‘Առա՛ջ՝ դեպի ապահով Թուրքմենստան. Սատարման կոլեկտիվ հայտերի պերճանքն ու թշվառությունը ‘

1342

Նախագահական ընտրություններին եղած-չեղած մի 5 օր է մնացել, իսկ իշխանությունները շարունակում են մեզ հրամցնել «կոլեկտիվ սատարման հայտեր» բեմադրությունը: Նպատակը, ինչպես 2008-ին, այս անգամ էլ ակնհայտ է՝ ստեղծել համընդհանուր սատարման իմիտացիա: Ասել կուզի՝ ամբողջ պետությունը՝ ահել-ջահել, գիտնական ու մշակ, հայ, թե այլազգի, սատարում են նախկին կրակոտ երիտասարդ, իսկ ներկայում Կարմիր ծովով Մովսեսի նման անցնող, 100-ից 90 խփող ու «խիյարի թարս» բուսնելու դեմ պայքարի ջատագով Սերժ Սարգսյանին: Այո, նպատակը պարզ է, սակայն, կա մի փոքրիկ խանգարող հանգամանք. այս սատարման կոլեկտիվ հայտերի օպերացիան PR-ի առումով այնքան փնթի է մշակված, որ համաժողովրդական սատարման տպավորության փոխարեն՝ մարդկանց մոտ զարմանք կամ, լավագույն դեպքում՝ ծիծաղ է առաջանում: Թուրքմենստանում ու Ադրբեջանում են երեւի մեկ էլ կոլեկտիվ սատարման այսպիսի ձեւով եւ բովանդակությամբ ակտեր տեղի ունենում.  Թուրքմենաբադի կոշիկի ֆաբրիկայի առաջավոր աշխատակիցները սատարում են նախագահ Բերդիմուհամմեդովի թեկնածությունը, Աշգաբադի առաջատար եռակցող-զոդողների միավորումը սատարում է Բերդիմուհամմեդովի թեկնածունությունը, կամ՝ Շամխորի հայրենակցական միության անդամները սատարում են Իլհամ Ալիեւի թեկնածությունը: Հասել ենք նման մի աբսուրդի. Սերժ Սարգսյանին սատարելու վերաբերյալ կոլեկտիվ հայտարարություններ են տարածում այնպիսի կազմակերպություններ, որոնց անունները կա՛մ միայն ընտրությունների ժամանակ ենք լսում, կա՛մ՝ երբեմն մինչեւ այս ընտրությունները չենք էլ լսել: Երեկ, օրինակ՝ Հայաստանի Ազգայնական միավորման քաղաքական խորհուրդը հավաք էր կազմակերպել, որի ժամանակ, ուշադրություն, «միաձայն որոշվել էր նախագահական ընտրություններում միավորման բոլոր անդամների ձայները տալ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին»: Հենց միայն այս տողը բավարար է՝ հասկանալու համար, որ հաստատուն քայլերով գնում ենք դեպի «ապահով» Հայաստան, որն ավելի շատ ապահով Թուրքմենստան է հիշեցնում: Չե՞ք հավատում, հարցրեք ՀՀԿ-ին, նրանք պնդում են, որ «Հայրենանվեր մահապարտներ» անունով հայրենասիրակական հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Հայրենանվեր մահապարտներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության անդամները գնահատում են Սերժ Սարգսյանի հայրենապաշտ գործունեությունը եւ նախագահական ընտրություններում քվեարկելուեն Սերժ Սարգսյանի օգտին»: Ի դեպ, այս կազմակերպության մասին համացանցում միայն մեկ տեղեկություն կարելի է գտնել, այն էլ՝ Սերժ Սարգսյանին միաձայն սատարելու որոշման վերաբերյալ: Փոխանցիկ դրոշը իր ձեռքն է առել «Գետաշեն հայրենակցական բարեգործական միավորում» հասարակական կազմակերպությունը, որի վարչությունը իր արտահերթ նիստում որոշում է ընդունել ՀՀ նախագահական ընտրություններում իր ձայնը տալ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին եւ դեռ ավելին՝ կոչով դիմել է Հայաստանի տարբեր շրջաններում բնակվող բոլոր գետաշենցիներին եւ համակիրներին` միանալ իրենց նախաձեռնությանը: Բայց սա էլ դեռ ամենը չէ: Նաեւ «Սուրմալու Իգդիր» անունով հայրենակցական  միությունն է Սարգսյանին սատարելու կոլեկտիվ հայտ ներկայացրել, քանի որ, ուշադրություն, «անկախության դժվարին, պայքարով լի ճանապարհին Սերժ Սարգսյանը ստեղծել է իր օրինակելի կենսագրությունը, եղել է Արցախյան հերոսամարտի առաջամարտիկներից, հետագայում միջազգային բոլոր ատյաններում Արցախյան հարցի արդարացի լուծման համար պայքարող անկոտրում  մարտիկը, դիվանագետը, պետության ղեկավարը: Մեծ է Սերժ Սարգսյանի ներդրումը Հայաստանի գիտության, կրթության, մշակույթի, քաղաքաշինական խնդիրների լուծման հարցում, մտավորականության դերի բարձրացման ու կարևորման գործում»: Արտահայտվողների թվում են նաեւ «Վիրահայերի միասնություն» անունով հասարակական կազմակերպությունը, «Հայ կազակական բարեկամության միջազգային միություն» անունով հասարակական կազմակերպությունը, Հայաստանի հունական կազմակերպությունների միությունը, ուշադրություն՝ անգամ Ռուսաստանի ջավախահայերը , որոնք (դե յուրե՝ Վրաստանի կամ ՌԴ քաղաքացիներ), չգիտես ինչու, որոշել են, որ նախագահական ընտրություններում կսատարեն Սերժ Սարգսյանին: Ովքե՞ր մնացին: Հայաստանի եզդիների միությունը: Բայց այդ կազմակերպության ղեկավար Ազիզ Թամոյանն ավելի անկեղծ է՝ նա հրապարակավ հայտարարել է, որ իրենք միշտ էլ իշխանությանն են սատարում, անկախ նրանից, թե ով է իշխանության: Սա, ուրեմն, հասարակական, այսպես կոչված համաժողովրդական աջակցության իմիտացիան էր: Զուգահեռ նաեւ քաղաքական աջակցության իմիտացան է ընթանում՝ իր ողջ ներկապնակով. Բնականաբար՝ Արթուր Բաղդասարյանն իր ՕԵԿ-ով, Արտաշես Գեղամյանն իր կուսակցությամբ, Խոսրով Հարությունյանն ու Հայկ Բաբուխանյանը, Արամ Սարգսյանը, ու էլի մի քանի մանր-մունր դիվանային կուսակցություններ, որոնց հույսին էլ Սերժ Սարգսյանին մնացել է ապավինել: 

Հ.Գ. Իրականում շատ դժվար կացության մեջ է հայտնվել պարոն Սերժ Սարգսյանը: Ոչ ոք  ինքնակամ չի ցանկանում նրան սատարել: Ու քանի որ այդպես է, վերջինիս մնացել է միայն կոլեկտիվ հայտեր բեմադրել: Կարեւորը, որ այս հարցում իշխանությունները շատ չոգեւորվեն, թե չէ հաջորդը կարող է լինել «Հայ կթվորուհիների միավորումը», կամ «Ատամնատեխնիկների ֆեդերացիան», կամ էլ՝ «Զորացրված ամենահին արհեստի ներկայացուցիչների» կազմակերպությունը:

Քրիստինե Խանումյան

«ՉԻ» 

Նախորդ հոդվածը‘Վթար Ալավերդի քաղաքում. կա երկու վիրավոր’
Հաջորդ հոդվածը‘Դժվարանցանելի են Ամասիա-Աշոցք, Գյումրի-Բավրա ճանապարհահատվածները’