‘ԱՎԾ. Ամուսնությունների թիվը նվազում է, ամուսնալուծություններինը՝ աճում ‘

729

2012-ի 9 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցվել է 30 906 ծնունդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել է 3%-ով ։ Այդ թիվը նախորդ տարի կազմել է 31 854։ Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտնեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, հաղորդում է Tert.am-ը:  

Ըստ նրա՝ մահացության ցուցանիշները նույնպես նվազել են, յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով գրանցվել է 4 մահացության դեպք, և 9 ամիսների կտրվածքով նվազել է բնական հավելաճը։

Այս տարվա 9 ամիսներին հանրապետությունում գրանցվել է 13 828 ամուսնություն, և յուրաքանչյուր հազար բնակչից ամուսնացել է 5-6 զույգ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ամուսնության դեպքերը նվազել են, փոխարենը 3,1%–ով աճել է ամուսնալուծությունների թիվը։

Ըստ տվյալների՝ մարզերի կտրվածքով ծնելիության ցուցանիշները բարձր են եղել Երևանում, Կոտայքում, իսկ Տավուշում, Սյունիքում և Լոռու մարզում այդ ցուցանիշը միջին հանրապետական ցուցանիշից ցածր է։ Ծնունդների և մահվան գործակիցների տարբերությունը՝ բնական հավելաճը, ավելի բարձր է եղել Երևանում և Արարատի մարզում, ամենացածր թիվը գրանցվել է Տավուշի մարզում։ Իսկ ամուսնալուծությունների թվով ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում և Լոռու մարզում։

 

Նախորդ հոդվածը‘Հեռուստաընկերությունները սահմանել են քաղաքական գովազդի գները’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը Գեղամյանի միջոցով ընտրեց Եվրասիական ուղին ‘