‘Ավակով. Ռադայում նոր դաշինքի վերաբերյալ բանակցությունները մտել են փակուղի’

1449

Ուկրաինայի գերագույն ռադայում երկու ամենախոշոր կուսակցությունների՝ «Պյոտր Պոռոշենկոյի դաշինքի» և Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատի» բանակցությունները նոր դաշինք կազմելու վերաբերյալ մտել են փակուղի և հղի են Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի նոր շրջափուլի հրահրմամբ: Այդ մասին հաղորդել է «Լիգա.net» ինտերնետ-կայքը՝ հղում անելով երկրի ՆԳ նախարար Արսեն Ավակովին:

ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ բանակցությունների ընթացքում, որոնք կայացել են ապրիլի 13-ի գիշերը նախագահի նստավայրում, կողմերը չեն կարողացել համաձայնություն ձեռք բերել ուժերի հարաբերակցության վերաբերյալ, և դրան, մասնավորապես, խանգարել են երկրի նախագահ Պյոտր Պոռոշենկոյի կադրային պահանջները: «Բանակցություններից դուրս գալու հավանականությունը մեծ է: Թող ամեն ինչ իրենք ձևավորեն: Ամենայն հավանականությամբ՝ մենք դուրս կգանք կառավարության կազմից»,- հայտարարել է Ավակովը:

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ապրիլի 10-ին հայտարարել է, որ վայր է դնում կառավարության ղեկավարի պարտականությունները: Այժմ Ռադայի պատգամավորները պետք է սահմանադրական մեծամասնություն ձևավորեն խորհրդարանում և նոր վարչապետ ու կառավարություն ընտրեն, ինչը երկրին հնարավորություն կտա դուրս գալու արդեն գրեթե երկու ամիս ձգվող քաղաքական ճգնաժամից: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Պենտագոն. ԿԺԴՀ-ի կողմից սպառնալիքը կմեծանա’
Հաջորդ հոդվածը‘Օբամա. Լիբիան իմ ամենալուրջ սխալն էր’