‘Ավետիք Իշխանյան. Բանտարկյալներից ցուցմունքներ են կորզել բռնություններով ‘

1028

Ես չեմ ասում՝ նրանք հանցագործություն կատարե՞լ են, թե՞ ոչ, բայց, ամենայն հավանականությամբ, նախաքննության ժամանակ նրանց նկատմամբ կիրառվել են բռնություններ, և նրանցից ցուցմունքներ են կորզվել, ինչից նրանք դժգոհում են: iLur.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում ստեղծված իրավիճակը՝ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: 

«Ամենայն հավանականությամբ՝ նրանց դժգոհության պատճառը նախաքննական մարմնի կողմից ցուցաբերված բռնություններն են և ոչ պրոֆեսիոնալ մոտեցումները: Կարող եմ ասել, որ նրանք բողոքում են նաև քրեակատարողական հիմնարկների պայմաններից, որովհետև, ինչքանով ինձ հայտնի դարձավ, բժշկական պատշաճ օգնություն նրանց ցույց չի տրվել», — ասաց Իշխանյանը: 

Նա նշեց, որ բանտերում պետք է գործեր հոգեբանական ծառայություն, սակայն այն ձևական բնույթ է կրում, և բանտարկյալների հետ հոգեբանական պատշաճ աշխատանք չի կատարվում: 

«Էլ չեմ խոսում բանտային ընդհանուր պայմանների մասին: Այդ ամբողջ կոմպլեքսը ցույց է տալիս մեր իրավական համակարգի և ընդհանրապես՝ քրեակատարողական համակարգի բոլոր թերությունները, իսկ դրանք բազմաթիվ են: Մենք միայն լսում ենք խոսքեր, խոսքեր, խոսքեր, որոնք նախատեսում են դատաիրավական բարեփոխումներ և այլն»,- նշեց Ավետիք Իշխանյանը: 

Նրա համոզմամբ՝ ստեղծված իրավիճակի համար պետք է պատասխան տան ինչպես դատախազությունը, այնպես էլ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը:

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օրերս ի նշան բողոքի մի քանի դատապարտյալներ հացադուլ էին հայտարարել, իսկ նրանցից մեկը կտրել էր իր ճկույթն ու ուղարկել լրատվական կայքերից մեկի խմբագրություն:

Նախորդ հոդվածը‘Տնտեսագետ. 35 000 դրամ նվազագույն աշխատավարձը աշխատողների 10%-ին մատնում է աղքատության ‘
Հաջորդ հոդվածը‘Անգլիայի Պրեմիեր-լիգայի հանդիպումներին ներկա է եղել 1 միլիոն արտասահմանցի’