‘Առևտրականներն` ընդդեմ նոր օրենքի. Բողոքի ակցիա կառավարության դիմաց (Տեսանյութ)’

1470

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանի գրեթե բոլոր տոնավաճառներից հազարավոր առեւտրականներ այսօր Կառավարության դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել: Ցուցարարների մոտ 10 հոգանոց պատվիրակությունը Կառավարության շենքում հանդիպում էր ունեցել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ով նրանց առաջարկել էր գրավոր ձեւով ներկայացնել իրենց պահանջները, քանի որ, ըստ նրա, պահանջների բավարարումը օրենսդրական փոփոխություններ է ենթադրում: Այնուամենայնիվ, բողոքի ակցիայի մասնակիցները հրաժարվեցին գրավոր առաջարկներ ներկայացնել` փակելով Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա տանող հատվածը: Սակայն, որոշ ժամանակ անց, կարմիր բերետավորներին հաջողվեց ցուցարարներին հեռացնել փողոցի երթեւեկելի մասից` Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի եւ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ: 

Ցուցարարները խոստացան, որ իրենց պահանջը չբավարարելու դեպքում հոկտեմբերի 1-ից գործադուլ են անելու: 

Հիշեցնենք, որ Երեւանի գրեթե բոլոր տոնավաճառներից  տնտեսվարողներն այսօր առավոտվանից կառավարության դիմաց բողոքում են հոկտեմբերի 1-ից գործողության մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ, որը պարտավորեցնում է պարբերաբար տեղեկություններ հայտնել վաճառված ապրանքների մասին:

Առեւտրականները նշում են, որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հաճախ ապրանքների վերաբերյալ փաստաթղթեր չեն տրամադրում փոքր ու միջին ձեռնարկություններին, ինչի պատճառով վերջիններս, իրենց հերթին, չեն կարողանում փաստաթղթեր ներկայացնել համապատասխան մարմիններ: Ըստ այս օրենքի` առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: 

Մանրամասները` տեսանյութում:

Նշենք, որ Հանրապետության հրապարակում էին նաեւ ոստիկանության դիմակավորված հատուկջոկատայինները:


Նախորդ հոդվածը‘Սերժի ճակատագրական գիշերը, որ 180 աստիճանով փոխեց ամեն ինչ ‘
Հաջորդ հոդվածը‘Սբ. Էջմիածինը խստորեն դատապարտում է Դեյր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը’