‘Առաքել Սեմիրջյան. Քաղաքականությունը չհիասթափվողների համար է’

1735

Հոկտեմբեր 10-ի փառահեղ հանրահավաքից հետո, երբ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ քաղաքական ուժերի այնպիսի կոնսոլիդացիա, որ նախկինում իրար հակառակորդ ուժերը կանգնեցին կողք կողքի՝ երկիրը վերահաս աղետից փրկելու նպատակով, բնական էր, որ դա չէր կարող մտահոգություն և ջղաձգումներ չառաջացնել իշխանությունների մոտ: Այդ իսկ պատճառով իշխանություններն իրենց ամբողջ ռեսուրսը նետեցին հանրահավաքն արժեզրկելու և մարդկանց հիասթափեցնելու ուղղությամբ:

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքի օրը զուգադիպեց Հայաստանի՝ ԵՏՄ-ի պայմանագրին միանալուն, և Հայաստանի քաղաքացիներից շատերը, վտանգ տեսնելով այդ քայլի մեջ (քանի որ մինչ օրս որևէ մեկին հայտնի չեն այդ պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող կետերը, մանավանդ՝ Արցախի հետ սահմանակետի և Հայաստանի ինքնիշխանության հետ կապված), արդարացիորեն իրենց մտահոգությունն արտահայտեցին այդ կապակցությամբ: Սակայն իշխանությունները, փոխանակ պատասխան տան իրենց առջև դրված հարցերին, թե ինչպես ստացվեց, որ մի քանի տարի ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի շուրջ (որի բովանդակությունն, ի դեպ, նույնպես գաղտնի էր պահվում) բանակցելուց հետո միանգամից 180 աստիճանով Հայաստանի դիրքորոշումը փոխվեց, և այն հայտնվեց ԵՏՄ անդամի կարգավիճակում, այս ամենը փորձեցին ներկայացնել այնպես, թե ընդդիմությունն է մեղավոր դրանում:

Իհարկե, եթե խնդիրը դիտարկենք փիլիսոփայական հարթության մեջ, ապա ընդդիմությունը մեղավոր է, որ այսքան ժամանակ չի կարողացել Հայաստանում իշխանափոխություն իրականացնել ու արժանապատիվ հարաբերություններ ստեղծել նույն Ռուսաստանի, Արևմուտքի և մասնավորապես՝ ԵՏՄ-ի հետ: Սակայն ընդդիմությանը մեղադրել նրա համար, որ Հայաստանի իշխանությունները արտաքին հարաբերություններում պարտություններ են կրում՝ դա արդեն անտրամաբանության գագաթնակետն է:

Աշխարհի ցանկացած երկրի ցանկացած ընդդիմություն, այդ թվում՝ Հայաստանի ընդդիմությունը, եթե, իհարկե, նրան չեն համարում աշխարհում եզակի մի ընդդիմություն, չի կարող, առանց իշխանության գալու՝ արտաքին քաղաքական խնդիրներ լուծել:

Այն կարող է որոշակիորեն ազդել իր երկրի իշխանությունների վրա արտաքին քաղաքականության որոշ հարցերի շուրջ: Սակայն բռնատիրական պետություններում, որտեղ  կան քաղբանտարկյալներ, և ընդդիմության ձայնը արդեն տարիներ շարունակ լռեցվում է բիրտ ուժով, արտաքին աշխարհին ընդդիմության ձայնը լսելի դարձնելու միակ ձևը իշխանափոխությունն է:

Ընդդիմությունը չի կարող իր համակրանքը կամ հակակրանքը հայտնել այս կամ այն երկրի նկատմամբ, քանի որ այդ պարագայում նա կդիտվի այս կամ այն երկրի 5-րդ շարասյուն: Այն կարող է իր չեզոքությունը հայտնել բոլոր բևեռների նկատմամբ` միաժամանակ դավանելով համամարդկային ժողովրդավարական արժեքներ, որոնք կարող են համընկնել այս կամ այն երկրի կողմից տվյալ պահին հռչակված քաղաքական կուրսի հետ:

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը իր մարդաշատությամբ, հռետորաբանությամբ ու զսպվածությամբ ցույց տվեց, որ ընդդիմությունը չի գնալու ծայրահեղությունների, և Քառյակը ունի իշխանափոխության իր հստակ օրակարգը:  

Իշխանությունների հակաքայլերը սպասելի էին, սակայն դրանից ո՛չ պետք է զարմանալ, ո՛չ էլ հիասթափվել: Եթե մարդը մտել է քաղաքականության մեջ, մի քանի հայհոյանքից կամ վայրահաչոցից, կամ անարդարություն տեսնելիս նա հիասթափվելու ու վհատվելու իրավունք չունի:

Թե՞ որոշ մարդկանց թվում է, որ ժամանակին Նժդեհին  չէին հայհոյում ու չէին փորձում ազգի դավաճան անվանել միայն այն բանի համար, որ նա փորձում էր փրկել Զանգեզուրը, թե՞  Անդրանիկի դեմ նամակներ չէին գրում և ուղարկում թուրքերին, որպեսզի նրան մեկուսացնեն ու սպանեն, քանի որ նա խանգարում էր թուրքերի առաջխաղացմանը, թե՞ Չարենցի դեմ անեծքներ ու հայհոյանքներ չէին հնչում: Ցանկացած մարդ ու նաև ցանկացած քաղաքական ուժ, եթե ստանձնել է երկիրը փրկելու առաքելություն, իրավունք չունի վհատվելու տարբեր տեսակի բաշիբոզուկների հարձակումներից: Հակառակը, պետք է նրանց հարձակումների դեպքում ավելի հավոզվի իր ճանապարհի ճշմարտացիության մեջ:  

Ինչպես նշել է Նժդեհը՝ «Ազգերն ամէնից շատ տառապել են եւ կը տառապեն իրենց տականքների երեսից: Պատմութեան մէջ նախընթացը չունեցող մի ողբերգութիւն է խաղացւում Հայոց աշխարհում, մի արնոտ խաղ, որի գործող անձինք, որի դերակատարներն են բռնութիւնը, բռնութեան կենդանի գործիքները՝ հայ ժողովրդի տականքը, եւ բռնութեան զոհերը՝ ի՛նքը, հայ ժողովուրդը»: 

Սակայն սա ոչ միայն հայերին է վերաբերում, այլեւ ցանկացած ազգի: Ու Գանդիի օրինակը լավագույնս է ներկայացնում, որ եթե դու առաքելություն ես ստանձնել, ապա անկախ նրանից՝ քեզ վիրավորո՞ւմ են, մահափո՞րձ են կազմակերպում, բանտե՞րը նետում՝ այն պետք է տանես մինչև վերջ:

Իսկ հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ամենամեծ խորհուրդն այն էր, որ հստակ ուղերձ հղվեց  հասարակությանը՝ Քառյակը պատրաստ է ցանկացած զրկանքի գնով լինել ժողովրդի կողքին: 

Նախորդ հոդվածը‘Տականքության ժանրից. Երևանի տոնին մասնակցելու համար երեխայի ծնողը պետք է ՀՀԿ-ական լինի՞’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենի հետ’