‘Ավիացիան ազատականացնում են ‘

917

Հայաստանում ավիացիայի ոլորտը ամբողջապես պետք է ազատականացվի: Հայաստանում ավիացիայի ոլորտում ուսումնասիրություններ իրականացնելուց հետո, ըստ Tert.am-ի, այս եզրակացությունն է տվել «Մըքինզի ընդ Քոմփանի» ընկերությունը, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը հաստատելու, ծրագրի իրականացումն ապահովող աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին որոշման նախագիծ է ներկայացրել էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

Նա նշել է, որ նշված ուսումնասիրության հիման վրա պետք է իրականացվեն նաև կառուցվածքային բարեփոխումներ: «Այս նախագիծը վերաբերելու է տեղական օդային ընկերությունների լիցենզավորման կարգին։ Հաստատվող միջոցառումների ցանկով նախատեսվում է բազմաթիվ քայլերի իրականացում: Ստեղծվելու է աշխատանքային խումբը, որը պետք է իրականացնի նախատեսված ծրագրերը»,- ասել է նա:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հիշեցրել է, որ այս հարցի շուրջ բուռն քննարկումներ են եղել և իրարամերժ մոտեցումներ հնչել՝ ոլորտի խիստ կարգավորման տարբերակից մինչև առավելագույն ազատականացման տարբերակը: Նա նշել է նաեւ, որ Մըքենզիի կողմից ներկայացվել է հաշվետվություններ, եւ ըստ այդ մասնագետների՝ Հայաստանը պետք է գնա ազատականացման ուղղությամբ, ինչը խթանելու է ՀՆԱ-ի աճը, ստեղծելու է նոր աշխատատեղեր, նվազեցնելու է տոմսերի գները:  Նա համապատասխան գերատեսչություններին տեղեկացրել է, որ ընդամենը հինգ օր ունեն Հայաստանում գտնվող մասնագետների հետ բոլոր հարցերը քննարկելու և նախագիծը տեղայնացնելու համար:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ի պաշտոնական գաղափարախոսությունը ոչ այլ ինչ է, քան պարզապես ռասիզմ ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’