‘Առաջին օմբուդսմեն. Աղբյուր բացահայտելու մասին դատարանի որոշումը Հայաստանում խոսքի ազատությունը սահմանափակելու կոպիտ փորձ է’

1252

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի որոշումը, որով iLur.am-ին և «Հրապարակ»-ին պարտադրվում է բացահայտել իրենց տեղեկատվության աղբյուրները՝ Հայաստանում խոսքի ազատությունը սահմանափակելու կոպիտ փորձ է: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի առաջին Օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

«Ինձ համար նման որոշումն անձնական վիրավորանք է»,-նշել է նա:

Առաջին Օմբուդսմենը նշել է, որ էթիկական նորմերի և ԶԼՄ-ների ու հասարակական կազմակերպությունների շրջանակներում տեղեկատվական տարածքում պրոբլեմները կարգավորելու բազմաթիվ ձևեր կան: «Տեղափոխել հարցը դատարանի դահլիճ և սկսել դատական քննություն` պարզապես աներևակայելի է»,-եզրափակել է նա:

Նշենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանում առաջին անգամ ընդունվեց մի վճիռ, որով ԶԼՄ-ներին պարտադրվում է բացահայտել իրենց ինֆորմացիայի աղբյուրները: Մասնավորապես, «Հրապարակ» թերթը և iLur.am կայքը հրապարակել էին այն մասին, որ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը կանգնեցրել է հայտնի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի ավտոմեքենան, հարվածել վերջինիս եղբորը, իսկ նրան ատրճանակով սպառնացել: Հատուկ քննչական ծառայությունն այս կապակցությամբ հարուցել է քրեական գործ, իսկ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ ծանր և հատկապես ծանր հանցագործությունների դեպքում լրագրողին կարող է դատական կարգով պարտադրվել բացել ինֆորմացիայի իր աղբյուրը: Մամուլի Ազգային ակումբն այս կապակցությամբ արդեն հայտարարություն է տարածել, որում Վերաքննիչ դատարանից պահանջում է վերանայել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի որոշումը: Մասնավորապես, ակումբը նշում է, որ ինֆորմացիայի աղբյուրը դատարանը կարող է պարտադրել բացել միայն ծայրաստիճան անհրաժեշտության և հասարակության համար դրանից բխող անժխտելի շահի առկայության դեպքերում, ինչը բացակայում է սույն գործում:

Նախորդ հոդվածը‘Քարվաճառցի 17-ամյա տղայի մահվան առթիվ հայտնի չէ, թե երբ գործ կհարուցվի’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ. Պետական մարմինների կարող է թվալ, որ «գեթ մեկ փաստ» գոչելով՝ կարելի է թաքցնել սեփական համակարգային արատները’