‘Առողջ մարդուն պահում են հոգեբուժարանում և նրա տունը վարձով են տվել. Մամուլ’

976

Գուրգեն Թադևոսյանը «Հրապարակին» ներկայացրել է մի պատմություն, ըստ որի` Նուբարաշենի հոգեբուժարանի 4-րդ բաժանմունքում արդեն 7 տարի է` պահվում է Արմեն Ալեքսանյանը, որն այժմ 42 տարեկան է: «Նրա մորաքույրը բժիշկ է` Մկրտչյան Լիլիթը, աշխատում է Հանրապետական հիվանդանոցում, իսկ նրա ընկերուհին` Մայա Մելքումովան, այդ հոգեբուժարանի 4-րդ բաժանմունքի վարիչն է: Արմենին այդ երկու բժիշկ ընկերուհիները պահում են հոգեբուժարանում և նրա տունը վարձով են տվել, հասցեն` Ավետ Ավետիսյան 25, բնակարան 18: Այդ տղան ոչ մի հարազատ չունի դրսում, և ընկերուհիների նպատակն է, որ նրա բնակարանն իրենցով անեն վերջիվերջո: Բայց ամենակարևորն այն է, որ այդ տղան բացարձակ առողջ է, ֆիզկուլտինստիտուտն է ավարտել, երաժիշտ է և ասում է, որ կարող է աշխատել ու ինքնուրույն ապրել, բայց արդեն 7 տարի է` նրան պահում են հոգեբուժարանում: Նույն հոգեբուժարանում է եղել նաև Գուրգենը և անձամբ շփվել ու մոտիկից ճանաչել է Արմեն Ալեքսանյանին: «Քանի որ դրսում որևէ հարազատ չունի, ինձ է խնդրել, ասելով` մի կերպ մի բան արա, ես դուրս գամ այստեղից: Նույնիսկ մի անգամ փախել է հոգեբուժարանից, բռնել-ետ են տարել, մի շաբաթ կապել են մահճակալից, սոված են պահել, ծեծել են, ցավեցնող դեղեր են սրսկել, և հիմա ինքը վախենում է ինչ-որ քայլի դիմել: Մեղք է այդ մարդը, ի վերջո հանցանք է կատարվում, օգնեք»,-շարունաել է Գուրգեն Թադեւոսյանը:

Իսկ Նուբարաշենի հոգեբուժարանի 4-րդ բաժանմունքի վարիչ Մայա Մելքումովան պարզաբանել է. «Ալեքսանյան Արմենը մեր հիվանդն է, հաշվառման մեջ է, շատ հարգելի բժիշկների ընտանիքից է: Կարո՞ղ է պատահի, որ այդ ընտանիքից առողջ մարդուն պահեն հիվանդանոցում: Հիմա որ Դուք Արմենի հետ խոսեք, միգուցե չեք էլ հասկանա, որ ինքը հիվանդ է, բայց իրականում հիվանդ մարդ է: Ո՞նց եք կարծում, առողջ մարդուն երկար տարիներ հիվանդանոցում կպահեի՞ն: Արմենն ունի խնամակալ, որը հանդիսանում է եղբայրը, և նա իրավունք ունի տնօրինելու, տունը վարձով տալու: Խնամակալն է որոշում\’ հիվանդը մնո՞ւմ է, թե՞ դուրս է գրվում, նրա գույքը վաճառո՞ւմ է, թե՞ ոչ, դա արդեն հիվանդի իրավասության մեջ էլ չի: Արմենի հարազատները եղբայրն ու մորաքույրն են, նրանք մշտապես այցելում և շատ լավ նայում են Արմենին, ամեն ինչով ապահովում»: Իսկ եթե խնամակալները չարաշահում են իրենց դերը և հանցավոր գործարքի մեջ են բժիշկների հետ, այդ դեպքում ի՞նչ ելք կա վիճակից:

Նախորդ հոդվածը‘Բուժվելու փոխարեն զինծառայողին ուղարկել են սննդի պահեստի սառնարան. Մամուլ ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժի Վաչոյի բարձր հովանու ներքո. Մամուլ’