‘Առաքել Սեմիրջյան. Մարդկային տեսակ’

2069

Վերջերս ընկերոջս տնից գողություն էր կատարվել, ու օգտվելով այն հանգամանքից, որ ընկերս որոշակի ժամանակով բացակայել էր հանրապետությունից, միևնույն գողերը բավական ժամանակ էին ունեցել կտրել ճաղավանդակները, մի քանի անգամ ներխուժել նույն բնակարան և գողանալ իրենց ուզած ապրանքները, նույնիսկ՝ բավական մեծ չափսերի, ինչից կարելի էր ենթադրել, որ գողը միայնակ չի եղել, որովհետև մեկ հոգով  հանարվոր չէր այդպիսի ծանրություն բարձրացնել, անհրաժեշտ էին հանցակիցներ:

Ինչևիցե, այս պատմությունը դրական ավարտ ունեցավ. գողը ձերբակալվեց ու նախաքննական ցուցմունքում պնդեց, որ միայնակ է այդ գողությունը  կատարել  և պատրաստ է կրել արժանի պատիժը:

Այնուհետև պարզվեց, որ սույն գողը տնից չէր գողացել այն թանկարժեք իրերը, որոնք ընկերոջս հարազատների նկարի կողքին են եղել: Ցուցմունքում նա նշել էր, որ ինքը ոսկյա իրերը չի գողացել, մտածել է, որ դրանք գուցե սրբություն են տանտիրոջ համար, քանի որ դրված են եղել հարազատների նկարների մոտ: Հետո նաև պարզվեց, որ գողոնի մի մասը գողը տարել-հանձնել է մանկատուն ու ծերանոց: Դրանից հետո ընկերս մոռացել էր իր գողացված ունեցվածքը վերադարձնելու մասին և փաստաբան էր փնտրում իր տուն սողոսկած գողի համար, որպեսզի նրան հնարավորինս քիչ դատապարտեն՝ այլ տներից կատարած գողությունների համար:

Այսպիսի ծեծված պատմություն՝ մի բնակարանային գողի մասին, որն ուներ իր սկզբունքները և իր կյանքն ապրում էր ինքն իր համար սահմանած «ճշմարտություններով»:

Այդ մարդն ինքն էր սահմանել իր «բարոյականության սահմանները»՝ թե ինչ կարելի է գողանալ, իսկ ինչ՝ ոչ, ինչն է «հալալ», ինչը՝ ոչ, ու հենց այդ պատճառով էլ որոշ մարդկանց սրտերում նույնիսկ նրա հանցավոր արաքները  կարեկցանքի էին արժանացել:

Այս պատմությունը մտաբերեցի, երբ ադրբեջանցիները գազանաբար սպանեցին հայ գյուղացի գերուն, ով խմած վիճակում մոլորվել էր ու հայտնվել Ադրբեջանի տարածքում և ադրբեջանցիների դռները թակելով՝ թեյ ու ծխախոտ խնդրել :

Եթե ադրբեջանցի մարդասպանները որևէ բարոյական համակարգի կրող լինեին, ապա նրանք ոչ միայն մատով չէին դիպչի այդ տղային, այլև մի քանի տուփ ծխախոտ ու թեյ էլ ձեռքը տալով՝ կուղարկեին հետ՝ Հայաստան:

Սա ոչ թե բարոյականության քարոզ է, այլ ընդամենը մարդկային որոշակի սկզբունքների դրսևորում. ընկածին չի կարելի խփել, վիրավորին չի կարելի ջրից զրկել, գերուն չի կարելի տանջամահ անել:

Կրկնակի ցավ ապրեցի այն բանից հետո, երբ այս դեպքին զուգահեռ՝ լսեցի Շանթ Հարությունյանի և իր ընկերների տված ցուցմունքներն այն մասին, որ ձերբակալելուց հետո ՀՀ ոստիկանությունում ոստիկանները նրանց ծեծի են ենթարկել, և այդ կոնտեքստում հնչեցվեց նաև ոստիկանապետի անունը:

Այս պարագայում ինձ համար որևէ տարբերություն չկա՝ հա՞յ է, թե՞ ադրբեջանցի, ոստիկա՞ն է, թե՞ պարզ քաղաքացի: Եթե մարդն ինքն իր համար չունի որոշակի սահման, որից այն կողմ չի կարելի անցնել, նա վերածվում է կենդանու, ու այդ դեպքում ո՛չ ազգությունը, ո՛չ դավավանանքը, ո՛չ էլ սեռը նշանակություն չունեն:

Պարզապես՝ Հայաստանում պետք է ստեղծվի մի այնպիսի համակարգ, երբ ոչ թե առանձին մարդիկ են իրենք իրենց համար «բարոյականության սահմաններ» գծում, այլ հասարակությունն ինքը՝ իր ամբողջականության մեջ, և այդ սահմանների խախտումը միանշանակորեն անբարոյականություն կհամարվի ողջ հասարակության համար, ու հասարակությունն այն կդատապարտի ցանկացած պարագայում, ինչպես մանկապղծությունն է դատապարտում միանշանակորեն, և կարծիքների էական տարբերություն չկա այս հարցում:

Հենց այսպիսի համընդհանուր արժեքների սահմանումն էլ ցեղախմբերին ու ժողովուրդներին դարձնում է որոշակի ավանդույթներ կրող ու մշակույթ տարածող ազգ:

Նախորդ հոդվածը‘Ավտովթարի հետևանքով երիտասարդ ամուսինները և նրանց 40 օրական դուստրը մահացել են’
Հաջորդ հոդվածը‘Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը կայցելի Հայաստան’