‘Առեղծվածային հիվանդություն ղազախական գյուղում’

1552

Ղազախստանի հյուսիսում՝ Կալաչի գյուղում, առեղծվածային մի հիվանդություն է արձանագրվել, որը բժիշկներն անվանել են «գենային անհայտ էնցեֆալոպատիա», իսկ մարդիկ՝ պարզապես «քնախտ». գյուղի բնակիչները երկար ժամանակով քուն են մտնում, ընդ որում՝ թե՛ տանը, թե՛ աշխատավայրում:

Բայց քնածներից ոչ բոլորն են լրիվ «անջատվում». նրանք կարող են նույնիսկ խոսել ու քայլել, բայց «արթնանալուց» հետո ոչինչ չեն հիշում:

Առաջին անգամ այս հիվանդությունը զանգվածաբար նկատվել է 2013 թ., թեև դրանից առաջ էլ մասնակի դեպքեր եղել են: Այդ ժամանակվանից ի վեր Կալաչիում, որը 600 բնակիչ ունի, «քուն է մտել» ավելի քան 100 մարդ: Քնում են թե՛ երեխաները և թե՛ մեծահասակները: Դեկտեմբերի վերջից մինչ օրս արդեն արձանագրվել է «քնախտի» 40-ից ավելի դեպք, և բնակիչները խոսում են հիվանդութայն նոր բռնկման մասին:

Ախտանշաններն են՝ քնկոտություն, ընդհանուր թուլություն, գլխապտույտ, հալյուցինացիաներ, հավասարակշռության խախտում և այլն:

Բժիշկները և գիտնականներն առայժմ դժվարանում են նշել այդ տարօրինակ երևույթի պատճառները: Վարկածներից մեկի համաձայն՝ հիվանդության պատճառը կարող է լինել ճառագայթումը: Նախկինում Կալաչի գյուղի մոտ ուրանի հանքավայր է գործել, որը փակվել է 1990-ական թթ.: Մասնագետները ենթադրում են, որ հնարավոր է՝ ճառագայթման արտահոսք է եղել:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայում աշխատանքից ազատվել է դատախազության 150 աշխատակից’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանիայում կանայք տղամարդկանցից ավելի «աստվածավախ» են’