‘Ավստրալիայի լողափում գտել են մալայզիական օդանավի անձեռոցիկներ’

972

Արևմտյան Ավստրալիայի առափնյակում գտնվել է անձեռոցիկների բացված փաթեթ՝ Malaysia Airlines-ի լոգոտիպով՝ այն ավիաընկերության, որի մարդատար ինքնաթիռը  2014 թ. կորել էր Հնդկական օվկիանոսի օդային տարածքում: Այդ մասին հաղորդել է 9News հեռուստատեսությունը:

Անձեռոցիկների փաթեթը գտել են թոշակառուներ Քինգսլի և Վիկի Միլլերները՝ Սերվանտես քաղաքի լողափում զբոսնելիս: Նրանք իրենց գտածոն հանձնել են ոստիկանությանը, որից հետո այն ուղարկվել է Կանբեռա՝ հետազոտության նպատակով:

Ինքնաթիռի որոնումները համակարգող կենտրոնը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից և չի հրապարակել փաթեթի լուսանկարը: Կենտրոնը միայն հայտարարել է, որ հազիվ թե արժե պնդել, որ այդ փաթեթը կապ ունի կորած օդանավի հետ:

Միևնույն ժամանակ՝ փորձագետները կարծում են, որ փոքր չափեր ունեցող այդ փաթեթը կարող էր մեծ տարածություն անցնել՝ առանց վնասվելու: Արևմտյան Ավստրալիայի համալսարանի պրոֆեսոր-օվկիանոսագետ Չարիթա Պաթյարաչիի կարծիքով՝ ինքնաթիռի աղբը կարող էր ծովից դուրս ներտվել Սերվանտեսից մինչև Էսպերանս՝ ցանկացած լողափում:

«Բոինգ-777»-ը, որ Կուալա-Լամպուրից թռչում էր Պեկին, ռադարների էկրաններից անհետացել էր 2014 թ. մարտի 8-ի գիշերը: Օդանավում անձնակազմի 12 անդամներն էին և 227 ուղևոր՝ 14 երկրներից, հիմնականում՝ Մալայզիայի և Չինաստանի քաղաքացիներ: Նրանք բոլորը 2015 թ. հունվարին պաշտոնապես զոհված են ճանաչվել: Ենթադրվում է, որ ինքնաթիռը ջուրն է ընկել Հնդկական օվկիանոսի հարավային մասում: Ինքնաթիռի բեկորները մինչև հիմա հայտնաբերել չի հաջողվել: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ. Արևմուտքը Նեմցովի սպանությունն օգտագործում է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով ‘
Հաջորդ հոդվածը‘Կենդանիների պաշտպաններն ահազանգում են՝ Բաքվում թափառող կենդանիների գենոցիդ է տեղի ունենում’