկույցի հատվածում բացահայտվում է, որ «մեծ ընկերությունների՝ կոռուպցիայի առաջացրած լրացուցիչ ծախսերը կազմում են դրանց տարեկան վաճառքի հինգ տոկոսը, որն ամենաբարձրն է համեմատված երկրների շարքում և քայքայում է ընկերությունների մրցունակությունն ու արդյունավետությունը»։  

Զեկույցը մատնացույց է անում, որ հանրային քաղաքականությունը մշակվում և իրականացվում է հիմնականում ամուր արմատներ ձգած կոռումպացված էլիտայի, այլ ոչ թե քաղաքացիների շահերը սպասարկելու համար։

Այդ կապակցությամբ, ԱՄՆ-ի Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր Տարոն Աջեմօղլուն նշել է․ «Ոմանք ասում են, որ Հայաստանը դատապարտված է տնտեսապես տապալվելուն իր աշխարհագրության և աշխարհում ունեցած տեղակայության պատճառով։ Բայց աշխարհի ներկա և անցյալ շատ այլ երկրների նման՝ դրա տապալումը պայմանավորված է կոռուպցիայով, անազնիվ քաղաքական գործիչներով և թույլ ինստիտուտներով։ Հայաստանի դժբախտությունների հիմքը ոչ թե հնարավորությունների սահմանափակությունն է, այլ վատնված հնարավորությունները, և այն կարող է առաջադիմել բացառապես այս փաստին դիմագրավելու և անհաջողությունների համար պատասխանատուներին հաշվետու դարձնելու միջոցով։ Այս հրաշալի զեկույցը առաջին քայլն է այդ ուղղությամբ»:  

Տարոն Աջեմօղլուն աչքի ընկավ նաեւ Հայկական տնտեսագիտական միության տարեկան ժողովի ժամանակ: Բայց մինչ այդ՝ մի փոքր հիշեցում այն մասին, թե ով է Տարոն Աջեմօղլուն:

Աջեմօղլուն ծնվել է 1967 թվականին Ստամբուլում, հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ է: Բակալավրի աստճանը ստացել է 1986-ին՝ Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանում, իսկ 1992-ից սկսած՝ Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում ստանում է մագիստրոսի եւ դոկտորի գիտական աստիճաններ՝ էկոնոմետրիկայի եւ մաթեմատիկական տնտեսագիտության բնագավառներում: 1992-93-ին Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում դասավանդում է տնտեսագիտություն։

Աջեմօղլուն 2004-ից Մասաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Չարլզ Քինդլբերգերի անվան կիրառական տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր է: Անդամակցում է Առաջավոր հետազոտությունների կանադական ինստիտուտի Տնտեսական աճի ծրագրին։ Ինչպես նաև միացել է Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյին, Քաղաքական հետազոտությունների կենտրոնին և Տնտեսական ցուցանիշների կենտրոնին։ Մի շարք պարգեւների է արժանացել, այդ թվում՝ 1996-ին պարգեւատրվել է Economic Journal-ում լավագույն հրապարակման համար, 2004-ին ստացել է Չիկագոյի համալսարանի Շուլցի մրցանակը, Շերվին Ռոսենի պարգևը՝ աշխատանքի տնտեսագիտության բնագավառում ակնառու ներդրման համար, 2005-ին արժանացել է Ջոն Կլարկի մեդալին, 2006-ին ընտրվել է Ամերիկայի արվեստների եւ գիտությունների ակադեմիայի անդամ, արժանացել է Գիտության թուրքական ակադեմիայի «Սոցիալակա գիտությունների ակադեմիական մրցանակ-2006»-ին, 2007 թվականին ստացել է Ջոն վան Նոյմանի պարգևը:

Աջեմօղլուն տեղ է զբաղեցրել ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականի կողմից հրապարակված «Համաշխարհային 100 ինտելեկտուալների» (The Top 100 Global Thinkers) ցանկում,

IDEAS/RePec տնտեսական հետազոտությունների կենտրոնի կազմած՝ աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների վարկանիշային աղյուսակում Տարոն Աճեմօղլուն զբաղեցնում է 8-րդ տեղը (այն դեպքում, երբ Նոբելյան մրցանակի դափնեկիր պրոֆեսոր Պոլ Կրուգմանն այդ աղյուսակում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը)։

Այժմ նորից դառնանք Հայկական տնտեսագիտական միության տարեկան համաժողովին, որին ներկա էին մեծ թվով մասնագետներ ու նաև պաշտոնատար անձինք։ Ներկա էր ու ելույթ էր ունենում նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը։ 

Նույն 168.am-ի փոխանցմամբ, Աջեմօղլուն Հայաստանում չէր, նա համաժողովին միացել էր Skype-ով։ Համաժողովին ներկա գտնվածները պատմում են, որ նրա ելույթը հայերեն չէր թարգմանվել, դրա համար էլ համաժողովին ներկա մեր անվանի, տարիքն առած տնտեսագետներից ոմանք ննջել էին։ Իսկ ի՞նչ է խոսել աշխարհահռչակ տնտեսագետը։

Աջեմօղլուն ներկայացրել է երկրների անհաջողության և եկամուտների անհավասարության իր տեսությունը։ Նշենք, որ 2012 թվականին Տարոն Աջեմօղլուն և նրա գործընկեր Ջեյմս Ռոբինսոնը հրապարակեցին իրենց համատեղ գիրքը՝ «Ինչու են ձախողվում ազգերը. Իշխանության, բարգավաճման և աղքատության արմատները (Why Nations Fail: The Origins of Power, Prosperity, and Poverty)։ Աջեմօղլուն և իր գործընկերը եկամուտների անհավասարությունն ու աղքատությունը տեսնում են տնտեսության ու քաղաքականության «շփման գծում», ձախողումը կամ հաջողությունն էլ պայմանավորում են տնտեսական և քաղաքական ինստիտուտների որակով։ Աջեմօղլուի հիմնական ասելիքը հետևյալն է՝ աղքատ երկրներն աղքատ են, առաջին հերթին, այն պատճառով, որ այդ երկրներում իշխանություն ունեցող մարդիկ այնպիսի քաղաքական կուրսով են առաջ շարժվում, որն արգելափակում է երկարատև տնտեսական աճի բոլոր հնարավորությունները։ Այսպես կոչված՝ էքստրաակտիվ տիպի քաղաքական ու տնտեսական ինստիտուտները չեն կարող ապահովել սեփականության պաշտպանություն, օրենքի գերակայություն, հավասար պայմաններ բոլորի համար, և չեն կարող խթանել նորարարություններն ու ներդրումները։ Ինչպես պարզաբանել է Աջեմօղլուն, էքստրաակտիվն այն ինստիտուտներն են, որոնց պայմաններում էլիտաները կարող են ուրիշներից ինչ-որ բաներ խլել, խախտել եկամուտների արդարացի բաշխումն ու աղավաղել համամասնությունը։ Նրանք հեռու են հավասար պայմաններով «խաղի դաշտ» ստեղծելուց։ Այստեղ խթաններ չկան, որպեսզի մարդիկ աշխատեն, ներդնեն, խնայեն։ Նորարարությունները չեն խրախուսվում։ Փոխարենը, ինչպես փոխանցում է կայքը, մի քանիսն իրենց ձեռքում են պահում քաղաքական իշխանությունը՝ ի հաշիվ հասարակության մնացած մասի։ Եվ ամենակարևորը՝ դա պատահականություն չէ. այդ ուժերը պատահաբար չեն այդտեղ հայտնվում։ Եվ նրանք ոչ թե պատահմամբ կամ սխալմամբ են ընտրում սխալ ճանապարհը, այլ գիտակցաբար, քանի որ համարում են, որ այդ կերպ կարող են բավարարել իրենց շահերը՝ ի վնաս երկրի և հասարակության։ Այսինքն՝ տնտեսական զարգացման կամ ձախողման պատճառները պետք է փնտրել ոչ թե միայն տնտեսության ու տնտեսագիտության, այլ քաղաքական ինստիտուտների շրջանակներում։ Այս տեսության համաձայն՝ իշխանությունն իրենց ձեռքում կենտրոնացրած մարդկանց անձնական շահերը, ամեն գնով հասարակության մեծ մասից ավելի վեր գտնվելու ձգտումն արգելափակում են քաղաքական ու տնտեսական մրցակցությունը և տանում անխուսափելի ձախողման։ Այսինքն, որքան էլ առանձին ոլորտների զարգացման համար գեղեցիկ հայեցակարգեր ու ծրագրեր մշակվեն, որքան էլ խոսվի կատարված ու կատարվելիք բարեփոխումների մասին, որքան էլ տարբեր տնտեսական չափորոշիչներով միջազգային զեկույցներում երկիրը վեր բարձրանա, և այլն, միևնույն է՝ այդ երկիրը դատապարտված է աղքատության և ձախողման, եթե չկան ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, իրավունքների պաշտպանություն, խաղի հավասար կանոններ, իսկ իշխանությունն ու փողը մի խումբ մարդկանց ձեռքում է գտնվում։

Նախորդ հոդվածը‘Սիրիահայերը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի միջոցով ուղերձ են հղել Եվրոպայի ղեկավարներին’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի հայոց եկեղեցական համայնքը Նորվան սրբազանին եւ Գարեգին Բ-ին հրավիրում է երկխոսության ‘