‘Առաքել Սեմիրջյան. Թերի բարոյական արժեհամակարգ’

3068

Վերջերս մի ստատուս էի գրել և խոստացել  առանձին հոդվածով բացել այն. «Հայաստանի խնդիրներից մեկն էլ այն է, որ հայերի մեծ մասը բարոյականությունը հիմնականում կապում է սեռականության հետ»:

Ցանկացած հասարակություն կարիք ունի ինչ-որ բարոյական արժեքների, որով էլ կարգավորվում են տվյալ հասարակության հարաբերությունները: Կարգավորիչներից ամենահիմնականը օրենքներն են, սակայն օրենքներն ամբողջությամբ չեն կարողանում կարգավորել մարդկային հարաբերությունները, և օրենքներից է՛լ ավելի ընդգրկուն են բարոյական կանոնները, որոնց վրա էլ հիմնվում է և՛ ընտանիքը, և՛ պետությունը:

Ընկերական և գործնական հարաբերություններն էլ են  հիմնված միայն ու միայն բարոյականության կանոնների վրա: Նույնիսկ միջազգային հարաբերություններում է գործում «բարոյականության կանոնը», որի դրսևորումներից մեկն էլ միջազգային ճանաչում ստացած «ջենթլմենական համաձայնություն» հասկացությունն է, որը չի սահմանում որևէ փաստաթղթի ստորագրում, այլ հիմնված է միայն ու միայն մարդկանց փոխվստահության ու խոսքի արժեքի վրա:

Նույն կանոնն էլ գործում  է սպորտում, և անկախ տվյալ մարզաձևի հաստատված  «օրենքներից»՝ կան այլ բարոյական կանոններ, որոնք փորձում են պահել մարզիկները, և ինչին իր հարգանքի տուրքն է մատուցում հանդիսատեսը:

Տարբեր կրոններ այս կամ այն կերպ փորձել են սահմանել մարդկային բարոյական հարաբերությունները, և այն պետությունները, որոնք դավանում են տվյալ կրոնին, նաև ինչ-որ կերպ կարգավորվում են այդ կանոններով: Ժամանակի ընթացքում կրոնով սահմանված տարբեր կանոններ վեր են ածվել տվյալ պետության օրենքների, սակայն զգալի մասն էլ մնացել է դրանից դուրս:

Քրիստոնեության մեջ Աստվածաշնչյան պատվիրաններն ու Պարականոն Ավետարանների «Մահացու մեղքերի» սահմանումը այն կանոններն են, որոնցով քրիստոնեությունը փորձում էր սահմանել բարոյականության իր արժեհամակարգը: Երկար կարելի է քննարկել այս կամ այն պատվիրանի, այս կամ այն «մահացու մեղքի» համաչափությունն ու իրավաչափությունը, սակայն առանց այսպիսի սահմանումների՝ մարդկությունը, իսկ կոնկրետ դեպքում՝ պետությունը, չէին կարող երկար գոյատևել:

Վերադառնանաք Հայաստանին: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում օրենքները չեն գործում կամ գործում են միայն անապահով խավերի համար, իսկ իշխանության ներկայացուցիչները կարող են գողանալ, սպանել, ուրիշի ունեցվածքը հափշտակել … և մնալ անպատիժ:  Օրենքների կամայական գործածությունը հավասարազոր է օրենքի չգործման, այդ իսկ պատճառով  կարելի է առանց երկմտելու ասել, որ Հայաստանում քրեական, քաղաքացիական, վարչական օրենքները բացարձակապես չեն գործում:

Մնում են հասարակական օրենքները (չհաշված ծեսերն ու ավանդույթները), որոնց քննարկմանն էլ նվիրված է այս հոդվածը:

Ծեսերն ու ավանդույթները շատ ավելի լայն թեմա է, որն, իհարկե, սերտ կապի մեջ է հասարակական օրենքների հետ, սակայն ավելի ակադեմիական քննարկման թեմա է, այդ իսկ պատճառով, այս հոդվածում կանդրադառնամ միայն հասարակական բարոյական օրենքներին:

Եթե ընդունենք, որ Հայաստանը քրիստոնեական բազմադարյա փորձ ունի, ապա պետք է հասարակության հարաբերությունները դիտարկել քրիստոնեական արժեհամակարգի դիտանկյունից:

Հիմա, ո՞ր մի Քրիստոնեական կանոնն է գործում Հայաստանում՝ բացի «մի շնանա»-ից: Չշնանալն էլ վերաբերում է միայն կանանց և սեռական փոքրամասնություններին, այսինքն՝ Հայաստանում գործող հասարակական կանոններից միայն մեկն է գործում, այն էլ՝ կեսից էլ պակաս:  Այսինքն՝ եթե մարդը գող է և ավազակ, սրիկա է կամ մարդասպան, իր համար «փողը Աստված է», իսկ «պաշտոնն էլ՝ կուռք», այդ մարդը ոչ միայն չի դատապարտվում հասարակության կողմից, այլև նրա այդ վարքագիծը ընդունվում է որպես բնական, որ իբր, մարդ է, ով կարողանում է իր արածների «տակից» դուրս գալ, և դեռ իր ընտանիքն էլ «լավ» է պահում:

Այսպիսի հասարակական հարաբերություններով պետությունը կանգնած է կործանման եզրին, քանի որ որևէ կերպ հնարավոր չէ այնպիսի հիմք ստեղծել, որի վրա կկառուցվի պետության արժեհամակարգը: Այդ իսկ պատճառով էլ հայ հասարակության մեջ այդքան հեշտությամբ տարածվում է իշխանությունների կողմից վերահսկվող «էժան  հայրենասիրությունն» ու բոլոր մեղքերը արվամոլների վրա գցելու սովորույթը:

Ինչքան հասարակության արժեհամակարգը թույլ է, այնքան հասարակությունը ավելի շատ է հավատում միֆերին և լեգենդներին, այդ իսկ պատճառով էլ մասոննները, հրեաները, աղանդավորները, արվամոլները… դառնում են  իշխանությունների ձեռքում գործիք՝ ժողովրդին վախեցնելու և պետության արժեհամակարգին սպառնացող իրական վտանգներից ուշադրությունը շեղելու համար:

Պետության մասին մտածող իշխանությունների խնդիրը պետք է լիներ ոչ թե կեղծ թիրախների ստեղծումը և դրանով իսկ ավանդույթների հիմքերի խարխլումը, այլ իրական վտանգների բացահայտումը և պետության ներսում բարոյական արժեհամակարգի ամրապնդումը:

Իրերի այսպիսի դասավորվածության պատճառով է, որ միայն ամուսնուն դավաճանած կինն է համարվում անբարոյական, իսկ հակառակ դեպքում՝ դա նորմալ է, ընկերոջը դավաճանած ընկերը «նորմալ» է, մի քանի կուսակցություն փոխած ու իր քաղաքական հակառակորդներին ծախված քաղաքական գործիչը «նորմալ» է, պետության ունեցվածքը վաճառել և գրպանը դնելը «նորմալ» է, պետական պաշտոնյայի՝ բազմամիլիոնանոց տներ կառուցելն ու բազմահազարանոց ավտոմեքենաներ վարելը «նորմալ» է, իշխանության ներկայացուցչի՝ բանկում հայտարարագրված միլիոնավոր դոլարներ ունենալը «նորմալ» է, կազինոներ այցելելը «նորմալ» է, գիտությամբ չզբաղվելով գիտական աստճաններ ստանալը «նորմալ» է, բանակում չծառայելը և պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնելը «նորմալ» է…:

Եւ միայն մի հարցն է աննորմալ, երբ ինչ-որ կին արտամուսնական կապի մեջ է մտնում ինչ-որ մեկի հետ, կամ էլ մեկը դառնում է արվամոլ:

Նախորդ հոդվածը‘Փոխքաղաքապետի տիկնոջ եկամուտները գերազանցում են ամուսնու եկամուտները – Panorama.am’
Հաջորդ հոդվածը‘Ալժիրում եռօրյա սուգ է հայտարարվել օդանավի աղետի զոհերի հիշատակին’