‘ԱՎԾ-ն հրապարակել է նախագահական ընտրությունները կեղծելու մեխանիզմներից մեկը’

3167

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց 2011թ. հոկտեմբերի 12-21-ը իրականացրած մարդահամարի արդյունքները՝ ըստ առանձին համայնքների։ Այսպիսով, հանրությունը այլևս ձեռքի տակ ունի ևս մեկ ապացույց, թե որքան էին ուռճացված ընտրացուցակները անցած նախագահական ընտրությունների ժամանակ, և թե ինչպես «ընտրվեց» Սերժ Սարգսյանը։ Ուսումնասիրելով փաստաթղթի մի փոքր մասը միայն՝ հայտնաբերել ենք, որ հատկապես փոքր համայնքներում բնակչության իրական թվերի և մինչ օրս մեզ հրամցված պաշտոնական թվերի միջև սարուձորի տարբերություն կա։ Հայաստանի տասնյակ, կամ միգուցե հարյուրավոր գյուղական համայնքներռմ առկա բնակչության թիվը որոշ դեպքերում կրկնակի ու եռակի փոքր է տվյալ գյուղերում Սերժ Սարգսյանի «ստացած» քվեից։ Ամենատիպիկ օրինակներից է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղը, որտեղ, ըստ ԱՎԾ-ի, առկա է 23 բնակիչ, այս թվի մեջ, ուշադրություն դարձրեք, մտնում են նաև 0-18 տարեկան՝ ընտրելու իրավունք չունեցող բնակիչները, սակայն գյուղը ընտրությունների օրն «ունեցել է» 55 ընտրող։ Ըստ ԿԸՀ-ի՝ այդ 55-ից ընտրություններին մասնակցել էր 52-ը, և բոլորն էլ քվեարկել էին Սերժ Սարգսյանի օգտին։ 278 առկա բնակիչ ունեցող Անտառամուտի 94,9 տոկոսը ընտրացուցակում է։ Որևէ օրինաչավոթյան մեջ չտեղավորվող այսպիսի արդյունքների ես բախվում՝ համեմատելով մարդահամարի և ընտրության պաշտոնական արդյունքների տվյալները։

Ահա թե ինչու էր ԱՎԾ-ն համառորեն հրաժարվում մոտ 1,5 տարի առաջ իրականացրած մարդահամարի ցուցանիշները մանրամասնությամբ հրապարակել։ Հանրությունը ընտրություններից առաջ և հետընտրական լարված շրջանում չպետք է ձեռքի տակ ունենար, թե որ համայնքում ճշգրիտ որքան մարդ է բնակվում։ Դա հնարավորություն տվեց նկարել ուզած թիվը։

Եթե դիտարկենք նույն ԱՎԾ-ի պաշտոնական ժողովրդագրության տվյալները, ապա 2011թ. Դրությամբ՝ երկրի բնակչության 25 տոկոսը, տարիքի բերումով, չունի ընտրելու իրավունք։ Իսկ երեկ հրապարակված «Մարդահամար-2011»-ի համաձայն՝ առանձին համայնքներում ընտրողների թիվը հասնում է անգամ առկա բնակչության 95, տեղ-տեղ՝ նաև 100 և ավելի տոկոսի։ Օրինակ՝ Արարատի մարզի Գինեվետ համայնքում։ Այստեղ ԱՎԾ վիճակագիրները հաշվել են 534 առկա բնակիչ, իսկ ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 507։ Լոռու մարզի Ազնվաձոր գյուղում, ըստ ԱՎԾ-ի ՝ առկա է 348 բնակիչ, իսկ ահա ընտրողների ընդհանուր թիվը հասցված էր 391-ի։ Անտառաշեն համայնքում 173 բնակիչ է ապրում, իսկ ընտրողների թիվը 180 է։

Ի դեպ, առկա բնակչության և ընտրացուցակներում ներառված մարդկանց թվի տարբերությունն ավելի ընդգծված է շատ փոքր գյուղերում։ Այստեղ ավելի հեշտ էր կեղծել, քանի որ ընտրություններում մոնիթորինգի և հասարակական վերահսկողության տակ են առնվում հիմնականում խոշոր բնակավայրերը։ Դրա ապացույցներից է նաև այն փաստը, որ 11 մարզկենտրոնից 7-ում Սերժ Սարգսյանը պարտվել Է Րաֆֆի Հովհաննիսյանին, այդ թվում՝ Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Իջևանում և այլն։ Իսկ ահա գյուղական համայնքների 75 տոկոսում՝ «հաղթել»։ Այդպես չի լինում։ Ներկայացնում ենք մի քանի օրինակներ այն համայնքներից, որտեղ ԱՎԾ մարդահամարի ցուցանիշներում ու 2013թ. նախագահական ընտրությունների ընտրացուցակներում բացարձակապես հակառակ պատկեր է տիրում։ (Փակագծերում նշված է Սերժ Սարգսյանի «ստացած» քվեների թիվը)։

Համայնք

Առկա բնակչություն

Ընտրողների մասնակցություն

Գեղարքանիքի մարզ            
Գեղաքար         

 

87

 

104 (92)

Ազատ

82          

103 (100)

Ներքին Շորժա

44

51 (50)

Ջաղացաձոր                  

100

92 (91)

Վերին Շորժա

23          

52 (52)

Ծաղկունք        

789        

502 (362)

Սեմյոնովկա   

233        

162 (142)

Անտառամեջ  

142        

110(101)

Վայոց Ձոր
Գնիշիկ              

 

113        

 

100 (67)

Վարդահովիտ

114

139(116)

Հ.Գ. Ըստ մարդահամարի պաշտոնական տվյալների՝ ՀՀ առկա բնակչությունը կազմել է 2 մլն 871 հազար 771 մարդ:

«Հայկական ժամանակ»

Նախորդ հոդվածը‘ԱՎԾ. Սպառողական գները անցյալ տարվա համեմատ աճել են 8,5 %-ով’
Հաջորդ հոդվածը‘Պիկասոյի, Շագալի, Դալիի եւ այլոց աշխատանքները կցուցադրվեն Երեւանում’