‘Առաքել Սեմիրջյան. Հաղթանակների ընկալումը’

1716

Երկու օր առաջ նշվեց Հաղթանակի 70-ամյակը, ու այն բազմաթիվ հարցեր առաջացրեց՝ սկսած նրանից, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը չի ավարտվել մայիսի 9-ին, վերջացրած նրանով, որ ընդամենը 29 երկիր մասնակցեց Մոսկվայում անցկացված հաղթանակի տոնին, իսկ մնացած երկրները, այդ թվում՝ ժողովրդավարական համարվող, կապված Ռուսաստանի ներկայիս իրավիճակի հետ՝ բոյկոտեցին այդ իրադարձությունը` իբր ցույց տալու համար, որ առանց Արևմուտքի Խորհրադային Միությունը երբեք չէր կարող հաղթել ֆաշիստական Գերմանիային:

Այսինքն՝ քաղաքական ներկա գործընթացների թելադրանքով ամեն ինչ արվեց՝ արժեզրկելու կամ, ավելի կոպիտ ասած՝ նսեմացնելու ֆաշիզմի դեմ հաղթանակը: Այստեղ որևէ զարմանալի բան չկա, քանի որ ընթացիկ քաղաքականությունն ու պատմությունը ինչքան էլ իրար մոտ լինեն, կապված իրավիճակից՝ դրանք կարող են տարբեր ձևերով ներկայացվել, սակայն այդ մասին մեկ այլ առիթով կխոսենք, իսկ այժմ անդրադառնանք հաղթանակների սուբյեկտիվ ընկալմանը:

Ցանկացած մարդու համար հաղթանակը յուրովի է ընկալվում, ու կախված իր կամ իր ընտանիքի ներգրավվածությունից տվյալ պատերազմին՝ այդ կերպ էլ նա իր կաշվի վրա զգում է այդ ամենի խորությունը: Արցախյան պատերազմը չի տարբերվում մնացած պատերազմներից, ու մենք ամեն օր տեսնում ենք, թե յուրաքանչյուր հայաստանցի ինչպես է յուրովի ընկալել այդ պատերազմը, ու այդ ընկալումն էլ, իր հերթին, լիովին տարբերվում է այդ տարիներին Հայաստանում ու Արցախում չբնակված՝ մեզնից ոչ պակաս հայերի ընկալումից:

Քանի որ Արցախյան պատերազմը շատ մոտ անցյալում է ու դեռ  վերջնականապես չի էլ ավարվել, ավելի լավ է անդրադառնամ Երկրորդ համաշխարհային պատերազմի իմ ընկալմանը:

Ես արևմտահայի ժառանգ եմ, իմ պապերը չեն մասնակցել այդ պատերազմին, ու ըստ այդմ էլ ես չեմ զգացել այդ պատերազմի առնչությունը մեր ընտանեկան պատմությանը: Նույն կերպ էլ արևելահայերը ու արցախահայերը չեն զգացել Ցեղասպանության ազդեցությունը իրենց վրա, ու մեղադրելու էլ չէ, որ երբ 1946 թվականին եղավ մեծ ներգաղթը, «տեղացիները» ոչ բարեկամաբար ընդունեցին ներգաղթյալներին (նրանց պիտակավորելով «ախպարներ»), քանի որ ներգաղթյալները եկել էին Հայաստան Ստալինի այն խոստմանը հավատալով, որ Խորհրդային Միությունը պատերազմելու է Թուրքիայի հետ և ետ է գրավելու հայկական հողերը, ու նրանք վերադարձվելու են հայերին, իսկ արևելահայերը նոր էին շունչ քաշել պատերազմից, ու ամեն տուն իր կորցրած զավակի սուգը ուներ ու «ժամանակ» էլ չուներ մտածելու նոր պատերազմի մասին:

Այս թեման  քիչ է ուսումնասիրված, պարզապես  փորձեցի համառոտ ներկայացնել այն իրավիճակը, որում հայտնվեցին արևմտահայերը, ովքեր չնայած Համաշխարհային երկրորդ պատերազմում կորուստներ չէին տվել, սակայն նրանք էլ դրանից 30 տարի առաջ էին կոտորած տեսել, ու նրանք էլ  չէին ընկալում առանց Թուրքիայից հողերը ետ գրավելու Հաղթանակի ամբողջ «բերկրանքը»:

Իմ առնչությունը Համաշխարհային պատերազմին սահմանափակվում էր նրանով, որ, ի տարբերություն դասարանցիներիս, ովքեր հպարտանում էին իրենց պապերի սխրանքներով, ես լավ ասմունքում էի, ու Պիոներպալատը ամեն մայիսի 9-ին բանաստեղծությունների մի նոր շարք էր հանձնարարում ռուսերեն ու հայերեն լեզուներով ու ինձ քարշ տալիս 26 Կոմիսարների Շրջանի բոլոր դպրոցներով մեկ, որտեղ վետերանները սպասում էին պաթոսով լեցուն բանաստեղծություններին, ու իմ «շռնդալից» արտասանությունները լացացնում ու հուզում էին մեդալակիր պապիկներին ու տատիկներին: Նրանք չէին էլ կասկածում, որ ես ամբողջությամբ չեմ ընկալում իրենց ապրումները, եւ դեռ ավելին, ինձ տարօրինակ էր թվում, թե ինչու են նրանք այդքան արագ հուզվում:

Հետո այդ ամեն ինչը վերածվում էր մի մեծ շոուի, երբ հեռուստացույցով ու ամեն տեղ փորձում էին մեզ սովորեցնել, թե առանց այդ հաղթանակի մեզանից որևէ մեկը չէր լինի, ու մենք մեր գոյությամբ պարտական ենք Սովետական Զինվորին:

Դե, այդպես էլ մեծացանք՝ չհասկանալով՝ ինչո՞ւ և ինչպե՞ս, դեռ ավելին, հարցերը ավելի էին շատանում, ու անկախության առաջին տարիներին, երբ իմացանք, որ Նժդեհն ու Դրոն հակառակ կողմից են կռվել ու սպանել Սովետական Զինվորներին, կասկածի տակ առանք մեր ամբողջ իմացած-չիմացածը ու նույնիսկ մեր արտասանած բանաստեղծությունները: Հետո մենք էլ մեծացանք ու հասկացանք, որ մեր մանուկ հոգիներին պետք չէր այդքան պաթոս ու քաղաքական ինֆորմացիա ո՛չ պատերազմի, ո՛չ էլ ցեղասպանության մասին, ու նաև՝ որ Նժդեհն ու Դրոն էլ իրենց պատճառաբանություններն են ունեցել ֆաշիստական Գերմանիայի կողմից կռվելու համար:

Իսկ ամենակարևորն այն ընկալումն էր, որը մնացել է իմ մեջ, ու այդ ընկալումը ոչ թե շքերթներին ստիպողաբար մասնակցելու, ոչ էլ սովետական պրոպագանդայի շնորհիվ է ձևավորվել. ամեն անգամ մայիսի 9-ի օրը հիշում եմ իմ հոր ամենամոտ ընկերոջը` Սուրիկ Բարսեղյանին, ում հայրն էլ Համաշխարհային պատերազմի մասնակից էր եղել ու բազմաթիվ շքանշաններ ուներ:

Ամեն տարի, մայիսի 9-ին, Բարսեղյան Սուրենը իր հոր շքանշանները փայլեցնում էր և օղի ու «զակուսկի» վերցրած՝ գնում էր հոր գերեզման` հոր հետ զրուցելու, ու նույն Սուրիկից ես որևէ անգամ չլսեցի ոչ ճոռոմախսություն, ոչ էլ հայրենասիրական պաթոս՝ այն մասին, թե ինչ հերոս հայր է նա ունեցել: Եթե ուրիշները իրենց հայրերի մեդալները իրենց կրծքերին էին կպցնում ու գլուխ գովում, Սուրիկը, առանց որևէ բառի, գերեզմանոցում իր հպարտությունը կիսում էր իր իրական հերոս հոր հետ:

Այս տարի էլ նա կիսեց իր հպարտությունը, ու մայիսի 9-ին Սուրեն Բարսեղյանը հավերժ միացավ իր հորը ու Երկրորդ համաշխարհային պատերազմի իմ ընկալումը հենց այդպես էլ կմնա՝ Սուրիկի պես հպարտ ու արժանապատիվ:

Նախորդ հոդվածը‘Պեպե. «Մեզ հարկավոր չեն երկրպագուների սուլոցները, մեզ աջակցություն է անհրաժեշտ»’
Հաջորդ հոդվածը‘Վենետիկյան բիենալեի «Ոսկե առյուծը» Հայաստանինն է’