‘Առաջին անգամ Վիրահայոց թեմը ֆինանսական օգնություն կստանա Վրաստանի պետբյուջեից’

927

Առաջին անգամ նորանկախ Վրաստանի ավելի քան քսանամյա պատմության ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը ֆինանսական օգնություն կստանա երկրի պետբյուջեից:

Վրաստանի կառավարությունը նման որոշում է կայացրել երկուշաբթի օրը` վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի առաջարկով: Նույն այս որոշմամբ Հայ Առաքելական եկեղեցուց բացի ֆինանսական օգնություն կստանան նաև Վրաստանում բնակվող կաթոլիկները, մահմեդականներն ու հրեաները:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, բացատրելով կառավարության այս քայլը՝ վարչապետ Ղարիբաշվիլին նշում էր․ — «Ֆինանսավորումը կտրամադրվի համամասնորեն` ըստ այս չորս կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների թվաքանակի: Պետական ֆինանսավորման տրամադրումը փոխհատուցում է՝ խորհրդային ժամանակաշրջանում կրոնական այս խմբերի դեմ իրականացված հալածանքների ու ճնշումների համար: Նման ֆինանսավորման տրամադրումը աննախադեպ է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ողջ Եվրոպայի համար»:

Բոլոր չորս խմբերի համար նախատեսված պետական ֆինանսավորման ընդհանուր ծավալը 2014-ին կկազմի 2․5 միլիոն ամերիկյան դոլարից քիչ ավելին:

Նախորդ հոդվածը‘Թուրքիան եւ Իրանը կստորագրեն համատեղ համաձայնագիր’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպացի փորձագետ. Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրությունն առայժմ ընդամենը մտադրություն է’