‘Առաքել Սեմիրջյան. Քաղաքական հիվանդությունների բուժման եղանակները’

2059

Հոգեբանությանը քիչ թե շատ ծանոթ որևէ մեկը կարող է հաստատել, որ ցանկացած տեսակի հոգեկան խնդիր կարելի է լուծել միայն այդ խնդիրը գտնելով, և քանի որ բոլոր հոգեկան խնդիրները թաքնվում են ենթագիտակցության մեջ, այդ խնդիրները ենթագիտակցությունից տեղափոխելով գիտակցություն միայն` կարելի է լուծել տվյալ խնդիրը:

Այլ տեսակի հիվանդությունների դեպքում նույնպես ամենակարևորը հիվանդության ճիշտ և ժամանակին ախտորոշումն է, որից հետո է հնարավոր այն բուժել: Բժշկության մեջ կան նաև հատուկ դեղամիջոցներ, որոնք թաքնված հիվանդությունները բացահայտելու համար հատուկ պրովոկացիայի են ենթարկում հիվանդությունը, որպեսզի այն ակտիվացնեն և իմանան՝ ինչպես պայքարել նրա դեմ:

Քաղաքական հիվանդությունները որևէ կերպ չեն տարբերվում այլ տիպի հիվանդություններից, և այն նկարագրելու համար ավելի հեշտ է զուգահեռներ անցկացնել հոգեբանական հիվանդությունների հետ: Հայաստանի հասարակության հիմնական մասը  տառապում է քաղաքական հոգեկան հիվանդությամբ, և այն կարելի է բաժանել երկու մասի՝ անհատական հոգեկան տրավմաներ և կոլեկտիվ հոգեկան տրավմաներ:

Խոսելով կոլեկտիվ հոգեբանական խնդիրների մասին՝ կարող ենք նշել, որ Ցեղասպանության ենթարկված ազգը մինչ օրս որևէ կերպ ինքն-իր համար չի վերլուծել Ցեղասպանության պատճառները և դրանց հետևանքները: Կոլեկտիվ անգիտակցականի վերլուծության ամենաառաջին նախապայմանը ազգի համար հասկանալն է՝ ինչպե՞ս մարդկային, տարածքային և տնտեսական կորուստներից հետո շարունակել ապրել: Հարյուր տարվա ընթացքում որևէ վերլուծություն չի կատարվել այն ուղղությամբ, թե ազգի կեսին կոտորելով՝ ինչպիսի՞ հոգեկան վիճակում է գտնվում ազգի ողջ մնացած կեսը: Ցեղասպանությունը իր հետ բերել է նաև անգիտակցական վախեր, որոնց վերլուծությունը կրկին չի կատարվել:

Հրեաները իրենց համար ստեղծել են որոշակի իրական թիրախներ և բարձրագույն իրագործելի նպատակներ, որոնցով էլ կարողանում են հաղթահարել իրենց ազգի նկատմամբ կատարված ցեղասպանության հետևանքները:

Առանց ազգի կոլեկտիվ անգիտակցականի վերլուծության՝ հնարավոր չէ գնահատել ազգի հնարավորություններն ու ունակությունները: Այդ իսկ պատճառով ազգը, ինքնապաշտպանական բնազդից ելնելով՝ ընկնում է միֆական վիճակների մեջ և հիմնականում միֆը ընդունում է իրականության փոխարեն:

«Ծովից-ծով Հայաստան», «Ամեն ինչ, կամ ոչինչ», «Մահ կամ Ազատություն», «Ստամբուլը՝ արյան ծով», «Ոչ մի թիզ հող» կարգախոսները ազգի անգիտակցականի անելանելիության լուծման հուսահատ փորձեր են,  որոնք իրենց մեջ չեն պարունակում որևէ զիջում կամ տրամաբանություն. սրանք սոսկ հոգեբանական տրավմա ստացած ազգի պահպանողական ռեակցիաներ են: Սակայն անելանելիությամբ կամ միջին վիճակի բացառմամբ՝ ազգը ընկնում է ծայրեհեղությունների մեջ և հոգեբանորեն դառնում է անպատրաստ՝ իրականությանը դեմ առ դեմ հանիպելիս: Եթե փորձ է արվում առանց խորը վերլուծության այս ամենը դնել տրամաբանական հարթության մեջ, անմիջապես առաջանում է ներքին կոնֆլիկտ, որը բերում է ամելի մեծ հոգեբանական խնդիրների:

Խոսելով անձի հոգեբանական խնդիրների մասին՝ կարելի է նշել, որ  գործող իշխանությունները հետևողականորեն ամեն ինչ արել են, որպեսզի արդեն ազգի և մարդու մոտ եղած խնդիրները ոչ թե բերվեն գիտակցական հարթություն և լուծվեն, այլ մղվեն ավելի խորը անգիտակցական դաշտ՝ դրանով իսկ այն ավելի անլուծելի կամ բարդ լուծելի դարձնելու համար:

Հայ ազգային կոնգրեսի ձևավորումը, իսկ դրանից առաջ՝ Համաժողովրդական շարժման հիմնական առաքելությունն այն է, որ քաղաքական և ազգային խնդիրները բերվեն տրամաբանական հարթություն, այսինքն՝ ենթագիտակցական մակարդակից բերվեն գիտակցական հարթություն, որպեսզի դրանք հնարավոր լինի լուծել:

Եթե ավելի հետ գնանք՝ կարող ենք նշել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե Խաղաղություն» հոդվածը, իսկ դրանից հետո՝ Անվտանգության խորհրդի նիստի քննարկումները, հենց այն խնդիրների շուրջ էին՝ ազգը շարունակելո՞ւ է ապրել միֆական անգիտակցական հարթության մեջ, թե՞ բոլոր խնդիրները բերվելու են տրամաբանական գիտակցական մակարդակի վրա և փորձելու են լուծվել:

Իհարկե, ցանկացած տրամաբանական լուծում ենթադրում է և՛ կորուստներ, և՛ տաժանակիր աշխատանք, իսկ միֆական հարթության մեջ թեպետ ամեն ինչ հրաշալի է թվում, սակայն, ի վերջո, ամեն ինչ հանգում է կործանման, քանի որ միֆը ուշ թե շուտ միֆազերծվում է, իսկ միֆազերծումից հետո այն դադարում է բնության մեջ որպես իրականություն գոյություն ունենալ:

Ցանկացած հոգեկան հիվանդ իր պաշտպանությունը փորձում է գտնել անցյալի այն հատվածում, որտեղ նա ամենաշատն է պաշտպանված եղել, կամ այն կերպարի մեջ, որն, իր կարծիքով, ամենամեծ պաշտպանությունը կարող է տալ իր անձին: Այդ իսկ պատճառով հոգեկան հիվանդները իրենք իրենց անձի համար ընտրում են այնպիսի կերպարներ, ինչպիսին են Նապոլեոնը, Կուտուզովը, Հիտլերը, Լենինը, Մակեդոնացին, իսկ  ժամանակի թելադրանքով նաև տվյալ ժամանակաշրջանի, ըստ իրենց՝ «ուժեղ» կերպարներին՝ Պուտին, Օբամա, Շվարցենեգեր և այլն: Արվեստով տարված հիվանդները իրենց համար որպես կերպար են ընտրում իրենց բնագավառի մեծերին, ինչպիսիք են՝ Մոցարտը, Բեթհովենը, Բերլիոզը, Շեքսպիրը… այս կերպարի մեջ նրանք ավելի պաշտպանված են, քան իրենց սեփական «ես»-ի մեջ:

Ազգի համար ավելի հեշտ է համարել, որ իրենից յուրահատուկը չկա, որ ինքն է առաջինը քրիոստոնեություն ընդունել, որ ամենահին ազգերից է եղել, որ թանգարան է բաց երկնքի տակ, քան գիտակցել, որ հիմա է պետք քրիստոնյա լինել և պահել պատվիրանները, հիմա՛ է պետք նորովի արժևորել իր գոյությունը և հիմա՛ է պետք պաշտպանել իր արժեքները աղբակույտ դառնալուց:

Իրականում, հիմնական պայքարը գնում է անգիտակցականի և գիտակցականի միջև, և եթե ավելի պատկերավոր ասվի, գործող իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի ազգի խնդիրները մնան անգիտակցական հարթության մեջ, դրանով իսկ՝ չլուծվեն, բայց, միաժամանակ, բնակչության մեծ մասին թվա, թե իրենից ոչինչ կախված չէ, կամ էլ ամեն բան հրաշքից է կախված: Իսկ մյուս կողմում կանգնած է Հայ ազգային կոնգրեսը, որը փորձում է բոլոր խնդիրներն ի ցույց դնել հասարակությանը և նաեւ ցույց տալ խնդիրների լուծման ճանապարհները:

Ամեն մի կողմ իր գործիքներն է օգտագործում պայքարում. անգիտակցականի խորացման համար իշխանությունները չեն դադարում կրկնել «մթի և ցրտի տարիների», «մազութը լափելու», իբր արտադրվող էլեկտրականությունը հողանցելու, կամ էլ Բաքուն գրավելու հնարավորությունը կորցնելու հարցում Տեր-Պետրոսյանի «մեղքի» մասին ասեկոսեները:  Սակայն հերիք է այդ ամենը բերել տրամաբանական հարթություն, մարդն սկսում է հասկանալ, որ մութը լինում է գիշերը, իսկ ցուրտն էլ միայն ձմեռվա ամիսներին, և ինչ իշխանություն էլ գա, չի կարող այնպես անել, որ գիշերները չմթնեն, իսկ ձմեռներն էլ՝ տաք լինեն, այն կարող է միայն տնտեսական այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ հնարավորություն ունենան տաքության համար վճարել և գիշերները լույս վառել, սակայն այդ ամենի համար անհրաժեշտ է, որ երկիրը պատերազմի մեջ չգտնվի իր հարևանների հետ, այլապես՝ այդ բոլոր միջոցները կմղվեն ռազմաճակատ:

Բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, թե ինչպիսի միֆեր են ստեղծում իշխանությունները ժողովրդին անգիտակցական մղելու համար. է՛լ Արմենիկում, է՛լ Դիլիջանը համաշխարհային տնտեսական կենտրոն, է՛լ հայկական պլանշետ, է՛լ կոնյակի ու ջերմուկի ազգային փրկության ծրագիր, սակայն գիտակցական հարթություն տեղափոխելով այս ամենը՝ կարելի է հանգել մի պարզ ճշմարտության, որ մրցունակ լինելու համար հարկավոր է, որ տարածաշրջանում պատերազմ չլինի, ճանապարհները բացված լինեն և ավազակների իշխանության փոխարեն՝ երկրում իշխեն գիտակցություն և տրամաբանություն ունեցող մարդիկ:

 

Նախորդ հոդվածը‘Մահացել է հայտնի բանաստեղծ Հրաչյա Բեյլերյանը’
Հաջորդ հոդվածը‘Եվրահանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 25 մլն.եվրո’