‘Առաքել Սեմիրջյան. Մեծություններ և միջակություններ’

2014

Ամբողջ համաշխարհային պատմությունը լցված է փաստերով, որտեղ երևում է, որ արվեստի, մշակույթի, սպորտի, քաղաքականության մեջ միշտ պայքար է ընթացել տվյալ ասպարեզի մեծությունների և տվյալ ասպարեզի միջակությունների միջև, և ըստ այդ պայքարի արդյունքի էլ ձևավորվել է տվյալ ժամանակաշրջանի արվեստը կամ քաղաքականությունը:

Եթե հաղթանակել են միջակությունները, ապա տվյալ շրջանում երկիրը, լավագույն դեպքում, մնացել է նույն մակարդակին, իսկ վատագույն դեպքում՝ քայքայվել կամ գրավվել է հարակից պետությունների կամ մշակույթների կողմից, իսկ եթե հաղթանակ են տարել մեծությունները, ապա տվյալ երկիրը և՛ մշակութային, և՛ քաղաքական հաջողություններ է ունեցել իր հարևան երկրների նկատմամբ: Մեծություն ասելով` նկատի ունեմ այնպիսի անհատների, որոնք տվյալ ժամանակահատվածում իրենց ժամանակակիցներից ավելի լայն են մտածում և տեսնում են իրենց ժամանակակիցներից ավելի առաջ՝ կանխատեսելով ապագայում սպասվող իրադարձությունները:

Սակայն, այդ երևույթը պետք չէ խառնել գուշակության ունակության հետ: Այդ մարդիկ ավելի հեռատես լինելով՝ կարողացել են ճշգրիտ հաշվարկ կատարել և խորանալ այնտեղ, որտեղ միջակությունները չէին կարող նույնիսկ «ոտք դնել»:

Միջակությունն էլ վիրավորական արտահայտություն չէ. պարզապես մարդն ունի իր սահմանները, որից այն կողմ չի կարողանում տեսնել կամ աճել, իսկ խնդիրներ առաջանում են միայն այն ժամանակ, երբ միջակությունները փորձում են իրենց կամքը պարտադրել հասարակությանը և ամեն ինչ անել, որպեսզի «մեծությունների» փառքը վերագրվի իրենց:

Հրանտ Մաթևոսյանի ծննդյան կապակցությամբ մի տեսանյութ աչքովս ընկավ, թե ինչպես է Մաթևոսյանը հրաժարվում Գրողների միության նախագահի պաշտոնից, ու այդ ընթացքում մի միտք ծագեց գլխումս, թե Հայաստանն այսօր ինչու՞ է այսպիսի սարսափելի վիճակում:

Սրանից 17 տարի առաջ Գրողների միության նախագահը Հրանտ Մաթևոսյանն էր, քարտուղարը՝ Լևոն Խեչոյանը, Հանրապետության նախագահը` Լևոն Տեր-Պետրոսյանը, պաշտպանության նախարարը Վազգեն Սարգսյանը, ՆԳ նախարարը` Վանո Սիրադեղյանը, ԱԺ նախագահը` Բաբկեն Արարքցյանը… էլ չեմ ասում պատգամավորներից մի քանիսի մասին: Այժմ տեսեք, թե այս մարդկանց հեռացումից հետո ովքեր են դարձել նույն պաշտոնի կրողները: Այստեղ լավի ու վատի հարց չկա, պարզապես մեծերին փոխարինելու են եկել միջակությունները, և հենց այդ միջակությունների պատճառով էլ ամեն քայլափոխի և՛ արտաքին, և՛ ներքին հարաբերություններում տանուլ ենք տալիս: 
Ու ցավալիորեն` Հայաստանում որևէ բնագավառ չկա, որն ինչ-որ վառ անհատականությամբ ներկայացված լինի:

Առանց վառ անհատականությունների ներկայացվածության երկրում ապրող բնակչությունը չունի որևէ ուղեցույց, թե որ ուղղությամբ է հնարավոր շարժվել: Մի քանի օրինակ բերեմ, որ ավելի տեսանելի լինի:

Օրինակ` եթե Աստված մի արասցե, այժմ անհրաժեշտություն առաջանա «Մահապարտների գումարտակ» ձևավորել, ո՞ր մի իշխանավորի կոչին կարձագանքի գեթ մեկ մարդ, ով պատրաստ կլինի ինքնազոհության:

Որևէ մի միջակություն կարո՞ղ է այնպես անել, որ  Հայաստանն Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվելով՝ հացահատիկ  ստանար Թուրքիայից, ու միաժամանակ աշխարհի մի քանի պետություններ ընդունեին Հայոց ցեղասպանությունը: Իսկ ահա սրանից երկու տասնամյակ առաջ դա հնարավոր էր:

Արդյոք հնարավո՞ր է միջակությունների իշխանության պարագայում Ադրբեջանական ԽՍՀ-ի մի քանի շրջան, որոնք ամբողջությամբ բնակեցված էին ադրբեջանցիներով` ազատագրվեին,  ու միաժամանակ դրա համար Հայաստանի նկատմամբ որևէ միջազգային պատժամիջոց չկիրառվեր: Միջակությունների իշխանության պարագայում նույնիսկ մեկ դիրքի գրավումը անպատիժ չէր մնա, էլ ուր մնաց` որևէ գյուղի:

Սրանից երկու տասնամյակ առաջ Հայաստանի իշխանություններն Աֆղանստան պատվիրակություն էին ուղարկել՝ բանակցելու աֆղան մոջահեդների ղեկավարների հետ, որպեսզի նրանք արգելեն իրենց մարտիկներին՝ ադրբեջանցիների կողմից կռվել: Որևէ միջակության ուղեղով այդպիսի դիվանագիտություն կանցնե՞ր:

Կամ որևէ մեկը կպատկերացնե՞ր, որ տվյալ ժամանակի ամենատաղանդավոր ու ամենաճանաչված գրողը՝ Լևոն Խեչոյանը, զենքը կառնի ձեռքը ու կմեկնի Արցախյան պատերազմին մասնակցելու, իսկ մյուս հանրաճանաչ գրողն էլ` Վանո Սիրադեղյանը, կդառնա ՆԳ նախարար, իսկ մյուս գրող Վազգեն Սարգսյանն էլ՝ պաշտպանության նախարար:

Մեծերի կողքին կանգնելով՝ նույնիսկ Սերժ Սարգսյանն էր սկսել դուրս գալ միջակության բարդույթից, ու եթե նայում ենք նրա այն ժամանակվա գործունեությունը, ապա այն ամբողջությամբ չէր գորշությամբ պատված. կային նաեւ լուսավոր կետեր: Սակայն, երբ միջակություններն իրենց հնարավորություններից  ավելի մեծ հավակնություններ են ունենում, տվյալ երկիրը կանգնում է փորձության առջև, և առանց միջակություններից ազատվելու` ճահճից դուրս գալ հնարավոր չէ:

 

Նախորդ հոդվածը‘Վրաստանի նախկին վարչապետը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման’
Հաջորդ հոդվածը‘Եղանակն ընդդեմ օլիմպիական խաղերի. Որոշ մրցումներ տեղափոխվում են ‘