‘Առաքել Սեմիրջյան. Չորրորդ համաշխարհային պատերազմին նախապատրաստվելիս’

2095

Երեկ ֆեյսբուքյան ընկերներիցս մեկի՝ Ապրես Զոհրաբյանի ստատուսն աչքովս ընկավ, և այն ստիպեց ինձ երկար մտածել ու նույնիսկ գիշերվա քնիս մի մասը խլեց. «Չեմ հիշում՝ ով, բայց մեկն ասել էր, որ եթե սկսվի 3-րդ համաշխարհային պատերազմը, ապա 4-րդը կսկսվի նետ ու աղեղով: Դատելով այն հանգամանքից, որ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցեց Հայաստանում կազմակերպված Նետաձգության միջազգային մրցաշարին, ապա մերոնց հույսը 4-րդ համաշխարհայինն է, ու մերոնք սկսել են դրան լրջորեն նախապատրաստվել»:

Ընդ որում՝ ոչ թե այս ստատուսից էի շատ ազդվել, այլ այն բանից, թե ինչ ճշգրիտ է նկարագրված Հայաստանի ներկա իրավիճակը:

Այստեղ ենթատեքստը ոչ թե հեգնանքն է, որ երրորդ համաշխարհայինից հետո մարդկությունը կկորցնի նախկինում իր ստեղծած տեխնիկական, մշակութային ու հոգևոր արժեքները, այլ, Հայաստանի դեպքում՝ այն, որ ՀՀ իշխանությունները համարում են, որ արդեն տանուլ են տվել հաջորդ պատերազմը, և նախապատրաստվում են դրանից հետո տեղի ունենալիք իրադարձություններին: 

Իշխանությունն իր քարոզիչներով ու քարոզչամեքենաներով փորձում է հասարակությանն էլ համոզել, թե՝ ոչինչ, այս մի անգամն էլ չստացվեց, բայց, Կոկա-Կոլայի գովազդի պես՝ «կրկին փորձիր»: Ցավոք սրտի, իրենց ընդդիմադիր համարող որոշ ուժեր նույնպես կուլ են տվել այս խայծը, ու դա արտահայտվում է Չորրորդ Հանրապետության մասին «տեսլականով», թե իբր Երրորդ Հանրապետությունն արդեն կործանվել է, և պետք է սկսել կառուցել Չորրորդը: Իսկ միգուցե միանգամից սկսել Հինգերորդի՞ց: Սա էլ է տարբերակ, որովհետև ոնց էլ անես, միևնույն է՝ Երրորդից Չորրորդին ինչ-որ բացասական բան փոխանցված կլինի:

Աբսուրդը հասնում է այնտեղ, որ մարդիկ, փոխանակ մտածեն Հայաստանի ու Արցախի այսօրվա մարտահրավերների և Հայաստանը խեղդամահ անող  իշխանություններից ազատվելու մասին, որպեսզի կարողանանք փրկել երկիրը, լուրջ դատողություններ են անում Տասներորդ կամ Քսաներորդ հանրապետությունների մասին:

Ինչքան էլ կորուստներով լեցուն լիներ Առաջին հանրապետությունը՝ չհաշված այն, որ Հայաստանի տարածքը կիսվեց, այն գոնե Խորհրդային Միության կազմի մեջ մտավ որպես քիչ թե շատ լիարժեք հանրապետություն, այլ ոչ թե որպես ինքնավար մարզ: Ինչքան էլ կորուստներ եղան Երկրորդ հանրապետության շրջանում, եւ Արցախը մտավ Ադրբեջանի Հանրապետության կազմի մեջ, Երկրորդ հանրապետությունը հնարավորություն տվեց Հայաստանը զարգացնել ու հզորացնել, և այն պատրաստ եղավ Խորհրդային Միության փլուզմանը:

Էլ չխոսենք Երրորդ Հանրապետության մասին, որը միակն էր, որ կարողացավ ոչ միայն ետ բերել Արցախը, այլ նաև անվտանգության գոտի ստեղծել նրա շուրջ:

Հիմա, ի՞նչ է ուզում Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխանությունը. նա, որ ոչ միայն չի փորձում վերացնել արտաքին եւ ներքին քաղաքականության ոլորտներում գործած սեփական սխալների ու հանցանքների հետեւանքները, դեռ մի բան էլ ավելի է խճճում իրավիճակը և մտածում  իր իշխանությունը սահմանադրական «բարեփոխումների» միջոցով հավերժացնելու մասին:

Մի «անամոթ» հարց կա տալու, որն, ամեն դեպքում, պետք է տամ. այդ ի՞նչ եք արել ձեր իշխանավարության այս վեց տարիների ընթացքում, որ հիմա էլ ցանկանում եք ավելի երկար իշխանավարել: Թե՞ 300. 000 մարդ ձեր իշխանության օրոք չեն արտագաղթել: Թե՞ Հայաստան մտնող տրանսֆերները ձեր իշխանության ժամանակ չեն դադարել: Թե՞ հազարավոր ձեռնարկությունները ձեր իշխանության ժամանակ չեն լուծարվել: Թե՞ ձեր իշխանության օրոք չի Հայաստանը դուրս մղվել տարածաշրջանային բոլոր ծրագրերից: Թե՞ ձեր իշխանությոունների օրոք չի Ադրբեջանը սանձարձակ դարձել: Թե՞ ձեր իշխանությունների օրոք մեր ռազմավարական գործընկերները Ադրբեջանին զենք չեն մատակարարել…

Այս ամենը նմանվում է այն բանին, որ հանցագործության հետքերը վերացնելու նպատակով պետական հիմնարկի պատասխանատուն, փոխանակ վերականգնի «պակասորդը»՝ իր ենթակաների հետ միասին դեռ մի բան էլ մինչև մերջին «խազն» է թալանում տվյալ հիմնարկը, այնուհետև հրկիզում է այն, որպեսզի հետաքննող մարմինները չկարողանան բացահայտել տեղի ունեցածը: Իսկ դրանից հետո էլ գնում է մի «խախանդ» տեղ և իր թալանածով սեփական հիմնարկ է բացում ու, իր կարծիքով,  կյանքն սկսում մաքուր էջից: 

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու խնդիրը պետք է լինի ոչ միայն թույլ չտալ հրդեհը, այլ նաև ամեն ինչ անել, որպեսզի վերականգնվի գողոնն ամբողջությամբ:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ վարչապետը մեկնաբանել է Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Ղուկասյանի եղբորորդին դատապարտվեց 17 տարվա ազատազրկման’