‘Առաքել Սեմիրջյան. Մարտի 1-ի ոստիկանության մասնակցության մասին’

7465

Գիտեմ` շատերին դուր չի գալու գրածս, և գուցե ինձանից այլ բան ակնկալեին, սակայն, ամեն դեպքում, փորձեմ կիսել կարծիքս, թեկուզ եւ իմ ընկերներից շատերին այն ականջահաճո չլինի:

Սկսեմ նրանից, որ 2008 թվականի Մարտի մեկից անմիջապես հետո Հայաստանում շատ քչերն էին բարձրաձայնում կատարված ոճրագործության մասին և վախեցած էին, որ բարձրաձայնելու դեպքում իրենք էլ անմիջապես կդառնան քաղբանտարկյալներ: Մի բան էլ ասեմ, որ պատկերն ավելի հստակ լինի. տասնյակ թերթերի ու կայքերի լրագրողներից ու իրավապաշտպան կազմակերպություներից եզակիները եղան, ովքեր համարձակվեցին այդ օրերին այցելել Մարտի մեկին զոհվածների հարազատների տները և նրանց հոգեբանական աջակցություն հայտնել, էլ չեմ խոսում քաղաքական ուժերի մասին, որոնցից միայն մի չնչին մասը աջակցություն հայտնեց զոհերի հարազատներին: Դա կապված էր այն բանի հետ, որ իշխանությունները ամեն կերպ ցանկանում էին զոհերին ներկայացնել որպես թալանչիներ ու գողեր և անգամ ոստիկանական բաժիններում էին վախեցնում զոհերի հարազատներին, թե բողոքելու դեպքում նրանք էլ կարժանանան իրենց հարազատների ճակատագրին և կհետապնդվեն ու կխոշտանգվեն «պետության» կողմից:

8 տարի է անցել այդ օրերից ,ու որոշ մարդիկ մոռացել են, թե ինչ իրավիճակ էր Հայաստանում, ու որ ամեն մեկը չէր, որ այնքան համարձակություն ուներ հայտարարելու, որ Մարտի մեկի զոհերը ազգային հերոսներ են ու զոհվել են Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար:

Որոշ քաղաքական ուժերի համար ավելի հեշտ էր ընդունել Կիեւի Մայդանում զոհվածների հերոս լինելը ու իրենց ֆեյսբուքյան պրոֆիլները լցնել Մայդանում զոհվածների նկարներով, քան Մարտի մեկին Մյասնիկյանի արձանի մոտ զոհված տղաներին հերոս ճանաչելը, որովհետև պետական քարոզչամեքենան այնպես էր ազդել նրանց վրա, որ նրանք «կարծում» էին, թե Հայաստանում զոհված տղաները «հանցագործներ» են կամ, լավագույն դեպքում` պատահական զոհեր:

Այդ հետո տաժանակիր ջանքերի ու հետևողական աշխատանքի շնորհիվ Հայաստանի հասարակությունը տեղեկացավ, որ Մարտի մեկին զոհվածների ու նրանց հարազատների մեծ մասը մասնակցել, իսկ նրանց հարազատներից ոմանք էլ զոհվել են Արցախյան պատերազի ժամանակ, ու ինչպես այդ զոհված տղաները, այնպես էլ իրենց հայրերն ու եղբայրները պաշտպանել են Արցախն ու Հայաստանի սահմանամերձ գյուղերը, իսկ երբ հարցը եկել է Հայաստանը պաշտպանելուն, նրանց զավակներն էլ  խաղաղ հանրահավաքի ժամանակ կանգնել են սեփական ժողովրդի կողքին:

Այս 8 տարիների աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ոչ միայն հերքել պետական քարոզչամեքենայի տարածած լուրերը Մարտի մեկի մեր հերոսների մասին, այլ նաև այժմ որևէ մեկը չի էլ կասկածում, որ այդ տղաներն անմեղ զոհ  են. էլ չասած, որ սկզբում նրանց փորձում էին ներկայացնել որպես մարդասպաններ, թմրամոլներ ու թալանչիներ (թե՞ որոշ մարդկանց թվում է, որ իշխանություններից հազարապատիկ ավելի փոքր քարոզչական միջոցներ ունենալով այդքան հեշտ էր ժողովրդին հասցնել իրականությունը):

Այժմ վերադառնանք բուն թեմային. ինչու 2016 թվականին ոստիկանները ծաղիկ դրեցին Մարտի մեկի զոհերի հիշատակին: Աչքովս ընկան բազմաթիվ հեգնանքներ, բազմաթիվ քննադատություններ ու ծաղր այս կապակցությամբ, սակայն ես այլ կարծիք ունեմ սրա վերաբերյալ: Ընկերներիցս մեկը օրինակ էր բերել, որ 60-ական թվականներին ով բարձրացնում էր Ցեղասպանության հարցը, նրան կոմսոմոլ բալեքն ու կոմունիստները ձերբակալում էին, իսկ երբ Ռուսաստանը հակասության մեջ մտավ Թուրքիայի հետ, հենց այդ ժամանակ էլ թույլ տվեցին Ցեղասպանության նվիրված միջոցառումներ նշել, ու երեկվա «բռնողներն» ու Ցեղասպանությունը հերքողներն արդեն առաջինն էին «վազում» դեպ Ցեղասպանության հուշարձան:

Հիմա էլ եթե իրերի դրությունը այնպես է դասավորվել, որ ոչ միայն հնարավորություն է ստեղծվել աշխարհով մեկ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլեւ՝ որ այդ փաստը ընդունեն նույնիսկ  նրանք, ովքեր ցեղասպանության անմիջական մասնակիցների թոռներն են. լինի Ջեմալի թոռը, թե Թալիաթի թոռը, կամ թեկուզ Քեմալ փաշան, դրանից հրաժարվե՞նք:

Մարտի մեկի բացահայտումը լրիվ այլ թեմա է, սակայն երբ մարդիկ ընդունում են, որ Մարտի մեկի զոհերը հերոսներ են, ու իրենց հարգանքի տուրքն են մատուցում զոհերի հիշատակին, դա միայն ողջունելի է:

Կասեի ավելին. եթե հնարավորություն լինի Մարտի մեկը ժողովրդի ընդվզման ու ժողովրդավարության համար զոհվածների հիշատակի օր հայտարարել և Մյասնիկյանի արձանի մերձակայքում հուշարձան կառուցել մեր հերոսների հիշատակին, դա կլիներ մեր ժողովրդի մեծ հաղթանակը, ու ոչինչ, թող բոլոր պետական կառույցների ներկայացուցիչներն էլ հետո գան ու խոնարհվեն այդ հուշարձանի առաջ:

Նախորդ հոդվածը‘Նրանք, ովքեր մաս են կազմելու երեկվա ծաղիկներով սկսված էս գործընթացին, լեգիտիմացնելու են մարտի 1-ը’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Մարտի մեկի չփակված էջը’