‘Ավետիսյանի ընկերները կալանավայրի մոտ ակցիա անցկացրին (տեսանյութ)’

961

Ավելի քան մեկ ամիս կալանավորված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի համախոհներն ու ընկերները այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ էին եկել՝ աջակցելու ճաղերի ետևում գտնվող ընկերոջը։

«Ազատություն» ռադիոկայանը փոխանցում է, որ Ավետիսյանի նկարով պաստառն ու եռագույն դրոշները վեր պահած` նրանք բարձրախոսի միջոցով դիմեցին անազատության մեջ գտնվող ազատամարտիկին. «Վոլոդյա Ավետիսյանի դեպքը անցնում էր բոլոր սահմանները։ Մի մարդ, ով Արցախի ազատամարտի հերոս է, մի մարդ, ով կարողացել է ազատագրել Քարվաճառը և ամբողջ իր գիտակից կյանքը նվիրել է հայոց պետականությանը, այսօր գտնվում է այս պատերի ետևում՝ միայն մի բանի համար, որ ասել է՝ Հայաստանը և Արցախը ազատագրած ազատամարտիկը իրավունք ունի իր իսկ ազատագրած երկրում ապրել արժանապատիվ»։

Քրեակատարողական հիմնարկի ոչ մի աշխատակից չմոտեցավ բակում բողոքի ակցիա անցկացնող ազատամարտիկներին, փոխարենը ցուցարարներին գովեստի և աջակցության խոսքերով միացան ազատազրկվածներին  տեսակցության եկած կամ սնունդ բերած հարազատները։

Քիչ անց աջակցության կոչեր հնչեցին նաև կալանավայրի ներսից՝ ճաղերի այն կողմից։

Վոլոդյա Ավետիսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքն ու հայտարարում է, որ իրեն մեկուսացրել են քաղաքական հայացքների համար։ Մոտ կես տարի առաջ  Ավետիսյանն ու ընկերները բողոքի ակցաիներ սկսեցին՝ իշխանություններից պահանջելով լուծել ազատամարտիկների սոցիալական հարցերը։ Նրանց ընդունեց անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ խոստանալով բողոքները փոխանցել խորհրդարան։ Պաշտոնյաների այդ խոստումները, ըստ ազատամարտիկների, դեռ իրականություն չեն դարձել, փոխարենը իրենց զինակից ընկերը հայտնվել է  անազատության մեջ։

Ավետիսյանի աջակիցները հայտարարում են, որ կշարունակեն պայքարն այնքան, մինչև ազատամարտիկը ազատության մեջ հայտնվի։

Նախորդ հոդվածը‘Նոյեմբերի 3-ին` հազվադեպ երկնային երևույթ’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի հաղորդագրությունը զինված հարձակման մասին’