‘Առաքել Սեմիրջյան. Իմ մահվան օրը’

2404

Իմ ծննդյան օրը կիջնի լռություն…

 — Ծննդյան չէր, մահվան էր, ինչ-որ բան խառնել ես….

— Չէ, դու ես շփոթում, դա իմ մահվան օրն էր: Դու այսքան տարիների ընթացքում չհասկացար, որ մարդու մահվան օրն սկսվում է նրա ծննդյան օրվանից:

— Չհասկացա ու չեմ էլ ուզում հասկանալ, սակայն այդ օրը լռություն չկար:

— Դու կրկին աղմուկը լռությունից չկարողացար տարբերել, իսկական լռությունը աղմուկի մեջ է: Ու ես էլ ծնվեցի էդ աղմուկի մեջ:

— Ասում եմ՝ դու չծնվեցիր, դու մահացար, ու տասներեք թիվն էլ քո դժբախտության խորհրդանիշն էր:

— Հիմար, ի՞նչ ես հասկանում այդ թվից, այդ քեզ համար էր տասներեքը դժբախտ թիվ, այն էլ՝ նոր տոմարով, դու կյանքին ու ամեն ինչին նոր տոմարով ես նայում, կարծես քեզնից առաջ ոչինչ չի եղել՝ոչ մի մարդասպան ու ներոն, դու մի փոքր էլ հին տոմարին նայիր ու կտեսնես, թե ինչ է լինում քեզպեսների ճակատագիրը:

— Բայց դու մեռած ես, դու, մեռած լինելով՝ ինչպե՞ս ես կարողանում ինձ ահաբեկել, ես քեզ շան պես սատկացրի, իսկ ես ողջ-առողջ վայելում եմ կյանքը:

— Ողորմելի, ես կրկնում եմ՝ իմ ծննդյան օրը իջավ լռություն, սակայն այդ լռությունը քո կյանքի ամենադաժան աղմուկն է լինելու ու քեզ հասցնելու է խենթության: Դու գիտես, որ բոլոր եղբայրասպանները իրենց կյանքն ավարտում են խելագարությամբ, ու կարող եմ ասել՝ ինչու. նրանք բոլորը վաճառած են լինում իրենց հոգին, ու մարմնի մեջ ոչ մի ուժ չի մնում, որպեսզի զսպի խելքի փախուստը:

— Ես այդպես չեմ ավարտի իմ երկրային կյանքը, իսկ երկնայինի գոյության մասին ոչ ոք ապացույց չունի:

 — Բոլորն էլ նույն հույսով են իրենց եղբայրներին սպանում, իսկ դու հույս ունեիր նոր տոմարով հին մեղքերդ քավել:

— Ինչո՞ւ այդ բանն արեցիր, Հայկ, քեզ ի՞նչն էր խանգարում ապրել:

— Իմ անունը Հայկ չէ, ես Խորենն եմ…

 — Խորեն, ինչո՞ւ դավաճանեցիր տիրոջը…

 — Սակայն ո՞վ ասաց, որ նա է տերը, ես եմ իմ տերը…

 — Սա էլ հո ես չեմ ասում, սա դու ես ասել քեզ ստեղծողի հետ խոսելիս: Այ, սրա համար էլ ես քեզ սպանեցի ու մեկ էլ նրա համար, որ դու բռնաբարում էիր ծովերը, գետերն ու լճերը: Չէ՛, դու չէիր բռնաբարում, դու էնպիսի սիրով էիր նրանց սիրում, որ կողքից թվում էր, թե բռնաբարում ես: Ես ամեն ինչ արեցի, որ նույն կերպ լողամ, սակայն իմ վրա ծիծաղում էին, իսկ դու համ նույն կերպ լողում էիր, համ էլ նույն կերպ ապրում, ու քեզ բոլորը սիրում էին, իսկ ես դրա կեսը չարած՝ արժանացա համատարած ատելության:

— Դու իրավացի ես, ես կյանքում ոչինչ բռնաբարած չկամ, ես ամեն ինչի մեջ պաշտում էի կյանքը, նույնիսկ խոզերի հետ քնելուց հետո ես նրանց շուշան էի նվիրում, թրաշուշան, որ հետո քեզ համար երգեն… Ես խոզերին էլ երգացրեցի, սակայն քեզ չկարողացա հասկացնել, որ եղբորը չի կարելի սպանել:

— Հա, բայց դու էլ դավաճանեցիր քեզ ստեղծողին, այսինքն՝ մենք երկուսս էլ նույն մեղքի բաժինն ունենք:

— Քեզպեսների համար իմ արարքը կողքից կարող է դավաճանություն թվալ, սակայն ես ոչ մեկին երբեք դավաճանած չկամ, եթե, իհարկե, չհաշվեմ ինքս ինձ, իսկ ես էլ ինձ դավաճանեցի քեզ համար, որ աշխարհին ապացուցեմ, որ սրբությունները կարելի է շների դիմաց լցնել, ու դրանից հետո նրանք կդադարեն շուն լինելուց, սակայն ես սխալվեցի:

 — Դու միայն այդ դեպքում չէ, որ սխալվեցիր, դու սխալվեցիր նաեւ գարունը ընտրելիս: Քեզ թվում էր` ներվելու է գարնանամուտը նշելը, էն, որ ձուն ու թարխունը իրար հետ լավաշով փաթաթած ձորում վայելում էիր ու հետն էլ սիրում կյանքը: Ես հենց այդ օրն էլ քեզ ատեցի, ու հենց այդ օրն էլ ես պետք է լուծեի իմ վրեժը: Ու թող քեզ չթվա, թե չգիտեի՝ հին տոմարով որ օրն է ընկնում քո ծնունդը: Ես ատում էի քո ծնունդը ավելի շատ, քան քո մահը, ու դու դատապարտված էիր այդ օրով մահանալու:

— Թշվառ, ես քեզ հազար ասացի՝ ես չեմ մահացել, այլ ծնվել եմ, ու իմ ծնված օրն իջավ լռություն…

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը «դեմ» ըլլալով՝ «կո՞ղմ» է’
Հաջորդ հոդվածը‘Հերմինե Նաղդալյան. Հնարավոր է, սահմանադրական փոփոխությունների 2 փաթեթ ներկայացվի’