‘Առաքել Թավրիզյան. Կոալիցիոն սրբագրում’

10644

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Ղարաբաղի հարցում Սերժ Սարգսյանի ասած ցավոտ լուծումների կապակցությամբ կարծիք է հայտնել, որ «ցավոտ լուծում է լինելու միայն Ադրբեջանի համար»: Ասել է թե՝ դաշնակցական պատգամավորը սրբագրել է Սերժ Սարգսյանին՝ «նախագահ, մի զիջիր» ոճով:

Հարց է ծագում՝ Վարդանյանի ասածը զուտ դաշնակցկան թելադրա՞նք է Սերժ Սարգսյանին, թե՞ Ղարաբաղի հարցը կոալիցիայում քննարկվել, եւ կատարվել է որոշակի դերաբաշխում, որ հանրապետականը հանդես է գալիս փոխզիջումների օգտին, իսկ դաշնակցությունը՝ ոչմիթիզհողականության: Կա, անշուշտ, նաեւ երրորդ տարբերակը: Դա այն է, որ դաշնակցությունը Ղարաբաղի հարցով բանակցություններից ոչ մի տեղեկություն չունի եւ իրեն հիշեցնելու համար առիթն օգտագործել, խորհրդարանական խմբակցության քարտուղարի մակարդակով փորձել է ինչ-որ բան ասել Սերժ Սարգսյանին:

 Առաջիկա ամիսներին իշխանության մեջ տեղի են ունենալու վերադասավորումներ, ոչ ոք իրեն ապահովագրված չի զգում, եւ դաշնակցությունն՝ առաջին հերթին: Այդ է, թերեւս, պատճառը, որ Ղարաբաղի հարցում առաջ է բերվում «յեղափոխական» մոտեցում: Այսինքն՝ ակնարկ է արվում, որ եթե լուծումը ցավոտ պիտի լինի նաեւ հայկական կողմի համար, ապա թող ամբողջ պատասխանատվությունը վերցնի հանրապետականը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Աղվան Վարդանյանի ասածը կարելի է հասկանալ նաեւ այս իմաստով: Բայց հնարավոր է՝ մենք նրան լուրջ վերագրումներ ենք անում, եւ դաշնակցական պատգամավորն ընդամենը նախատոնական տրամադրվածության «ծիրին մեջ» ականջահաճո արտահայտություն է արել՝ այնքան էլ չկարեւորելով ասածը: Ամենահավանականը, գուցե, հենց այս տարբերակն է, որը նաեւ ամենացավալին է: Նշանակում է՝ կոալիցիոն սրբագրում կարելի է անել՝ հասարակության աչքում հեղինակություն պահելու համար, բայց գործնականում մնալ պայմանավորվածությունների շրջանակում: Ավելին, դա նշանակում է, որ Ղարաբաղի հարցին կարելի է մոտենալ թեթեւամտորեն, այսօր մի բան ասել, վաղը՝ դրա հակառակը: Այս անպատասխանատու կեցվածքն է պատճառը, որ Ղարաբաղի հարցում այդպես էլ չի ձեւավորվում հստակ մոտեցում հենց իշխանության ներսում: Իսկ դա բերում է խնդրի շուրջ հրապարակային արտահայտությունների բազմազանության, որն, անկասկած, թուլացնում է Հայաստանի բանակցային դիրքերը:

Աղվան Վարդանյանի ասածը նույն ժանրից է՝ փորձել սրբագրել Սերժ Սարգսյանի հայտարարության հասարակական տպավորությունը: Գուցե առաջին հայացքից դա ստացված է թվում, բայց գործնականում այդ մոտեցումը խարխլում է իշխանության նկատմամբ վստահությունը, քանի որ բացահայտում է իշխող կոալիցիայի կատարյալ անպատասխանատվությունը:

Նախորդ հոդվածը‘Նավալնիի կողմնակիցները պաշտոնապես առաջադրել են նրա թեկնածությունը’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայի թագավորը Կատալոնիայի անկախության կողմնակիցներին միասնության կոչ է արել’