‘Ավարտվեց ՆԱՏՕ-ի ընդլայնված գագաթնաժողովի առաջին օրը’

786

Ուելսում ավարտվել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովի առաջին օրը:

Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը հանդիպման մասնակիցներից պահանջում է կարևոր որոշումների կայացում: Առաջին պլանում երկու կարևոր հարցեր են: Առաջինը Իրաքի իրավիճակն է, որտեղ ջիհադականները գրոհում են և վերջերս մահապատժի ենթարկեցին ամերիկացի երկու լրագրողների: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն այդ առիթով, մասնավորապես, ասել է. «Այն, ինչ հիմա պահանջվում է, քրդերի կողմից ակտիվ գործողություններն են, Իրաքի նոր կառավարության և հարևան երկրների ճնշումը: Իհարկե, իրենց դերը կարող են կատարել նաև Բրիտանիան ու Ամերիկան: Մենք արդեն զինում ենք քրդերին, օգնում ենք Իրաքի կառավարությանը, հումանիտար օգնություն ենք տրամադրում: Ամերիկացիները մասնակցում են օդային հարվածներ հասցնելուն, ինչը մենք պաշտպանում ենք: Այդ ամենը պետք է համալիր կատարվի»:

Երկրորդ գլխավոր թեման Ուկրաինան է: Նախագահ Պյոտր Պոռոշենկոն հրավիրվել էր գագաթնաժողովին, թեպետ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ: Պոռոշենկոն հայտարարել է, որ երկրի հարավ-արևելքում կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն կարող է ձեռք բերվել այսօր Մինսկում սպասվող՝ կոնտակտային խմբի հանդիպման ընթացքում:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներն ավանդաբար ուղեկցվում են հակագլոբալիստների ակցիաներով: Ցուցարարների կարծիքով՝ կառավարիչների անպատասխանատվության հետևանքով աշխարհը հայտնվել է լայնածավալ պատերազմի շեմին: Փոխանցում է euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Սիրիայում կռվող տասնյակ բրիտանացի ծայրահեղականներ ուզում են հայրենիք վերադառնալ’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալիան Հնդկաստանին կվերադարձնի առևանգված հինդուիստական արձանիկները’