‘Առաքել Սեմիրջյան. Պատմապղծության կանխում’

2549

Ցանկացած ազգի զարգացման համար ամենակարևոր պայմանը նրա պատմությունն է, առանց որի ազգը դադարում է ազգ լինել և վերածվում է ցեղախմբի: Եվ ոչ միայն ազգը, մարդն ինքնին կենդանուց տարբերվում է միայն պատմական հիշողությամբ, առանց որի դադարում է մարդ լինել և շարժվում է միայն բնազդներով ու այսօրեական խնդիրներով:

Պատմություն չունենալն ու կեղծված պատմություն ունենալն էլ են հավասարազոր մի բան, քանզի երկու դեպքում էլ գալիս է մի պահ, երբ մարդը կամ տվյալ դեպքում` պետությունը չի կարողանում հավասարակշռված որոշումներ կայացնել, և կամ` ընկնում է ավելորդ պաթոսի կամ հիասթափության գիրկը:

Պատահական չէ, որ հայերի մոտ ցանկացած խնդրի առաջացման դեպքում կամ ասում են` «էս ազգը ազգ չի», «էս երկիրը երկիր չի» ու հնարավորության դեպքում արտագաղթում կամ հայտարարում են, որ մեր ազգից լավը չկա, և երբ մենք մշակույթ ունեինք` մնացած ազգերը ծառերի վրա չգիտեմ ինչերով էին զբաղված: Իրականում այս երկու իրարից թվացյալ հեռու և իրար հակասող ծայրահեղությունները հանգում են մի կետի՝ կեղծված պատմություն ունենալուն:

Թվում է, այս ամենը պետք է հասկանային ՀՀ իշխանությունները և փորձեին չեզոքացնել կեղծիքների քանակը, սակայն, պատմականորեն եկած կեղծիքներին գումարվում են նորանոր կեղծիքներ՝ իրենց բնույթով ու տեսակով է՛լ ավելի սարսափելի և վտանգավոր:

Ըստ իս, պատմությունը կեղծող հայ պատմաբանը ավելի մեծ չարիք է Հայաստանի պետականության համար,  քան նույն պատմությունը կեղծող թուրք պատմաբանը, քանի որ երբ սերունդները փորձեն ուսումնասիրել իրենց անցյալը, ապա թուրք պատմաբանների գրածը նրանց արժանահավատ չի թվալու, և տվյալ իրողությունը փորձելու են հայկական աղբյուրներից ստուգել, և երբ հայկական աղբյուրներում էլ դրանք լինեն կեղծված, նրանք «համոզվելու են» կեղծիքի ճշմարտացիության մեջ:

Այս «արհավիրքից» խուսափելու համար, նախ և առաջ, հարկավոր է հայոց պատմությունը դնել տրամաբանական շղթայի հարթության մեջ և փորձել ցանկացած պատմական  իրադարձություն ներկայացնել որպես այդ տրամաբանական շղթայի մի մաս: Այս կերպ հնարավոր կլինի խուսափել տարաբնույթ հեքիաթներից և պաթոսներից, որոնց բացահայտումից հետո  անխուսափելիորեն հետևում է հիասթափության ալիքը սեփական ազգի նկատմամբ՝ ընդհուպ մինչեւ սեփական ազգին հայհոյելը և սեփական երկրի մասին «չորրորդ» դեմքով խոսելը՝ էս երկիրը երկիր չի, էս ազգը ազգ չի, էս հողը հող չի…

Իհարկե, երկրի պատմության համար շատ կարևոր են նաև հեքիաթներն ու էպոսը, բայց նույնիսկ դրանք չեն կարող լինել տրամաբանական շղթայից կտրված, և փոխլրացնելով ազգի պատմությանը՝ ավելի համեմված են դարձնում այն ու երբևէ մարդկանց չեն նետում կեղծիքի գիրկը:

Հիմա չեմ քաղաքականացնի այս հոդվածը Արցախյան պատերազմի հաղթանակը պատմականորեն ներկայացնելով կամ Մարտի մեկի մասին իշխանությունների հրամանով գրված կեղծիքի բացահայտումով, սակայն մի բան պետք է հասկանա յուրաքանչյուրը, ով ազգի հանդեպ որոշակի պատասխանատվություն է զգում. մենք բոլորս գնացական ենք, իսկ ազգը մնայուն է, և հանուն ազգի չդեգրադացման` անհրաժեշտ է հնարավորինս մաքուր պահել մեր պատմությունը:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը ԱԺ պատգամավորների հետ քննարկել է Պարտադիր կուտակայինի հարցը’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը հետմահու պարգեւատրել է սպանված փոխգնդապետին ‘