‘Ավստրալիայի վարչապետը ներողություն չի խնդրել Ինդոնեզիայի նախագահից’

817

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբորտն այսօր հայտարարել է, թե ցավում է Ինդոնեզիայի նախագահի այն տհաճ տպավորության համար, որ նա ունեցել է՝ իմանալով, որ իր հեռախոսը գաղտնալսվել է:Ելույթ ունենալով խորհրդարանում՝ Էբորտը, սակայն, ներողություն չի խնդրել կատարվածի համար: «Պետք չէ ներողություններ ակնկալել Ավստրալիայից այն բանի համար, որ նա միջոցներ է ձեռք առնում իր երկրի պաշտպանության ուղղությամբ, ճիշտ այնպես, ինչպես պետք չէ ներողություն ակնկալել այլ երկրների կառավարություններից, որոնք նույնպիսի քայլեր են ձեռնարկել,- ասել է Ավստրալիայի վարչապետն ու հավելել: — Պետք է հասկանալ, որ Ավստրալիան օգտագործում է իր բոլոր միջոցները, այդ թվում՝ նաև տեղեկատվական, որպեսզի օգնի իր բարեկամներին և դաշնակիցներին»:

Մինչդեռ Ինդոնեզիայի նախագահ Իոդհյոնոն իր թվիթերյան էջում հայտարարել է, թե Ջակարտան կվերանայի իր համագործակցությունը Կանբեռայի հետ՝ հաշվի առնելով ավստրալական հատուկ ծառայությունների կողմից իր հեռախոսը գաղտնալսելու վերաբերյալ վիրավորական փաստը: Նա նաև քննադատել է վարչապետ Էբորտին՝ այդ խնդրի վերաբերյալ նրա ելույթում զղջման բացակայության համար: «Ինդոնեզիան վերանայում է երկկողմ համագործակցությունը՝ Ավստրալիայի վիրավորական գործողությունների պատճառով»,- նշել է Ինդոնեզիայի նախագահը:

Նախօրեին տեղեկատվություն էր հայտնվել, որ Ավստրալիայի հետախուզական ծառայությունները փորձել են գաղտնալսել Ինդոնեզիայի նախագահի և նրա մի քանի մերձավորների հեռախոսները: ԱՄՆ  հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենից ստացված փաստաթղթերում, մասնավորապես, ասվում էր, թե էլեկտրոնային լրտեսման ավստրալական ծառայությունները 2009 թ. օգոստոսին 15 օր շարունակ արձանագրել են նախագահ Իոդհյոնոյի բջջային հեռախոսի ակտիվությունը, ընդ որում՝ հայտնի է առնվազն մեկ գաղտնալսված հեռախոսազանգի մասին, փոխանցում է Interfax.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Boeing-ի «սև արկղերը» տեղափոխվել են Մոսկվա’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’