‘Առողջապահության նախարարությունը պարզաբանում է’

824

Ինչպես արդեն հայտնել էինք, վերջին օրերին Հայաստանի տարբեր բուժհաստատություններում տուբերկուլոզի դեմ պատվաստված նորածինների մոտ պատվաստումից հետո բարդություններ են առաջացել և նրանք պետք է լրացուցիչ բուժում անցնեն:

Այդ կապակցությամբ Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.  «Հայաստանի Հանրապետությունում ներկայումս նորածինների տուբերկուլոզի դեմ պատվաստումների համար օգտագործվում է դանիական արտադրության ԲՑԺ պատվաստանյութը, որը կիրառվում է նաև Արևմտյան Եվրոպայի երկրներում: Ինչպես բոլոր պատվաստումների, այնպես էլ ԲՑԺ-ի պատվաստման արդյունքում կարող են լինել սպասելի ռեակցիաներ: Առավել հաճախ հանդիպում է տեղային բորբոքային ռեակցիան, որն առանց որևէ միջամտության ավարտվում է սպիացմամբ:

ԲՑԺ պատվաստումից հետո հազվադեպ կարող է զարգանալ սրսկման տեղին հարակից ավշային հանգույցի մեծացում (լիմֆադենիտ)` պայմանավորված պատվաստված երեխայի իմուն համակարգի առանձնահատկություններով, մասնավորապես` տուբերկուլոզի հարուցչի նկատմամբ բնածին ոչ բավարար պաշտպանվածությամբ: Առավել ևս այս երեխաների մոտ տուբերկուլոզով վարակվելու հավանականությունը շատ բարձր է և վարակվելու դեպքում հիվանդությունը շատ ծանր կլինիկական ընթացք է ստանում:

Այդ իսկ պատճառով նման երեխաների շրջանում պատվաստումների իրականացումն առաջնահերթ պահանջ է դառնում, քանի որ պատվաստման շնորհիվ նրանց մոտ կանխվում է ծանր կլինիկական ընթացքով տուբերկուլոզի առաջացումը: ԲՑԺ հետպատվաստումային ավշային հանգույցի մեծացումը որոշ դեպքերում կարող է բարդանալ թարախային բորբոքմամբ (թարախային լիմֆադենիտ), որը համաձայն միջազգային վիճակագրության, հանդիպում է 1000 պատվաստվածից մեկի մոտ:

Հայաստանի Հանրապետությունում դանիական հակատուբերկուլոզային պատվաստանյութով իրականացվել է մոտ 30 000 նորածնի պատվաստում, որից հետպատվաստումային թարախային բորբոքմամբ ավշային հանգույցի մեծացում գրանցվել է ընդամենը 12 երեխայի մոտ: ԲՑԺ հետպատվաստումային բորբոքային ռեակցիան տուբերկուլոզ հիվանդություն չէ: Նման դեպքերում կատարվում է նույն բուժումը, ինչպես տարվում է տուբերկուլոզով հիվանդի հետ սերտ շփում ունեցող անձանց շրջանում` տուբերկուլոզի ակտիվ ձևերի զարգացումը կանխելու նպատակով: Բացի այդ նախարարությունը կոչ է անում բոլոր մայրերին` երեխաներին պատվաստել ազգային օրացույցին համապատասխան` նրանց վարակիչ հիվանդություններից զերծ պահելու նպատակով»։

Նախորդ հոդվածը‘Սպասվում են տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանի խոսքով` Carrefour-ն անպայման պետք է ներկայացված լինի Հայաստանում’