‘Առաջարկում են Հ1-ին զրկել առևտրային գովազդից ‘

959

 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ մի քանի հանձնաժողովների նախագահներին էր ուղարկել Հայաստանի հանրային Հ1 հեռուստաալիքի եթերում գովազդային հաղորդումների ծավալների եւ գովազդի զետեղման քաղաքականության՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխանության ուսումնասիրման հաշվետվությունը, որում Ազգային ժողովին էին ներկայացվել նաև իրադրության բարեփոխման առաջարկություններ ու լուծումներ:

 

Ավելի ուշ` հոկտեմբերի 31-ին, ակումբը նամակով դիմել էր Ազգային ժողովի` էլեկտրոնային հասցե ունեցող 75 պատգամավորներին՝ առաջարկելով (1) փոփոխություններ կատարելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում, արգելել Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը առեւտրային գովազդ հեռարձակել, ինչի շնորհիվ Հ1-ի հեռուստաեթերը կազատվեր տարեկան մոտավորապես 640-670 ժամ առեւտրային գովազդային նշանակության հոլովակներից, (2) պետական բյուջեից Հայաստանի հանրային հեռուստատեսությանը, ի լրումն արդեն սովորական՝ մոտ 2,3-2,4 մլրդ դրամ հատկացվող դրամաշնորհի, ավելացնել եւս 0,93-1,0 մլրդ դրամ` դրանով փակելով այն հնարավոր դեֆիցիտը, որը կգոյանա, եթե հանրային հեռուստաընկերությունը առեւտրային գովազդ չիրացնի:

 

Դեկտեմբերի 13-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահի անունով պատասխան է ստացվել ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանից:

 

Պատասխանում, մասնավորաբար, ասվում է. «…ներկայացված տվյալներն անշուշտ մտահոգիչ են, սակայն Ազգային ժողովը լիազորված չէ և չի կարղ կոնկրետ քայլեր ձեռնարկել, բացի ի գիտություն ընդունելուց և հետագա վերաբերմունք դրսևորելուց: Միաժամանակ, պատասխանելով Ձեր՝ հոկտեմբերի 31-ի նամակին, տեղեկացնում եմ, որ պատգամավորական հարցապնդմանն ի պատասխան ներկայացված տեղեկատվությունում գովազդային ժամանակի առավելագույն արժեքը Հանրային հեռուստաընկերությունում կազմում է 120.000 դրամ»:

 

iLur.am-ի հետ զրույցում Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն ասաց, թե ենթադրում է, որ խոսքը 1 րոպեի մասին է:

«Անձամբ ես գնացել եմ մեկ տարի առաջ՝ հոկտեմբերին, գովազդ պատվիրելու, և ինձ ասել են, որ Հ1-ի եթերում գովազդն արժե 500 դոլար, «Կայմ» ընկերություն եմ գնացել, խոսել եմ նրանց, կարծեմ, գործադիր տնօրենի հետ: Ասացին, որ ամբողջովին վաճառված է մինչև հունվարի կեսերը: Գնացուցակ իրենք չունեն, չեն տալիս, և տարբեր մարդիկ մեզ ասում են, որ այդ գինը շատ էժան գին է: Կարծում եմ, որ այդ գինը շատ իջեցված է: Ենթադրում եմ, որ հնարավոր է՝ եկամուտներ են նվազեցվել»,- ասաց Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ միջնորդ ընկերության՝ գովազդը Հ1-ի եթերում վաճառող «Կայմի» տրամադրած տեղեկություններով, գովազդի առավելագույն գինը եղել է 120.000 դրամ, սակայն իրենց ուսումասիրություններով՝ այդ թիվը շատ ավելին պետք է լինի:

«130.000-150.000 դրամ՝ միջին գինը, ոչ թե առավելագույնը: Սա նշանակում է, որ միջնորդ ընկերությունը Հ1-ի գովազդի վաճառքից աշխատում է 3-4 անգամ ավելի շատ գումար, քան Հ1-ը ստանում է իր գովազդի վաճառքից: Այս պատճառով է, որ մենք առաջարկել ենք, որ օրենքով Հ1-ին առևտրային գովազդից զրկեն ու ավելացնեն իրենց դոտացիային ևս մեկ միլիարդ դրամ՝ մոտավորապես այնքան գումար, ինչքան իրենք ունեին գովազդից: Դրա փոխարեն Հ1-ի եթերում կազատվեր 640 ժամ գովազդային ժամանակ, որը կարելի էր օգտագործել հանրային նշանակության հաղորդումների համար»,- նշեց Բարսեղյանը:

Նախորդ հոդվածը‘ԿՀՎ-ի գործակալների կողմից առեւանգված գերմանացին կստանա փոխհատուցում ‘
Հաջորդ հոդվածը‘ԵՄ հանձնակատարին հսկայական տուգանք է սպառնում’