‘ԱՎԾ. Հայաստանում օտարերկրյա ներդրումները կրճատվել են 35,2%-ով ‘

2588

Հայաստանում կատարվող օտարերկրյա ներդրումների ծավալը շարունակաբար նվազում է՝ ի հեճուկս միջազգային տարատեսակ կազմակերպությունների հրապարակած ցուցանիշների, համաձայն որոնց, Հայաստանում ներդրումային միջավայրը կտրուկ բարելավվել է: Ընդ որում, եղած ներդրումների հիմնական մասն ուղղվում է հանքարդյունաբերության, մասնավորապես՝ բացահանքերի շահագործման ոլորտ:

Այսպես, ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումները 2012-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2011-ի նույն ժամանակահատվաի համեմատ կրճատվել են 35,2 տոկոսով:

Իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումներն ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում կազմել են շուրջ 221,3 մլն դոլար՝ 2011-ի նույն ժամանակահատվածի 479,4 մլն դոլարի դիմաց: 

2012-ի 9 ամսում համախառն օտարերկրյա ներդրումների 19,46 տոկոսը և Հայաստանի իրական հատվածում ուղղակի ներդրումների 34,13 տոկոսն ուղղվել են հանքագործական արդյունաբերության ոլորտ և բացահանքերի շահագործմանը: Ուղղակի ներդրումների 22,23 տոկոսն իրականացվել է հեռահաղորդակցության ոլորտում, իսկ 10,93 տոկոսը՝ անշարժ գույքի հետ կապված գործողությունների ոլորտում:

Օտարերկրյա ներդրումներ կատարած առաջատար երկրների հնգյակում են Կանադան, Ռուսաստանը, Շվեյցարիան, Գերմանիան և Ֆրանսիան: 
Կանադան 2012թ.-ի ինը ամիսների ընթացքում Հայաստանում 102,2 մլն դոլարի ներդրումներ է կատարել: Ուշագրավ է, որ հաշվետու ժամանակահատվածում ուղղակի ներդրումներ չեն կատարվել: 
Այս ցուցանիշով երկրորդ տեղում է Ռուսաստանը, որը Հայաստանում շուրջ 82,1 մլն դոլարի ներդրում է կատարել: Ընդ որում` հայաստանյան տնտեսության իրական հատվածում ուղղակի ներդրումների ծավալով Ռուսաստանն առաջատար է` 53,6 մլն դոլար: 
Հաշվետու ժամանակահատվածում Շվեյցարիայի ընդհանուր ներդրումները Հայաստանի իրական հատվածում կազմել են ավելի քան 38,8 մլն դոլար, իսկ ուղղակի ներդրումները՝ շուրջ 37,8 մլն դոլար: 
Շվեյցարիային հաջորդում է Գերմանիան, որն ավելի քան 36,6 մլն դոլար է ներդրել, բոլոր միջոցներն ուղղակի ներդրումներ են եղել: 
Խոշոր ներդրողների հնգյակը եզրափակում է Ֆրանսիան, որի կատարած ներդրումները կազմել են 34,5 մլն դոլար, բոլորը՝ ուղղակի ներդրումներ: 
Հայաստանի իրական հատվածում մյուս երկրների կատարած ուղղակի ներդրումների համախառն ծավալը 2012թ.-ի երեք եռամսյակի ընթացքում կազմել է շուրջ 24,2 մլն դոլար: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին հրապարակված Համաշխարհային բանկի (World Bank) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) համատեղ Doing Business զեկույցի համաձայն, Հայաստանը Ներդրողների պաշտպանվածության ցուցանիշով  98-րդ տեղից հայտնվելով 25-րդ տեղում՝ առաջընթաց գրանցելով 73 կետով։ 

Նախորդ հոդվածը‘«Կրասնոդար» — «Կուբան» հանդիպումը դրամատիկ վերջաբան ունեցավ, իսկ Օզբիլիզը գոլ խփեց’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը հաստատեց, որ տեղափոխվել է «Սպարտակ»’