‘ԱՎԾ. Հայաստանում մեծահասակ անօթևանների թիվն ավելացել է’

1018

Վերջին տարիներին Հայաստանում անչափահաս մուրացկանների թիվը նվազել է,  մեծահասակ անօթևաններինը` որոշակիորեն ավելացել: 2011-ի տարեվերջին ՀՀ ոստիկանության կողմից հաշվառված է եղել 15 մուրացիկ թափառաշրջիկ անչափահաս. երեքական` Երևանում և Արմավիրի մարզում, յոթը` Լոռու, երկուսը` Շիրակի մարզում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց Ազգային վիճակագրական ծառայության սոցիալական ոլորտի և բնապահպանության բաժնի պետ Նելլի Բաղդասարյանը` հավելելով, որ 2010-ին նրանց թիվը 20 էր: 

Աշխատանքի և սոցիալական հարցերրի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանն իր հերթին տեղեկացրեց, որ անօթևանների միակ կացարանը Երեւանի Հաղթանակ թաղամասում է, որ գործում է 2006 թվականից եւ որտեղ ապաստանում է 60 անօթևան: Այն ընդունում է 18 տարեկանից բարձր տարիքի անձանց, սակայն շենքային պայմաններից ելնելով չի կարողանում ապաստանել բոլոր կարիքավորներին: Եղանակը ցրտելուն պես այս կենտրոնում ավելանում է անօթևանների թիվը` հասնելով մինչև 70-ի: Պետական բյուջեով կենտրոնը տարեկան 59 միլիոն դրամի ֆինանսավորում է ստանում` ապաստանած մարդկանց ապահովելու ամենօրյա եռանգամյա սննդով, հագուստով: Անօթևան մեկ անձին օրական 3075 դրամ է բաժին հասնում, որից 1340 դրամը` սննդի համար: 

Կառավարության որոշմամբ` 60 օր է հատկացվում անօթևանին կենտրոնում պահելու համար: Գրեթե 50 տոկոս դեպքերում նույն անձը կրկնակի, եռակի անգամ է դիմում` առաջին 60 օրը լրանալուց հետո կենտրոնում բնակությունը շարունակելու համար: Ըստ Արթուր Կեսոյանի` այդ օրերի ընթացքում կենտրոնի աշխատակիցները նաեւ սոցիալական օժանդակություն են տրամադրում անօթևաններին` օգնում ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր, բուժօգնություն, հաշմանդամության կարգ: Կենտրոնի աշխատակիցները փորձում են նաեւ կապ հաստատել անօթեւան մարդկանց ընտանիքի անդամների հետ: Որպես արդյունք` եղել են դեպքեր, երբ նրանք վերադարձել են ընտանիք:

«Այս տարի 15 հոգու ապահովել ենք աշխատանքով: Հայաստանում մուրացկանության և անօթևանության խնդիրն ամենաարդի խնդիրներից մեկն է»,-ասաց Կեսոյանը:

Նախորդ հոդվածը‘Երևանը հետաքրքիր է նաև եգիպտացի զբոսաշրջիկների համար’
Հաջորդ հոդվածը‘Լիլիթ Մկրտչյանը դուրս մնաց հետագա պայքարից’