‘Առաքել Սեմիրջյան. Հաղթանակից ու պարտությունից անդին’

8411

Սկզբից ասեմ, որ նախաբանը մի քիչ երկար է լինելու, բայց ոչինչ, մի կերպ կդիմանաք։ Համ էլ չափազանց պրովոկատիվ է. ոչինչ, դրան էլ փորձեք դիմանալ:

Ըստ իմ անձնական ուսումնասիրությունների՝ ՀՀԿ-ն այսքան տարի իշխանության է, որովհետև չի փորձում կեղծել իր իրական էությունը ու ասում է. «Ինչ կամ՝ այն էլ կամ, ու ինձնից ավելին կամ պակասը սպասելը անմտություն է», իսկ ընդդիմադիրների մեծ մասը փորձում է ներկայացնել իրեն այլ կերպ, քան իրականում ինքը կա:

Այստեղ լավի ու վատի խնդիր չէ, և ես ներքևում կփորձեմ բացատրել՝ ինչի մասին է խոսքը: ՀՀԿ-ն չի ասում, որ Սամվել Ալեքսանյանը մտքի տիտան է կամ Առաքել Մովսիսյանը ջենտլմենության օրինակ է, ոչ էլ փորձում է Սուրիկ Խաչատրյանին ու Սեյրան Սարոյանին տարբեր կերպարներով ներկայացնել: Հա, իհարկե, Սուրիկ Խաչատրյանը դոկտորական թեզ է պաշտպանում, սակայն այդ թեզն էլ է ներկայացվում այնպես, որ բոլորը հումորով վերաբերվեն դրան եւ չմտնեն լուրջ ու ՀՀԿ-ի կերպարից տարբեր այլ կերպարի քննարկումների մեջ:

Երկրորդ նախաբանս վերաբերում է իմ անձին, թե ինչու եմ գրում այս ամենի մասին ու ինչու չէի կարող չգրել, որովհետև ամեն մարդ մի ձևով փորձում է «պահարանների ու դարակների» մեջ դասավորել այն տեղեկատվությունը, որը ստանում է, իսկ ինձ մոտ այդ ամենը միայն գրելու ձևով է ստացվում, ու եթե չգրեմ՝ հաստատ ուղեղումս խառնաշփոթ կառաջանա ու չեմ հասկանա որը որից հետո է:

Երկրորդ պատճառը այն է, որ գրելով փորձում եմ պրովոկացիայի ենթարկել զրուցակիցներիս՝ ոչ թե նրանց վիրավորելու կամ անարգանքի սյունին գամելու համար, այլ ստանալու համար նաև այն համոզմունքը, թե արդյո՞ք ճիշտ դարակում է դրված ստացածս տեղեկատվությունը, ու արդյո՞ք ճիշտ է դասավորված, թե հարկավոր է շտկումներ մտցնել դրանում։ Այդ իսկ պատճառով ես երբևէ չեմ նեղանում, «սխալ» վերլուծություններս ուղղողներից, այլ միայն ու միայն շնորհակալ եմ, որովհետև նրանք օգնում են ինձ՝ գլխիս միջի տեղեկատվությունն ավելի տրամաբանական ու ճիշտ դասավորել:

Գրելուս մյուս պատճառն էլ այն է, որ շատ հետաքրքրասեր մարդ եմ ու չեմ կարողանում ինձ հետաքրքրող թեմայի կողքով անտարբեր անցնել: Այսքանն իմ մասով, ու թող ինձ ներեն նրանք, ովքեր գրածներիցս վիրավորվում են. պարզապես ցանկացա ասել, որ գրելովս բարոյախոսելու կամ ուրիշներին կյանք սովորեցնելու նպատակ չունեմ, պարզապես դրանք իմ խոհերն են, որոնք փորձում եմ արտահայտել ու ստանալ ձեր կարծիքներն իմ մտահոգությունների մասին: Բացի սրանից, այլ բազմաթիվ պատճառներ էլ կան, սակայն դրանց մասին այս հոդվածում չխոսենք:

Հիմա անցնեմ բուն թեմային, թե ինչու է ՀՀԿ-ն այսքան երկարակյաց, իսկ ընդդիմադիրները՝ «ոչ հաջողակ»: Եկեք քննարկենք Սասուն Միքայելյանի մոտակա ընտրությունները ու փորձենք տեսնել, թե ինչ է սպասվում մեզ այդ ընտրությունների ժամանակ:

Սասուն Միքայելյանի հակառակորդը ՀՀԿ կուսակցությունից է ու երբևէ չի փայլել իր «համարձակությամբ» ու վառ անհատականությամբ, և նրա հիմնական արժանիքն այն է, որ չի թաքցնում իր հլու-հնազանդ ծառայությունն այն իշխանությանը, որն իրեն հնարավորություն է տվել իշխանավարելու:

Ի տարբերություն Արամ Դանիելյանի, Սասուն Միքայելյանն Արցախյան պատերազմի  մասնակից է, դեռ ավելին՝ «Սասուն» ջոկատի հրամանատար է, նաև՝ նախկին քաղբանտարկյալ է եւ երկրի համար ցանկացած բախտորոշ պահի կանգնել է ժողովրդի կողքին ու փորձել իր ուժերի ներածին չափով ծառայել ժողովրդին:

Այս պարզ համեմատությունը կարող է ենթադրել տալ, թե ինչ խնդիր կա որ, Սասունը ցանկացած դեպքում հաղթող է իր հակառակորդին, այն էլ՝ իր հայրենի քաղաքում։ Սակայն, մի փոքր ուսումնասիրելու դեպքում կպարզվի, որ այդքան էլ այդպես չէ:

Նախ՝ սկսենք այնտեղից, որ ի սկզբանե սխալ տակտիկա է ընտրված, ու Սասուն Միքայելյանի փիառը փորձում են անել, պայմանական ասած՝ իմ համակրանքը վայելող ԿՎՆ-ից Ալեն Սիմոնյանը և Նավակ Ճոճող Վիլեն Գաբրիելյանը:

Եթե Սասունի ընտրարշավը տեղի ունենար Փարիզի կենտրոնում, հնարավոր է, որ «Գլամուռ Սասուն» օպերացիան ինչ-որ արդյունքի հասներ, այն էլ այն դեպքում, եթե Սասունը համապատասխաներ ալենդելոնյան, կամ մարլոնբրանդոնյան փարիզյան կերպարին, բայց Սասունը մի անձնավորություն է, որն իր սարեցի ու ուղղամիտ կերպարով ավելի հզոր անհատականություն է, քան եթե փորձում են նրան ԿՎՆ-ի փիառի մեջ տեղավորել:

Նույն կերպ էլ պատկերացրեք, որ մեր ընկեր Նավակ Ճոճողը գնում է, ենթադրենք, պայմանական ասած՝ Համզաչիման գյուղ ու փորձում Սասունի փիառն անել, նրան համզաչիմանցիները էնպես կճոճեն, որ մինչև 2017 թվականը ծովային հիվանդությունից դժվար բուժվի:

Սա՝ իմիջիայլոց, որովհետև Սասունն այս հողուջրի կաթն ու մածունը կերած տղա է ու կարիք չունի հավելյալ «սուպեր փիառ»-ի: Նա մի նախադասություն է ասել, որը կարող էր իր փիառի հիմնական մեխը դառնալ. այն, որ «Սասուն» ջոկատը մնացած ֆիդայական ջոկատներից տարբերվում էր նրանով որ իր կազմում ուներ Լևոն Խեչոյան: Ա՛յ, հենց Լևոն Խեչոյանի հետ զինակից ընկեր լինելը հերիք էր Սասունի կերպարը հասկանալու համար, ու նույնիսկ պայմանական պարտության դեպքում էլ հասկանալ, որ որևէ խնդիր չկա, ու այդ պարտությունները միայն ժամանակավոր երևույթներ են, եւ միայն ազնիվ պայքարն ու նախկին զինակիցներին չդավաճանելն արդեն ինքնին հաղթանակ է:

Իսկ ինչ է կատարվում այժմ. դեռ չպարտված՝ արդեն մեղավորներ են փնտրում, թե ով ինչպիսի հանձնաժողովի անդամ չտվեց, դրա համար էլ չպարտված մարդն արդեն «պարտվեց»:

Եթե մարդը վստահ է, որ հաղթելու է, ինչու պետք է նախապես պարտության մեղավորներ փնտրի ու իր ընտրարշավը կառուցի պարտության մեղավորների վրա, ոչ թե հակառակը՝ պետք է ասի, որ ե՛ս եմ պատասխանատու իմ պարտության  ու հաղթանակի համար։ Թե՞ հաղթանակի տերը դու ես, իսկ պարտությանը` ուրիշները:

Այստեղ մնում է մի հույս իշխանության թեկնածուին հաղթելու, այն էլ այն դեպքում, եթե իշխանությանը պե՛տք է թույլ տալ, որ հաղթի ընդդիմադիր թեկնածուն։ Ու քանի որ մենք գիտենք, որ իշխանությունները չեն փորձում իրենց այլ կերպ ներկայացնել, ու իրենց երկարակեցության գրավականն իրենց իրական կերպարից չշեղվելն է, ուրեմն՝ տվյալ թեկնածուն կամ պետք է դառնա իշխանության հաճախորդը, կամ էլ՝ պարտվի:

Բայց սարսափելին ոչ թե պարտությունն է, այլ այն կերպարի աղավաղումը, որը տեղի է ունենում այս ընտրական գործընթացում։ Այն, որ պարտությունից կամ «հաղթանակից» հետո մենք արդեն չենք ունենում այն Սասունին, որը կերտվել էր իր և մեր բոլորի կողմից, այլ ստանում ենք մի Գլամուռ Սասուն, որը պարտվեց կամ հաղթեց՝ արդեն կարևոր էլ չէ, թե հանուն կամ ընդդեմ ինչի:

 

Նախորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Ալեքսանդր Վերտինսկին. կուռք էր, բայց կար եւ չկար’
Հաջորդ հոդվածը‘Արա՛, դու ոստիկա՞ն ես, թե՞ գողական (տեսանյութ) – armlur.am’