Ասադի վտարանդի հորեղբայրը վերադարձել է Սիրիա

376

Times թերթը գրում է, որ Սիրիա է վերադարձել Ռիֆատ ալ Ասադը՝ գործող նախագահ Բաշար Ասադի 84-ամյա հորեղբայրը, որը երկրից արտաքսվել էր 1980-ական թթ․, հեղաշրջման փորձ անելուց հետո։

Վտարումից երկու տարի առաջ նա Համա քաղաքում «Մուսուլման եղբայրների» խռովությունը ճնշող զորքերի հրամանատարն էր։ Համայում գործողությունը տևել էր երեք շաբաթ, ինչի հետևանքով զոհվել էր 7 հազարից մինչև 40 հազար մարդ, իսկ Ռիֆատ ալ Ասադն ստացել էր «Համայի մսագործ» մականունը։

Անցյալ տարվա հունիսին Ասադի հորեղբայրը Փարիզի դատարանի կողմից դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման՝ Սիրիայի պետբյուջեից գողացած փողերով 90 մլն եվրո արժողությամբ սեփականություն գնելու համար։

Սիրիայի 56-ամյա ղեկավարը, թերթի տեղեկություններով, հորեղբորը թույլ է տվել վերադառնալ հայրենիք՝ նրանից խոստում ստանալով, որ նա չի զբաղվի քաղաքական կամ հասարակական գործունեությամբ։ Ընդդիմության կարծիքով՝ Ասադն ուզում է օգտվել հորեղբոր հեղինակությունից ալավիների շրջանում, որպեսզի չկորցնի նրանց աջակցությունը։

Բելառուսական «Хартия 97»-ը, հղում անելով New Arab ամսագրին, տեղեկացնում է, որ այս տարվա ամառվանից մինչև հոկտեմբեր Ասադը Մինսկում է եղել։ «Պաշտոնական Մինսկը սերտ հարաբերություններ է պահպանում Բաշար ալ Ասադի ռեժիմի հետ, իսկ սիրիացի բռնապետի հորեղբայրը, ամենայն հավանականությամբ, երաշխիքներ է ստացել, որ Բելառուսը նրան չի հանձնի Ֆրանսիային»,- կարծում են կայքի հեղինակները։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըG20-ի առաջնորդներն ուզում են օգնել աֆղանացիներին, բայց ոչ թալիբներին
Հաջորդ հոդվածըԻ՞նչ Երկիր Կ՚ուզենք Կառուցել. Վրէժ-Արմէն