‘Աս-Սիսին առաջադրվել է Եգիպտոսի նախագահի թեկնածու’

822

Եգիպտական բանակի հրամանատարությունը լիազորել է վարչապետի առաջին տեղակալ, պաշտպանության և ռազմարդյունաբերության նախարար Աբդել Ֆաթահ աս-Սիսիին՝ իր թեկնածությունն առաջադրել երեք ամիս հետո կայանալիք նախագահական ընտրություններում: Այդ մասին հայտնի է դարձել Եգիպտոսի զինված ուժերի Բարձրագույն խորհրդի նիստի արդյունքում, որն ընթացել է նույն աս-Սիսիի նախագահությամբ:

Երեկ նրա կոչումը բարձրացվել է մինչև ֆելդմարշալ: Համապատասխան հրամանագիրը տվել է երկրի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը: 59-ամյա աս-Սիսին գլխավոր դերակատարն է  անցյալ ամառ իսլամիստների դրածո նախագահ Մուհամեդ Մուրսիի իշխանության տապալման գործում:

Պետության ժամանակավոր ղեկավարի գրասենյակը որոշում է կայացրել նախագահական ընտրություններն անցկացնել խորհրդարանական ընտրություններից առաջ: Ըստ փոփոխված «ճանապարհային քարտեզի»՝ պետության ղեկավարի ընտրությունները կկայանան ապրիլի 19-ից ոչ ուշ: Ավելի վաղ՝ հունվարի 14-15-ին կայացած հանրաքվեի ընթացքում, նոր սահմանադրությունը պաշտպանել է ընտրողների 98 %-ը:

Այնուհանդերձ, անցյալ շաբաթ Հոսնի Մուբարաքի տապալման՝ «հունվարի 25-ի հեղափոխության» երրորդ տարեդարձի տոնակատարությունն ավարտվել էր անկարգություններով, որոնց ընթացքում զոհվել էր 64 մարդ, ավելի քան 200-ը վիրավորվել: Այսպիսի տեղեկություններ է հրապարակել ԵԱՀ առողջապահության նախարարությունը, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովը կրճատվել է Ուկրաինայի պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Գարեգին Բ-ի ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ’