‘Առաքել Սեմիրջյան. Սերժ Սարգսյանի դիլեման’

2217

Դժվար թե որևէ մեկը Սերժ Սարգսյանին միամիտ կամ հիմար մարդ համարի: Շատերը մեղադրում են նրան ավազակ լինելու, խաղամոլության, թմրամոլության կաշառակերության, պետական հեղաշրջում կատարելու համար, Մարտի մեկի և Հոկտեմբերի քսանյոթի սպանություններով իշխանությունը պահելու համար, սակայն երբևէ չեմ լսել, որ նա մեղադրվի միամտության համար:

Ինչո՞ւ այսքան երկար գրեցի միամտության մասին: Որպեսզի բոլորին պարզ լինի, որ Սերժ Սարգսյանը չի կարող չգիտակցել իր վիճակի երկվությունը: Նա ինքն էլ շատ լավ հասկանում է, որ եթե ստորագրի ԵՄ ասոցացման համաձայնագիրը, ապա Ռուսաստանը` Ադրբեջանի միջոցով, հօգուտ Ադրբեջանի կլուծի Ղարաբաղի հարցը, ու Հայաստանը, ստանալով տասնյակ հազարավոր արցախցի փախստականներ, դժվար թե հանդուրժի Սերժ Սարգսյանի իշխանության շարունակականությունը: Այսինքն, դրանից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը կկորցնի իշխանությունը և կհռչակվի ազգի դավաճան:

Այս բացահայտ սպառնալիքը Սերժ Սարգսյանը չի կարող չհասկանալ, ու միամիտ են այն մարդիկ, ովքեր կարծում են, որ Սերժ Սարգսյանն այս ամենը չի հասկանում: Բայց այստեղ հարց  է առաջանում` այդ դեպքում ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը մտել խաղի մեջ ԵՄ-ի հետ, չէ՞ որ ԵՄ-ն որևէ ազդեցիկ լծակ չունի Հայաստանում, եթե չհաշվենք ֆինանսականն ու քաղաքական հայտարարություններ անելու լծակը, մեկ էլ մի քանի բացահայտված ազդեցության գործակալներ, որոնք որևէ կերպ չեն ազդում Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վրա: Արևմուտքը կարող է մի երկու դատապարտող խոսք ասել Հայաստանի ոչ ժողովրդավար լինելու մասին կամ  Եվրադատարանի մի քանի վճիռ կայացնել, սակայն դրանցով որևէ բան չի փոխվի Հայաստանում: Եթե անգամ Արևմուտքը Հայաստանին զրկի ֆինանսավորումից,  այստեղ սոցիալական բունտ չի լինի, ու որևէ բան չի փոխվի, եւ դա Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի:

Այդ դեպքում ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը, գիտակցելով այս ամենը, կրկին շարունակում երկակի խաղը: Այստեղ կարող է լինել միայն մեկ բացատրություն. Սերժ Սարգսյանը չունի այլընտրանք, այսինքն` դեռ 2007 թվականին նա Արևմուտքի հետ ստորագրել է մի փաստաթուղթ ու եկել մի այնպիսի համաձայնության, որ նույնիսկ Մարտի մեկի սպանդից հետո Արևմուտքն աչքերը փակեց Սերժ Սարգսյանի կազմակերպած հանցագործությունների վրա ու արդեն հինգ տարի հանդուրժում է նրան և նրա գործած հանցագործությունները:

Ու այստեղ էլ բացահայտվում է Սերժ Սարգսյանի դիլեման: Եթե փորձի դրժել Արևմուտքին տված խոստումը, ապա նրանք կբացահայտեն Սերժ Սարգսյանի ստորագրած փաստաթուղթը, որից պարզ կդառնա, որ նա խոստացել էր Արցախյան հիմնախնդիրը հօգուտ Ադրբեջանի լուծելով և Թուրքիայի հետ ցեղասպանության հարցով պատմաբանների հանձնաժողով ստեղծելով` մնալ իշխանության: Ռուսաստանին «դավաճանելու» դեպքում էլ` տեղի կունենա արդեն վերևում նկարագրված սցենարը:

Այնպես որ, Սերժ Սարգսյանն իրեն և Հայաստանին դրել է մի այնպիսի վիճակի մեջ, որ երկու դեպքում էլ Հայաստանը կանգնում է կործանման եզրին, և այս վիճակից դուրս գալու միջոցը Սերժ Սարգսյանի`իշխանությունից կամավոր հեռանալն է: Խիստ կասկածում եմ, սակայն, որ նույնիսկ Արևմուտքն ու Ռուսաստանը դա թույլ կտան նրան` մինչև իր տված խոստումների կատարումը:

Եվ այստեղ էլ հասնում ենք այն պատճառին, ինչի համար Սերժ Սարգսյանը մտել է այս խաղի մեջ: Նա փորձում է այս կամ այն կողմից գտնել երաշխիքներ, որպեսզի Արցախը հանձնելուց հետո կարողանա տարիների ընթացքում «վաստակած» կապիտալով հեռանալ Հայաստանից և իր կյանքը արտերկրում վայելել: 

Նախորդ հոդվածը‘ՃՈ. Արգելված վայրերում կայանած ավտոմեքենաները սեպտեմբերի 1-ից կտարհանվեն’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են Ադրբեջանում գտնվող ռազմագերու հարցը’