‘Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչները փորձաքննություններին մասնակցելու հնարավորություն կունենան’

910

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարարվել է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների դիմումը՝ նշանակված փորձաքննություններին մասնակցելու վերաբերյալ։ Այդ մասին ասված է ՀՔԿ հաղորդագրության մեջ: Նշվում է, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել են դիմումներ, որոնք օրենքով սահմանված կարգով քննարկվել են, իսկ արդյունքների մասին՝ գրավոր ծանուցվել։ «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ի թիվս այլ հարցադրումների՝ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները խնդրել են հնարավորություն ընձեռել՝ մասնակցել նշանակված փորձաքննություններին և փորձագետներին հարցեր ուղղել: Քրեական գործը քննող քննչական խմբի ղեկավարը բավարարել է փորձաքննություններին ներկա գտնվելու վերաբերյալ դիմումը։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան՝ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների ներկայությունը փորձաքննություններին ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը խնդրել է հայտնել, թե կոնկրետ որ փորձաքննությանն են ցանկանում ներկա գտնվել, փորձաքննության որ փուլից և ինչ լրացուցիչ հարցադրումներ ունեն.,- ասված է հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում ձերբակալվել է ԻՊ-ի «քարոզիչը»’
Հաջորդ հոդվածը‘Քերի. Ուկրաինայի վերաբերյալ Մոսկվան «աչքերիս նայելով»՝ ստում է ‘